Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 3-ը հուլիսի)

«ՀՀ Սահմանադրությունը, որի օրը նշելու ենք առաջիկա երկուշաբթի, դիմացավ ամբողջ ինը տարի: Ո՞ւմ մտքով նման բան կանցներ 1995 թվականին, երբ Սահմանադրությունն ընդունվում էր խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվող հանրաքվեի միջոցով: Դրան հաջորդող տարիներին, մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, հասարակությունն ապրում էր ընդդիմության կողմից անընդհատ ներարկվող այն գիտակցությամբ, որ Հայաստանի Սահմանադրությունը լեգիտիմ չէ», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Այնուհետեւ կատարվեց անսպասելին. ժողովուրդը սահմանադրական բարեփոխումներին ասաց «ոչ»: Շատ հավանական է, որ դա տեղի ունեցավ միայն այն պատճառով, որ երկրի Հիմնական օրենքի հանդեպ հասարակության հետաքրքրությունը վաղուց անդառնալիորեն մարել է... Ժողովուրդը Սահմանադրության գոյության ինը տարիների ընթացքում վերջնականապես համոզվեց, որ մեզ մոտ ոչ թե օրենքներն են վատը, այլ այն, որ այդ օրենքները չեն հարգվում եւ չեն կատարվում: Առաջին հերթին՝ իշխանական օղակների կողմից»: «Այնպես որ, Հայաստանի նման ոչ ժողովրդավարական երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պարզապես թզի տերեւի դեր է կատարելու», - համոզված է «Առավոտ»-ը:

Որեւէ երկրում Սահմանադրության եւ օրենքների ոտնահարմանը հետեւում են ծանր հետեւանքներ: «Հայկական ժամանակ» թերթի խտացմամբ, Հայաստանն «այսօր իսկ ճաշակում է այդ ծանր հետեւանքները թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ու քաղաքական ոլորտներում». - «Բայց երկրի իրավական հիմքերի քայքայման ամենածանր հետեւանքը, թերեւս, բարոյական քայքայումն է: Երբ հիսուն տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող երկրում որեւէ նախարար շրջում է 70, 90 100 հազար դոլարանոց մեքենայով, դա արդեն բարոյական քայքայման էական նշան է: Որովհետեւ», - փաստարկում է «Հայկական ժամանակ»-ը, - «բարոյական արգելակներդ փչացած պիտի լինեն, որպեսզի դու այդ մեքենան վարես մարդկանց միջով, որոնք իրենց տասը, քսան տարվա համախառն եկամտով չեն կարող նման մեքենա նույնիսկ երազել... Եվ ընդհանրապես, այն ապրելակերպը, որով ապրում են հայրենի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, ուղղակի հուսահատեցնում է. սաունաները, կազինոները, գիշերային ակումբները, ռեստորանները, թմրանյութերը, գինարբուքները մեր պետական պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից շատերի ամենօրյա «մենյուի» մեջ են մտնում (իսկը՝ միջնադարյան արքունիք): Իսկ այս ամենն ապահովելու համար, ինքներդ եք հասկանում, հարկավոր է փող, ավելի շատ փող, որքան հնարավոր է շա՛տ փող»:

Ծանոթանալով հարկային պետական ծառայության երեկ հրապարակած «սեւ ցուցակներին», ուր զետեղված են «2003 թվականի 1 միլիոն եւ ավելի (դրամ) հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողների» եւ «2003 թվականի ընթացքում 1 միլիոն դրամից ավելի ապառք ունեցող հարկ վճարողների» ցանկերը, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը խիստ տարակուսում է՝ դրանցում տեսնելով Հայաստանում հայտնի գրեթե բոլոր պսպղուն ու գովազդված խոշորագույն ընկերությունները: «Դատելով այդ ցանկերից, Հայաստանում շատերը բիզնես են սկսում կամ որեւէ գործ են ձեռնարկում զուտ բարեգործական նկրտումներով։ Հակառակ դեպքում՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ է դա բիզնես կոչվում, եթե մարդիկ շահութահարկի հաշվետվություններով ներկայացնում են շատ խոշոր, միջին մեծության կամ անգամ փոքր վնասներ, - ամրագրված է «Հայոց աշխարհ»-ում։

«Իմ համոզմունքն է, որ Սփյուռքը չպետք է խառնվի Հայաստանի ներքին գործերին», - «Առավոտ»-ի թղթակցին ասել է Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սեւդա Սեւանը։ Ամեն դեպքում, վերջին 5-6 տարվա փոփոխությունները, նրա հայացքով, հետեւյալն են. - «Երեւանը, իհարկե, շքեղացել է, բայց տներից շատերը դատարկվել են, գյուղերը նույնպես դատարկվել են, ժողովրդի մի մասը ահավոր աղքատացել է, ժողովրդի մի շատ փոքրիկ մասը սարսափելի տգեղ ձեւով հարստացել է։ Բայց երբ դրսի ֆոնի վրա ես տեսնում քո պետությունը, պետք է ասեմ, որ Հայաստանը բարձրանում է։ Իհարկե, երբ ապրում ենք այնտեղ՝ ուրիշ է, մեկ ամիս մնացի եւ տեսա թանկությունը եւ այլն, ահավոր է, դժվար է։ Բայց մյուս կողմից ես հիշում եմ խավարի օրերը, հիշում եմ ձորի շուկաները, երբ մոմ էին ծախում», - համադրում է Սեւդա Սեւանը։

Սեւծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանի գնահատականով՝ Էրդողանի կառավարության դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ եւ այն մթնոլորտը, որ ստեղծվել է այս կառավարության իշխանության գալով, ավելի բարենպաստ են Հայաստանի համար, քան նախկին կառավարություններինը: «Ազգ» թերթի հարցազրույցում նա մանրամասնում է. - «Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում անփոփոխ է: Այսինքն՝ նախ Թուրքիան ուզում է լուծել իր խնդիրները, հետո միայն հաստատել հարաբերություններ: Այդ տեսակետից Էրդողանի կառավարությունը նախորդներից չի տարբերվում: Տարբերությունն այն է, որ վարչապետի կուսակցությունն ավելի ամուր դիրքեր ունի Թուրքիայում, ավելի հեշտ կարող է որոշ խնդիրներ լուծել Ազգային ժողովում... Վերջին շրջանում Թուրքիան ավելի շատ հաշվի է առնում տարածաշրջանի կարեւորությունը, հատկապես Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա - նոր հարեւաններ» ծրագիրը: Այս իրողությունը Թուրքիային ստիպում է Հայաստանին վերաբերվել տարածաշրջանային կտրվածքով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG