Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կհանգեցնե՞ն արդյոք համաեվրոպական թատերաբեմում արձանագրվող նոր զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» հարցի շրջանակում «Հայոց աշխարհ» թերթի տեսաբանն այսօր նախանշում է. - «Առաջիկա 3-4 ամիսների ընթացքում անխուսափելի է դառնալու «թուրքական թեմայով» բանավեճերի ծավալումը Եվրամիության ներսում: Նման պայմաններում խիստ կարեւոր նշանակություն է ձեռք բերում «հայկական թեմատիկայի» ներառումը նման բանավեճերի մեջ եւ այդ ճանապարհով Թուրքիայի վրա ճնշման հետագա ուժեղացումը, մանավանդ Հայաստանի սահմանների ապաշրջափակման հարցի հետ կապված»: Մեկնաբանի համոզմամբ, նախագահ Քոչարյանի ստրասբուրգյան ելույթը «բարենպաստ ֆոն է ստեղծել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի քննարկումներում «հայկական փաթեթի» ներառման համար»: «Հայոց աշխարհ»-ում ամփոփված է. - «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության սկզբունքային հակառակորդների միջոցով կարելի է կտրուկ ուժեղացնել ճնշումը այդ երկրի վրա՝ առաջ քաշելով ոչ միայն սահմանների բացման, այլեւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրները: Առաջիկա ամիսների ընթացքում Թուրքիան պետք է դրվի հստակ երկընտրանքի՝ կամ կամի առջեւ»:

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը վաղը հանդես է գալու մեկուկես ժամանոց ելույթով, որի թեման է՝ «Ստրասբուրգյան նստաշրջանը եւ Հայաստանին նետված նոր մարտահրավերները»: Նա պատրաստվում է հանրությանը մեկ առ մեկ կներկայացնել բոլոր այն մարտահրավերները, որոնց առաջ, Քոչարյանի ստրասբուրգյան ելույթից հետո, կանգնելու է մեր երկիրը: Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի երեկվա բնորոշումներին էլ անդրադառնալով էլ, թե ԵԽ ԽՎ-ում Արտաշես Գեղամյանի ու Շավարշ Քոչարյանի պահվածքն է եղել ծայրահեղ անհարգալից, Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Եթե մենք Հայաստանում չենք մասնակցում ոչ լեգիտիմ նախագահի երդման արարողությանը եւ որեւէ միջոցառման, որը կապված է նրա անձի հետ, ինչո՞ւ պետք է այլ երկրում նրա ելույթին ներկա գտնվեինք: Lեգիտիմությունն աշխարհագրական դիրքից չի փոփոխվում»:

«Իրավունք» թերթի մեկնաբանը հայաստանյան ընթացքից այսօր առանձնացրել է. - «Իշխանական բուրգի ներսում կարծես աշխուժանում են ստվերային ինտրիգները, որոնք հիմնականում պտտվում են Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի խնդրի շուրջ, եւ իշխանության միջանցքներում այժմ ավելի ու ավելի հաճախ է հնչում ենթադրությունը, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ: Կառավարությունում այդպիսի փոփոխությունը, իհարկե, Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն կտա ղարաբաղյան հարցում միջազգային ճնշման ուժգնացման պարագայում աչքի առաջ ունենալ անվտանգ հեռանալու եւ իշխանությունը հուսալի մարդու ժառանգելու տարբերակը: Բայց դժվար թե «Օրինաց երկիր»-ը եւ հատկապես Դաշնակցությունը հեշտ ու հանգիստ հաշտվեն նման հեռանկարի հետ», - նշում է մեկնաբանը: - «Այդպիսի պայմաններում անգամ բավականին հավանական է, որ կստեղծվի առիթ, որպեսզի ամբողջ կոալիցիան համախմբվի Արդրանիկ Մարգարյանի շուրջ՝ ժամանակավորապես մի կողմ դնելով ներքին հակասություններն ու փոխադարձաբար իրար հաշվին սեփական խնդիրները առաջ տանելու գործընթացը»: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա մեկնաբանի հայացքով, հանրահավաքային ակտիվության «հեռանկար» չի երեւում, ու, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ հիմնականում կսահմանափակվի Եվրախորհրդի թեմային նվիրված մի շարք քննարկումներով: «Իրավունք»-ի խտացմամբ, մինչ աշուն «տարբեր ներիշխանական, ինչպես նաեւ արտաքին քաղաքական ստվերային միջամտությունների պատճառով շատ հնարավոր է, որ լինի իշխանության լիովին նոր կոնֆիգուրացիա, հետեւաբար դա կպարտադրի նաեւ, որ ընդդիմությունը փոխի իր մարտավարությունը»:

«Մոտ մեկ տարի է՝ Կենսաթոշակային եւ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում ստուգումներ են ընթանում: Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները հիմնադրամի գործունեության մեջ աղաղակող խախտումներ են հայտնաբերել», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Նախագահականում միջանկյալ խորհրդակցության ժամանակ բարձրացրել են Կենսաթոշակային եւ սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանի պաշտոնանկության հարցը: Վերջին տարիներին առաջին անգամ սկսել են ուշացնել կենսաթոշակի վճարումները: Մայիսի կենսաթոշակը դեռեւս վճարված չէ: Հունիսն արդեն ավարտվում է եւ ոչ մի հույս չկա, որ հիմնադրամի աշխատակիցները ժամկետի մեջ կտեղավորվեն: Այնպես որ, դժգոհությունների ալիք է սպասվում», - ֆոնավորվում է «Առավոտ»-ում: Այստեղ նաեւ ակնարկվում է. - «Նախագահականի վերահսկողականը մի բացասական սովորություն է ձեռք բերել. իր վերահսկած գերատեսչություններում ստուգումներն ավարտել՝ գերատեսչության ղեկավարին վերահսկողական ծառայության աշխատակցով փոխարինելով, այդպես պատահեց Քաղավիացիայի վարչության պարագայում, այդպես կարող է լինել եւ այս հիմնադրամի պարագայում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG