Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ճարտասանության ձեռնածություններ» վերնագրի տակ է «Առավոտ» թերթի մեկնաբանը անդրադարձել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռոբերտ Քոչարյանի երեկվա ելույթին: Արտաշես Գեղամյանն էլ, ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը, «ցավ է ապրում, որ միտումնավոր կերպով Քոչարյանը որոշ հարցերի պատասխան տալով՝ փաստերը խեղաթյուրեց»: Միաժամանակ նա նշում է. - «Թե՛ ես, թե՛ Շավարշ Քոչարյանը միտումնավոր ակտիվություն չենք դրսեւորել, գիտակցելով, որ քննարկման առանցքը լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Մեր ակտիվությունը կթուլացներ Քոչարյանի պատասխանները՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ»: «Ի՞նչ պրոցեսների է պետք սպասել Հայաստանում Քոչարյանի ելույթի, հարցուպատասխանի արդյունքում» հարցին Արտաշես Գեղամյանը պատասխանել է. - «Տպավորությունս այն էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների իմաստով եվրակառույցների համար կարեւոր են, ավաղ, ոչ այնքան ժողովրդավարական զարգացումները, այս կամ այն երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մակարդակը, որքան Հարավային Կովկասում կայուն խաղաղության ստեղծումը, այն է` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը»: «Հայկական ժամանակ»-ում այսօր բխեցված է, որ փաստորեն, ճիշտ են դուրս գալիս բոլոր նրանք, ովքեր կարծում էին, որ «Առավոտ TV»-ի ստեղծումն ընդամենը նպատակ ունի օրակարգից հանել «Ա1+»-ի վերաբացման անհրաժեշտությունը: «Ա1+»-ին առնչվող՝ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունները «ըստ էության բացատրում են լրատվական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած գործընթացների իմաստը, հասկանալի են դարձնում, թե ինչու քաղաքական ու հասարակական շատ գործիչներ «Կենտրոն TV»-ի վերակերպումը «Առավոտ TV»-ի՝ բնորոշեցին որպես խոսքի ազատության իմիտացիա ձեւավորելու փորձ»:

«Թուրքը մնում է թուրք» վերնագրի տակ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը արձանագրում է. - «Վերջին շրջանում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ու Եվրախորհրդի կողմից իրար հետեւից ասպարեզ նետվող հայ-ադրբեջանական շուտափույթ հաշտությանն ուղղված նախաձեռնությունները, առաջարկներն ու հորդորները ամեն անգամ բախվում են ադրբեջանական կողմի հերթական բարբարոսական քայլին՝ կատարյալ զավեշտի վերածելով խաղաղության, հաշտության ու հանդուրժողականության մասին Արեւմուտքից հնչող կոչերը: Արդի Եվրոպան ողջ աշխարհը պատկերացնում է սոսկ որպես միեւնույն քաղաքակրթությանը պատկանող եւ նույն արժեհամակարգն ունեցող զարգացած ու հետամնաց ժողովուրդների մի ամբողջություն... Եվրոպական կառույցներում մտածում են, որ բավական է, որ մենք էլ զարգանանք, որպեսզի ֆրանսիացիների ու գերմանացիների նման Շուշին վերածենք Հարավային Կովկասի Ստրասբուրգի»: Մեկնաբանը, սակայն, զուգադրում է. - «Եթե Եվրախորհրդի պաշտոնյաները ցանկանում են հայերի հետ քաղաքակրթական առումով անհամատեղելի ադրբեջանցիներին զոռով խցկել Շուշի՝ այն հռչակելով «խաղաղության ու համերաշխության» քաղաք, ապա թող նայեն ամեն օր պայթյունների փոշու մեջ ծածկվող Երուսաղեմին ու պատկերացնեն ե՛ւ մեր, ե՛ւ տարածաշրջանը իր թեւի տակ վերցնող Եվրամիության տխուր ապագան»:

Փոշու տակ ծածկվող Երեւանի վիճակն էլ շարունակում է անհանգստացնել մամուլին: «Առավոտ»-ը այսօրվա խմբագրականում մատնանշում է. - «Թեեւ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է հետաքննող լրագրողներին տրամադրել վերջին տարիներին կառուցված որոշ կառույցների օրինականության մասին վկայող փաստաթղթեր, սակայն սիրով տեսական դատողություններ է անում, որ ըստ օրենքի՝ կանաչ տարածքներում կանաչը պետք է ավելի շատ լինի, քան սրճարանները, եւ որ երեւանյան բենզալցակայանների մեծ մասն ապօրինի է»: «Ինչքան էլ քաղաքային իշխանությունները բոցավառ ելույթներ ունենան ապօրինի շինարարության դեմ պայքարի մասին, իրականում նրանք իրենց բարի մղումը կյանքի կոչելու ո՛չ կարողություն, ո՛չ էլ, առավել եւս, ցանկություն ունեն», - ամրագրում է «Առավոտ»-ը: - «Թեկուզ այն պատճառով, որ թե՛ այդ սրճարանները, թե՛ բենզալցակայանները ունեն կոնկրետ տերեր, որոնց կամքը քաղաքապետարանի համար վեր է ամեն կարգի օրենքներից»:

Մոտ մեկ տարի է, ինչ Երեւանի քաղաքապետ է նշանակվել Երվանդ Զախարյանը, եւ, «Ազգ» թերթի մեկնաբանի ամփոփմամբ էլ՝ ժամանակը ցույց տվեց, որ «չնայած իր եւ քաղաքապետարանի մյուս պաշտոնյաների բազում խոստումներին, Երեւանի խնդիրներից որեւէ մեկը չլուծվեց»: Բազմաթիվ օրինակների վկայակոչմամբ «Ազգ»-ում եւս եզրափակված է. - «Նման քաղաքապետի կարիք մայրաքաղաքը չունի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG