Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի շեշտադրմամբ, Ռոբերտ Քոչարյանի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթով Հայաստանի արտաքին քաղաքականությունը կատարեց այն շրջադարձը, ինչը Ղարաբաղյան բանակցային գործընթացի անցած շուրջ 10 տարիների ընթացքում ակնկալում էր հասարակությունը. - «Դա Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը իրավական հարթություն տեղափոխելն էր»: «Քննության ենթարկելով ԼՂՀ անկախության իրավական հիմքերը եւ արձանագրելով դրանց անթերի լինելու փաստը, Եվրոպան կարող է մեկ հարվածով լուծել բոլոր հարցերը եւ մտնել մեր տարածաշրջան», - համոզված է մեկնաբանը: - «Եվրոպան կարող է օգտագործել իր ոչ թե թվացյալ, այլ իրական հզոր զենքը՝ հսկայական միջազգային-քաղաքական հեղինակությունը եւ մեկ հարվածով՝ ԼՂՀ անկախության ճանաչումով, կտրել Ղարաբաղյան հանգույցը ու ապահովել կայուն խաղաղությունը ողջ տարածաշրջանում»:

«Այբ-Ֆե» թերթն այսօր կրկին մատնանշում է. - «Իշխանությունները պետք է ըմբռնեն ի վերջո, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, որ այսօրվա աշխարհում ազգային խնդիրների լուծմանը կարելի հասնել միայն ժողովրդավարական պետության առկայության պայմաններում, լեգիտիմ իշխանություններին ջանքերով»: «Ընդհանրապես, գործելաոճը վերանայելու անհրաժեշտություն ունեն քաղաքական դաշտի զույգ բեւեռն էլ», - ամրագրում է «Այբ-Ֆե»-ն: - «Ընդդիմությունը վերջնակապես պետք է գիտակցի, որ հարցերը հարկավոր է լուծել ներսի ռեսուրսով: Քոչարյանն ապացուցեց, որ եթե «դրսի» հետ պայմանավորվելով հարցերը լուծվեն, ինքը ֆավորիտ է: Ի՞նչ է խոստանալու «դրսին» ընդդիմությունը: Իսկ Քոչարյանն ավելի շատ տալու բան ունի, ընդ որում նա զիջումներ կարող է անել հենց այսօր, այս ակնթարթին՝ ցպահանջ բավարարելով այլոց պահանջները», - համեմատում է «Այբ-Ֆե»-ն:

«Եթե նույնիսկ մի կողմ թողնենք հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը լավ օգտագործեց ընդդիմության հայրենասիրական մղումները սեփական աթոռն ամրացնելու ուղղությամբ, այս պահին Ստրասբուրգում խնդիրներ չունենալը դեռեւս չի նշանակում, որ խնդիրներ չեն ծագի հետագայում», - ուրվագծում է «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Չէ՞ որ մի քանի ամիս անց, առավել եւս տարեվերջին, արդեն անհնար կլինի իրական պարտավորությունները կատարելու փոխարեն Ստրասբուրգում ներկայացնել հերթական խոստումները... Սրան հավելվում է նաեւ այն, որ շեշտակի աճել են ներիշխանական հակասությունները, որոնք պայմանավորված են անձնական ու խմբակային հակադիր շահերով: Ու բնականաբար, որեւէ իրական բարեփոխում կատարելու ցանկացած փորձի պահին այդ հակասությունները էլ ավելի են սրվելու, ինչը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ամենեւին էլ այնքան ուժեց չէ, ինչպես ներկայացվում է»: «Եթե նախագահին հակադրվեր բավականաչափ ուժեղ ընդդիմություն, ապա իշխանափոխության հարցը լուծվելու մեծ հնարավորություն կունենար: Սակայն դա չի նշանակում, որ առաջիկայում էլ իշխանությունը ուժեղ ընդդիմություն չի ունենալու», - եզրափակվում է «Իրավունք»-ում:

«Հայտարարելով, որ «Ա1+»-ի հարցը պետք է հանվի ԵԽ ԽՎ օրակարգից, եթե պարզվի, որ հայաստանյան ընդդիմադիրները զրկված չեն եթերից, նախագահ Քոչարյանը արդեն չի թաքցնում, որ այն եթերից զրկվել էր քաղաքական նկատառումներով», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Այո’, այսօր արդեն կարելի է հատ-հատ հաշվել, թե ո'ր հեռուստաընկերությամբ ո'ր ընդդիմադիրը քանի անգամ եւ քանի րոպե է ելույթ ունեցել: Հիմա, ընտրություններից հետո, ընդդիմության ներկայացուցիչներին կարելի է տեսնել տարբեր հեռուստաընկերություններով, այդ թվում եւ՝ Հանրայինով: Իշխանություններն այսօր գրաքննության առանձնահատուկ պահանջ չունեն: Սակայն դա չի նշանակում, որ «Ա1+»-ի հարցը մեխանիկորեն պետք է հանվի Եխ ԽՎ օրակարգից: Այսօր այդ խնդիրն առավել քան արդիական է»:

Մեկնաբանելով իրենց առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Ակնհայտ է, որ սրանով մեր հեռուստաեթերում պաշտոնապես սկսվում է նոր փուլ, որը կարող ենք պայմանականորեն կոչել ընդդիմությանը հասանելի լինելու փուլ: Հրահանգն արդեն տրվեց, եւ բոլորն էլ հասկացան: Այդ հրմշտոցը լինելու է հետեւյալ կերպ. ձեւի համար օրական մի քանի ընդդիմադիր են եթեր հրավիրելու: Թե հետո նրանց «կփչացնեն», «կֆռռացնեն», որ լուրջ հարցերի շուրջ քննարկումներ չլինեն, դա արդեն «իմիտատորների» շնորհքից է կախված: Բայց ես այդ առումով մի քիչ հանգիստ եմ, որովհետեւ գիտեմ, որ նրանք բոլորն էլ ապաշնորհ են»:

«Հայաստանի քաղաքական համակարգի առջեւ ծառացած ներկա կարեւորագույն խնդիրներից մեկը հասարակության վերախմբավորումն է», - առանձնացնում է «Երկիր» թերթի խմբագրականը: - «Այսօր Հայաստանում սոցիալական գրեթե բոլոր անապահով խավերի միակ շահն եւ նպատակը գոյատեւման խնդրի լուծումն է: Այդքանով էլ մեր հասարակությունն ամբոխացված է: Ավելին, այդքանով եւ այդ պատճառով էլ հասարակությունը չունի տարբերակված սոցիալ-գաղափարական ու քաղաքական կողմնորոշումներ»: Այս առումով Դաշնակցության պաշտոնաթերթը ակնարկում է. - «Քաղաքական համակարգը եւ նրա միջուկը կազմող իշխանությունը պարտավոր են նախ՝ ճշգրտել ու համաձայնեցնել ազգային ու պետական համակարգերի հիմնարար շահերը, երկրորդ՝ շահերի համաձայնեցման ու բալանսավորման միջոցով ինտեգրել սոցիալ-տնտեսական տարբեր շահեր ունեցող խավերին, եւ երրորդ՝ հրաժարվել սեփական սոցիալ-տնտեսական շահից ու չեզոք դիրք գրավել հասարակության ներսում ընթացող տնտեսական գործընթացների հանդեպ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG