Մատչելիության հղումներ

Օսկանյանը դրական է գնահատում Մամեդյարովի հետ հանդիպումը


Երկուշաբթի օրը Չեխիայի մայրաքաղաքում տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Բանակցությունները փակ էին մամուլի համար եւ դրանց ավարտից հետո էլ որեւէ հայտարարություն չհրապարակվեց:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում, բնութագրելով ավարտված բանակցությունները, ասաց. - «Պրոցեսը ուղղակի շարունակվում է: Ընդհանուր ուղղվածությունը ես դրական եմ գնահատում՝ օգտակար է այդ պրոցեսը եւ շարունակելու ենք»:

Տեղեկացնելով, որ որեւէ հստակ համաձայնության կողմերը չեն հանգել՝ նախարարը ասաց, որ որեւէ պատճառ չկա նման բանակցությունները անիմաստ համարելու եւ դադարեցնելու համար. - «Կարծում եմ, որ պոտենցիալ կա այս երկխոսության մեջ եւ [այն] պետք է անպայման շարունակել»:

Անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել էր, թե հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փուլային եւ փաթեթային տարբերակներից ընտրեն երկու կողմերի համար ընդունելի տարրեր եւ դրանք միավորեն մի երրորդ տարբերակի մեջ: Հայաստանի արտգործնախարարը այսօր չբացառեց նման հնարավորությունը, բայց, ըստ Օսկանյանի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է լինի ցանկացած տարբերակի առանցքը:

«Մեր բանակցությունների ընթացքը եւ բնույթը այնպիսին է, որ ի վերջո երկու տարբեր դիրքրոշումների մի սինթեզի պետք է գնալ», - ասաց նա: - «Մի այնպիսի սինթեզ, որ մեզ համար սկզբունքային առումով չպետք է խիստ տարբերվի մեր հիմնական մոտեցումից՝ հիմնական շեշտը եւ կենտրոնացումը պետք է լինի Ղարաբաղի կարգավիճակի վրա, եւ բոլոր մյուս խնդիրները միայն այդ կարգավիճակի շրջանակներում պետք է լուծվեն: Եթե այս սկզբունքը պահպանելով՝ հնարավոր լինի մի սինթեզ գտնել, դա, իհարկե, դրական տեղաշարժ կարելի է համարել պրոցեսում»:

Արտգործնախարարը հերքեց վերջին շրջանում ադրբեջանական եւ հայկական լրատվամիջոցներում վերլուծաբանների առաջ քաշած ենթադրությունները, թե Մինսկի խումբ ամերիկացի նոր համանախագահ Սթիվեն Մաննի մուտքով եռանախագահները ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ առաջարկելով տարածքներ վերադարձնել Ադրբեջանին, ինչի դիմաց վերջինս կբացի երկաթուղային հաղորդակցությունը:

«Մեր բանակցությունների ընթացքում առնվազն այդպիսի դրսեւորումներ չկան», - ասաց Օսկանյանը: - «Չկա կոնկրետ առաջարկություն, կան ընդհանուր քննարկումներ: Եվ որեւէ պարտադրանք որեւէ կողմի վրա այս պահի դրությամբ չկա»:

Հունիսի 28-29-ին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որին մասնակցելու են Արեւմուտքի ղեկավարները՝ այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը, Հայաստանի նախագահ Քոչարյանը չի մասնակցելու: Օսկանյանի խոսքերով, նման որոշումը «դեմարշ» չէ ՆԱՏՕ-ի նկատմամբ:

«Նախագահը մասնակցել է ՆԱՏՕ-ի երկու գագաթնաժողովներին Վաշինգտոնում եւ Պրահայում: Ստամբուլի հանգամանքն է պատճառը, որ նախագահը որոշեց չգնալ՝ ելնելով նրանից, որ այս տարիների ընթացքում, հակառակ մեր բոլոր ջանքերի, Թուրքիայի հետ մեր երկկողմ հարաբերությունները որեւէ դրական տեղաշարժ չեն արձանագրել»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG