Մատչելիության հղումներ

Հեյկի Տալվիտիե. «Հիասթափված ենք, քանի որ Հայաստանը չարդարացրեց սպասումները»


«Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած ընտրությունները ինչ-որ չափով բացասական զարգացումներ էին, որովհետեւ մենք շատ ավելին էինք սպասում, հատկապես Հայաստանից», - երեքշաբթի օրը ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն:

Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Տալվիտիեն խոստովանել է. - «Մենք մի փոքր հիասթափված ենք Հայաստանից, որը չարդարացրեց մեր սպասումները»:

Շեշտելով, որ Ադրբեջանի դեպքում էլ իրավիճակը նույնն է՝ Հեյկի Տալվիտիեն ասել է. - «Բայց հիմա մենք աշխատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ձգտելով բարելավել նրանց սահմանադրությունները, ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարացման գործընթացը»:

Միաժամանակ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հասկացրել է, որ Վրաստանն է այժմ դարձել Հարավային Կովկասի առաջատարը: «Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանը առաջնահերթություն է դարձել շատ երկրների համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Եվրամիության: Սա խթանել է մեր հարաբերությունները Վրաստանի հետ», - ասել է Հեյկի Տալվիտիեն:

Ըստ Եվրամիության մեկ այլ պաշտոնյայի, Հայաստանը եւ Ադրբեջանը հետ են մնացել հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Այդ պաշտոնյան այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է. - «Եվրամիությունը ցանկանում է օգնել երկու երկրներին, բայց մենք չենք կարող շատ բան անել այնտեղ, որտեղ միմյանց դեմ կանգնած են երկու բանակ»:

Միեւնույն ժամանակ Հեյկի Տալվիտիեն այսօր հավաստիացրել է. - «Եթե խաղաղության գործընթացը սկսելու համար անհրաժեշտ են վերականգնողական ծրագրեր, Եվրամիությունը պատրաստ է մշակել նման ծրագրեր, հանդես գալ դրական նախաձեռնություններով՝ հարցի լուծումը գտնելու համար»:

Եվրամիության պաշտոնյաների համաձայն, Հարավային Կովկասում ամենավատ վիճակում Հայաստանն է, որը, բնական պաշարների բացակայության պայմաններում, մեծապես կախված է Ռուսաստանում եւ այլ երկրներում ապրող հայերի օգնությունից: Ադրբեջանը, ըստ այդ աղբյուրների, նավթի մեծ պաշարներ ունի, եւ դրանից շահելու է նաեւ Վրաստանը:

Հուլիսի սկզբին Հեյկի Տալվիտիեն կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:

Երեկ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում որոշեցին Հարավային Կովկասի երեք երկրներն ընդգրկել «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում: Վերջնական որոշումը կայացվելու է հունիսի 17-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում:


Ահտո Լոբյակաս, Բրյուսել, Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG