Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը ԵԽԽՎ-ի ամբիոնից պաշտպանում է ընդդիմության դեմ կիրառված կոշտ միջոցները


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում չորեքշաբթի օրը ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանեց իր պաշտոնանկությանը հետամուտ ընդդիմության բողոքի գործողություններին հայաստանյան իշխանությունների կոշտ արձագանքը՝ ընդդիմադիրների ցույցերը որակելով «քաղաքական ծայրահեղականություն»:

Հայաստնի նախագահը նաեւ իր դժգոհությունը արտահայտեց ԵԽԽՎ-ի կողմից անցած ապրիլին ներհայաստանյան իրավիճակը քննարկելու կապակցությամբ:

«Ես ցավում եմ, որ մեր որոշ պատգամավորներ ԵԽԽՎ-ն ներքաշել են այդ դիսկուսիայի մեջ։ Համոզված եմ, որ Եվրոպայի խորհրդի ամբիոնն ամենահարմար տեղը չէ իշխանությունների եւ ընդդիմության հարաբերությունները պարզելու համար։ Այդ ամենը պետք է արվի սեփական խորհրդարանի ամբիոնից, այսինքն՝ Հայաստանի քաղաքական գլխավոր խոհանոցում», - ասաց նա։

Հայաստանի նախագահը ընդդիմության պայքարը կրկին բնութագրեց որպես վրացական «վարդերի հեղափոխությունը» հայաստանյան իրականությունում պատճենելու փորձ՝ ավելացնելով. - «Ընդդիմությունը հաշվի չէր առել այն փաստը, որ Հայաստանի տնտեսությունը, ի տարբերություն վրացականի, դինամիկ զարգանում է, կառավարությունը բավականին արդյունավետ է, եւ ժողովրդավարական ձեռքբերումներն ամրապնդված են ինստիտուցիոնալ կառուցվածքներով, ներառյալ ոստիկանությունը, որն ի վիճակի է պահպանել հասարակական կարգը»։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 28-ի բանաձեւում ասված է, որ Հայաստանի իշխանությունների արձագանքը ընդդիմության բողոքի ցույցերին «հակադրվում է» վեհաժողովի նախկին հանձնարարականների «տառին եւ ոգուն»: Վեհաժողովը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել, եթե իշխանությունները չապահովեն քաղաքացիների հավաքներ ու ժողովներ անցկացնելու իրավունքը, չազատեն ընդդիմության ցույցերին մասնակցելու համար բոլոր կալանվածներին:

Իր ելույթում նախագահ Քոչարյանը այսօր կալանքների մասին չխոսեց: Նա, սակայն, անդրադարձավ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ իրավապահների պահվածքին՝ ասելով. - «Գործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին անհնազանդության կոչ էին անում։ Ոստիկանությանն այլընտրանք չէր մնում. կարգուկանոնը վերականգնվեց արագ, առանց գործողության մասնակիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու»։

Հայաստանի նախագահը նշեց, որ ընդդիմությունը մերժում է իշխանամետ քաղաքական ուժերի հետ երկխոսելու առաջարկները:

«Մենք ընդդիմությանն առաջարկել ենք համագործակցել ամենակարեւոր հարցերի շուրջ՝ սահմանադրական բարեփոխումներ եւ Ընտրական օրենսգիրք։ Այդ առաջարկություններն մնում են ուժի մեջ, բայց դրանք պետք է քննարկել խորհրդարանում, այլ ոչ թե՝ փողոցում», - ասաց Քոչարյանը։

«Հայաստանն արդեն կատարել է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ ստանձնած պարտավորությունների ճնշող մեծամասնությունը։ Մնացած մասի վերաբերյալ կազմված է գործողությունների համաձայնեցված պլան, որի իրականացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը», - անդրադառնալով Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Ամրապնդվում է նվիրվածությունը ազատության եւ ժողովրդավարության արժեքներին, տեղի է ունենում քաղաքացիական հասարակության ձեւավորման ակտիվ գործընթաց»:

Մոտ 20 րոպե տեւած ելույթից հետո Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց վեհաժողովի պատգամավորների հարցերին: Ընդդիմադիր հայ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը եւ Շավարշ Քոչարյանը ներկա չէին ո'չ ելույթի, ո'չ էլ հարցուպատասխանի ժամանակ: Փոխարենը շատ ակտիվ էին Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Ադրբեջանցիներից մեկը, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին ուղղակիորեն հարցրեց, թե արդյո՞ք նա անձամբ մասնակցել է պատերազմական գործողությունների ընդդեմ Ադրբեջանի:

«Այո, ես մասնակցել եմ պատերազմական գործողություններին: Իմ զավակները ապրել են նկուղներում: Նրանք չեն ունեցել մանկություն», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով. - «Ես հպարտ եմ, որ մասնակցել եմ պատերազմական գործողություններին: Հպարտ եմ նաեւ այն արդյունքով, որ մենք ունեցել ենք այդ պատերազմական գործողությունների հետեւանքով»:

Ի պատասխան արդբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի հարցին, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե Հայաստանը վերադարձներ գրավյալ 7 շրջանները, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ այդ տարածքների մի մասի խնդիրը վաղուց լուծված կլիներ, եթե Ադրբեջանը հարգեր 2001 թվականի քիուեսթյան պայմանավորվածությունները կամ 1998-ին չմերժեր «ընդհանուր պետության» գաղափարը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG