Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով իրենց կազմակերպած «Նախագահի միջանկյալ ընտրությունների» հերթական արդյունքներին, «Հայկական ժամանակ» թերթն այսօր հատկապես նշում է. - «Որոշ շրջանակներ վերստին սկսել են լուրեր շրջանառել, թե իբր՝ մեր քվեարկության արդյունքները սարքված են, եւ որ այս ակցիայի նպատակը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ռեաբիլիտացիան է: Բայց եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ամենամեծ թվով ձայներ է ստացել, դա մենք պարտավոր ենք արձանագրել եւ ընդունել ի գիտություն, այնպես, ինչպես պարտավոր կլինեինք ֆիքսել այն իրավիճակը, երբ Տեր-Պետրոսյանը որեւէ ձայն չստանար»: «Որեւէ մեկի մտքով թող չանցնի, որ մենք կարող ենք հաշվարկների մեջ ինչ-որ մեքենայություններ թույլ տալ: Եթե նման բան լինի, նշանակում է մեր պնդումները ազատ ու արդար ընտրությունների եւ ժողովրդավարության կարեւորության մասին՝ ընդամենը ճոռոմ խոսքերն են: Իրականում, սակայն, մենք իրապես հավատում ենք այդ արժեքներին եւ երբեք ոտնձգություն չենք անի դրանց նկատմամբ, որովհետեւ համոզված ենք՝ բոլոր նրանք, ովքեր քամահրում են այդ արժեքները, հարված են հասցնում մեր պետության ողնաշարին եւ մեր երեխաների ապագային», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց աշխարհ» թերթի մատուցմամբ, երեկ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը Կինոյի տանը հանդես եկավ այնպիսի հայտարարություններով, որոնք ստիպում են լուրջ կասկածել, թե ընդդիմությունն ընդհանրապես ի վիճակի՞ է ներկայացնել սեփական դիրքորոշումները տարրական քաղաքական տրամաբանության շրջանակներում: «Գեղամյանը ցուցադրեց պարզապես անմարդկային երեսպաշտություն», - որակում է մեկնաբանը: «Հայաստանի Հանրապետություն» թերթում էլ կա այսպիսի համադրում. - «Ստրասբուրգից հեռախոսով հարցազրույց տալով, Գեղամյանը միանգամայն գոհացուցիչ էր համարել Ղարաբաղի մասով Ռոբերտ Քոչարյանի ելույթը: Շտապել էր: Որովհետեւ Երեւան թռչելով, նա պիտի պարզեր, որ այնքան էլ գոհ չէ այդ ելույթից: Երեկ նա նախագահի ելույթում «դաշտային հրամանատարի» կեցվածք երեւակայեց եւ խստորեն այն դատապարտեց»: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, երեկ Կինոյի տանը Արտաշես Գեղամյանի ծրագրային ելույթը առանձնապես չէր տարբերվում նրա նախկին բոլոր ելույթներից: Թերեւս, միակ տարբերությունն այն էր, որ այս էլ երկրորդ անգամ Արտաշես Գեղամյանը հանդես եկավ ոչ թե մեր դարավոր բարեկամ Ռուսաստանի, այլ Միացյալ Նահանգների ճատագով»:

Երեկ դատավորը մասնակիորեն բավարարելով «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, փաստորեն գործեց ե'ւ գայլերին կշտացնելու, ե'ւ ոչխարներին ողջ թողնելու սկզբունքով: «Կողմերը, անկախ դատարանի վճռից, շարունակում են պնդել իրենց մոտեցումները», - շրջանակվում է այսօր «Ազգ» թերթում: - «Սակայն դատարանի վճռի ամենախոցելի կողմը դրա անտրամաբանական լինելն է: Եթե Արամ Կարապետյանի մասին տարածած տեղեկությունները իսկապես չեն համապատասխանում իրականությանը, ապա դրանց համար Արտաշես Գեղամյանը կամ Ալեքսան Կարապետյանը պետք է հերքում տարածեին: Իսկ եթե հերքելու պահանջը անհիմն է եւ մերժվում է, ապա դա նշանակում է, որ հայցվորի մասին տարածած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Ինչեւէ: Միակ մխիթարական հանգամանքն այստեղ այն էր, որ քաղաքական երկու ուժերի հրահրած խեղկատակությունն, այսպես թե այնպես, ավարտվեց»:

«Հայկական ժամանակ» եւ «Հայոց աշխարհ» թերթերում էլ այս դատավճիռը որակված է «անտրամաբանական» եւ «ոչ համարժեք»:

«Հայոց աշխարհ» թերթում փորձ է արված «պարզել անցած կիսամյակում ծավալված ներքաղաքական սուր պայքարի երկու սուբյեկտներից յուրաքանչյուրի՝ ընդդիմության եւ իշխանության ձեռքբերումների եւ կորուստների հաշվեկշիռը՝ «որպեսզի կարողանանք ճշտել նաեւ երրորդ՝ ամենակարեւոր սուբյեկտի, պետության քաղաքական ձեռքբերումների ու կորուստների ճշգրիտ պատկերը»: Մասնավորապես գնահատված է. - «2004-ի առաջին կեսին, արմատական ընդդիմությունը խաղարկեց քաղաքական ինքնասպանության ինչ-որ առումով ուղղակի դասական սցենար, քանզի ոչ այնքան իշխանությունները կամ նրանց քարոզչամեքենան, ինչքան հենց ընդդիմությունն ինքը ժողովրդին ապացուցեց, որ արժանի չէ նրա վստահությանը: Այսօր կարելի է աներկբա պնդել, որ արմատականներն ուղղակի ոչնչացան որպես քաղաքական ուժեր եւ գործիչներ: Իշխանությունը եւս տուժեց անպտուղ, ժամանակավրեպ եւ անիմաստ դիմակայությունից: Երկրի առջեւ կանգնած խիստ կարեւոր ու հրատապ խնդիրներ մնացին չլուծված, որովհետեւ իշխանության ջանք ու եռանդի մի կարեւոր մասը ծախսվեց իր վրա տոտալ գրոհ կազմակերպած ընդդիմության հարվածներից պաշտպանվելու նպատակով», - պատկերում է մեկնաբանը եւ ընդհանրացնում. - «Երկիրը տուժեց երկակի՝ ե՛ւ որպես պետություն, ե՛ւ որպես հասարակություն»: Ի վերջո, «Հայոց աշխարհ»-ում նախանշվում է. - «Դատելով արմատական ընդդիմության կեցվածքից, կարելի է եզրակացնել, որ սրանք նման դասեր չեն քաղել: Աշնանը նորից հեծնելու են իրենց փայտե ձիերը եւ դուրս են գալու քաղաքական ասպարեզ: Եվ այստեղ է, որ իր վճռորոշ խոսքը պետք է ասի տուժածներից մեկը՝ հասարակությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG