Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է վերաբացել դիվանագիտական առաքելությունը Իրաքում


Հետպատերազմյան Իրաքում կառավարումը իրաքցիներին փոխանցելուց հետո Հայաստանի արտգործնախարարությունը, փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի խոսքերով, փորձում է հնարավորինս կարճ ժամկետներում վերաբացել Իրաքում Հայաստանի դեսպանությունը:

«Այստեղ մենք պետք է սպասենք, որ նոր իրաքյան իշխանությունները կայանան եւ մենք կարողանանք ներկայացնել մեր շահերը այնտեղ՝ ունենալով գործընկեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ռուբեն Շուգարյանը:

Փոխնախարարը ավելացրեց, որ արդեն պատրաստ է այն դիվանագետների կազմը, որ պետք է մեկնի Իրաքում աշխատելու: «Այս խնդիրը մոտ օրերս նորից քննարկվելու է: Հավանաբար, ինչ-որ որոշում կկայացվի», - ասաց նա: - «Մենք ունենք այնտեղ երկկողմանի շահեր, այդ թվում տնտեսական շահեր եւ պատրաստ ենք վերսկսել այնտեղ մեր դիվանագիտական գործունեությունը»:

Հայաստանի փոխարտգործնախարարը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների տան արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է հավասարակշռել 2005 թվականին Ադրբեջանին ու Հայաստանին հատկացվելիք ռազմական օգնության գումարները:

Թեեւ նախագահ Բուշի վարչակազմը առաջարկել էր Ադրբեջանին հատկացնել 8 միլիոն դոլար, իսկ Հայաստանին՝ ընդամենը 2 միլիոն, անցած հինգշաբթի Ներկայացուցիչների տան արտաքին օժանդակության ենթահանձնաժողովը որոշել է 2 երկրներին հատկացնել 5-ական միլիոն դոլար եււ եւս 750 հազարական դոլար՝ ռազմական ուսուցման համար:

Շուգարյանի խոսքերով, դա նաեւ հայկական լոբբիստական կազմակերպությունների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, արտգործնախարության, պաշտպանության նախարարության բացատրական աշխատանքի արդյունքն է:

«Ապագայում մենք պետք է մտածենք եւ ծրագրերի ընդլայնման մասին՝ եթե մենք ուզում ենք այդ պարիտետը շարունակել, որովհետեւ մեր ներկայացրածից էլ է կախված, թե ինչքան օգնություն կլինի», - ասաց փոխարտգործնախարարը:

Նա չհամաձայնեց ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների փաստարկին, թե Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը պետք է ավելի մեծ լինի, քանի որ այդ երկիրը մասնակցել է Իրաքում եւ Աֆղանստանում խաղաղության պահպանմանը, իսկ Հայաստանը ձեռնպահ է մնացել: Նման փաստարկ էր հնչեցրել անցած մարտին Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը:

«Նախ, ես ինձ թույլ կտամ պարոն Արմիթիջի արգումենտի հետ չհամաձայնել, որովհետեւ ինչքան էլ երկրները տարբերվեն իրենց վերաբերմունքի մեջ Իրաքի զարգացումների նկատմամբ, դա չի կարող լինել հիմնական արգումենտը, որովհետեւ խնդիրը վերաբերում է մեր տարածաշրջանին, որտեղ կա սառեցված կոնֆլիկտ: Եվ երբ խախտվում է պարիտետը՝ անկախ նրանից, թե ինչպես է խախտվում եւ ինչ պատճառով է խախտվում, ապա դա որոշակի վտանգներ է ստեղծում», - ասաց Շուգարյանը:

«Մեր զուսպ դիրքորոշումը, մեր հավասարակշված դիրքորոշումը նաեւ բխում է նրանից, որ մենք ունենք 30 հազարանոց համայնք, եւ ապագա Իրաքի համար այդ համայնքը մեծ նշանակություն ունի», - ասաց Ռուբեն Շուգարյանը: - «Մենք չենք կարող այնպիսի քայլեր անել, որ կարող են ինչ-որ հետեւանքներ ունենալ ոչ միայն մեր քաղաքացիների, այլեւ հայազգի այլ քաղաքացիների համար, որոնք ապրում են տարբեր երկրներում: Ե'վ Պետքարտուղարությունում, ե'ւ Սպիտակ տանը հասկացել են այս մոտեցումը»:

Նրա խոսքերով, Ադրբեջանի համար Իրաքում մասնակցություն ունենալը վարչական որոշում է, մինչդեռ Հայաստանի պարագայում յուրաքանչյուր քայլի ընդունումը քաղաքական որոշում է: Քաղաքական է նաեւ մասնակցության ձեւի ընտրությունը:

Հայաստանը ներկայումս պատրաստվում է Իրաք գործուղել խաղաղախահ ուժերի տրանսպորտային մեկ դասակ՝ դա մոտ 30 ավտոմեքենա է, սակրավորներ եւ բժիշկներ: Սա, ըստ Շուգարյանի, արդեն վտանգ չի ներկայացնում տեղի հայ համայնքի համար, քանի որ Հայաստանը մասնակցելու է «հետկոնֆլիկտային ժամակաշրջանի Իրաքի վերականգմանը»:

Նա նշեց, որ այս հարցում Հայաստանի վրա ճնշումներ չեն եղել եւ ընդունված որոշումը «համապատասխանում է Հայաստանի շահերին»:

«Մենք գոհ ենք եւ ամերիկացիները գոհ են մեր մասնակցության եւ մեր համագործակցության չափից», - ասաց Շուգարյանը: - «Այդ չափից ավելի մենք անել չենք կարող, որովհետեւ մենք ունենք պրոբլեմներ, մենք ունենք համայնք այնտեղ»:

Նրա խոսքերով, սա երկրորդ դեպքն է, երբ պետությունը լրջորեն զբաղվում է իր տարածքից դուրս հայության խնդիրներով՝ Երուսաղեմի բաժանարար պատի խնդիրը եւ Իրաքի հայության խնդիրը:

«Սա նոր երեւույթ մեր դիվանագիտության համար, եւ ես կարծում եմ, որ այդ փորձը շատ կարեւոր է», - ասաց Ռուբեն Շուգարյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG