Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները տագնապ են հնչեցնում ընդդեմ դատաիրավական համակարգի գործելաոճի


Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ եւ հայտնի հասարակական գործիչներ հինգշաբթի օրը տարածել են հայտարարություն, որով կոչ են անում արդարադատության համակարգի աշխատակիցներին վերջ տալ «կեղծ մեղադրանքների ու վկայությունների հիման վրա տեղի ունեցող ձերբակալություններին եւ դատավարություներին»:

«Մենք վստահ ենք, որ դուք գիտեք իսկական արդարադատության արժեքը, մենք վստահ ենք , որ դուք գիտեք, թե ինչ ասել է արդար դատավարություն, մենք հավատում ենք, որ դուք կլսեք մեր ձայնը», - համակարգի աշխատակիցներին են դիմում հայտարարության հեղինակները՝ նշելով, որ արդարադատության համակարգը վերածվում է «մեր հայրենակիցների ճակատագիրը կործանող մեքենայի»:

Բերելով թմրանյութեր պահելու մեղադրանով 1,5 տարվա ազատազրկման ենթարկված Լավրենտի Կիրակոսյանի եւ ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար նույնպես 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանի օրինակները՝ հայտարարության հեղինակները նշում են, որ արդարադատության համակարգի աշխատողները ի զորու են կանխել, որ նման դատավարությունների ցանկը չշարունակի մեծանալ:

Հայտարարությունը ստորագրել է նաեւ Կառավարությանն առընթեր Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Ես համաձայն եմ, որ երբեմն մարդիկ ձերբակալվում են եւ նրանց նկատմամբ մեղադրանք է հարուցվում ոչ միայն կեղծ, այլեւ ոչ այնքան հիմնավորված պատճառներով: Բայց նաեւ կեղծ պատճառներով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խառատյանը:

Նա, մասնավորապես, անհասկանալի եւ անիմաստ է համարում Էդգար Առաքելյանի նկատմամբ դատավարությունը: Նա հակված է կարծելու, որ կեղծիքներն են թույլ տրվել նաեւ Լավրենտի Կիրակոսյանի դատավարության ժամանակ:

Հրանուշ Խառատյանի խոսքերով, այսօր շատ հաճախ դատարանը ոչ թե իրական տուժողին է պաշտպանում, այլ՝ տուժողին հետապնդողներին, քանի որ «դատավորները կամ պատվեր են կատարաում, կամ մասնավոր շահ են հետապնդում»:

«Մենք մի քանի դատավարության ենք ներկա եղել վերջերս», - «Ազատություն ռադիոկայանին ասաց «Հույս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հակոբյանը: - «Այդ ձեւով ֆարս դարձնել դատական համակարգը եւ միաժամանակ խոսել պետականություն կառուցելուց՝ նշանակում է այդ պետականությունը երբեւիցե չունենալ»:

Հայտարարության հեղինակները արդարադատության համակարգի աշխատողներին կոչ են անում չկատարել վերեւից իջեցված հրահանգները:

«[Դատավորները] պետք է դեմ գնան այդ պետական մեքենային եւ մարդկային ու համարժեք որոշումներ ընդունեն: Կա հրահանգը, բայց իրենք դեմ գնան այդ հրահանգին», - ասաց «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպություն ղեկավար Իզաբելա Սարգսյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի նախագահ Նատալյա Մարտիրոսյանի համոզմամբ, բացի այն, որ դատավորները շատ հաճախ հրահանգ են կատարում, նաեւ ոչ օբյեկտիվ որոշումներ են կայացնում՝ իշխանություններին դուր գալու համար:

«Ընդհանուր մթնոլորտը այնպիսին է, որ պաշտոնյան ուզում է կատարել մի որեւէ քայլ, որը դուր կգա ավելի բարձ դիրքում գտնվող անձանց, ղեկավարներին», - ասաց նա: - «Սա շատ ավելի վտանգավոր է, քան ուղիղ պատվերը, քանի որ ուղիղ պատվերը կարելի է մերժել եւ չկատարել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG