Մատչելիության հղումներ

Քրդերը կրկին ցույցեր են անում՝ ի պաշտպանություն Օջալանի


Այսօր Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսվելու է քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի դատավարության երկրորդ փուլը: Ինչպես Երեւանում լրագրողներին ասաց Քրդական վեհաժողովի կովկասյան ներկայացուցչության պատասխանատու Հեյդար Ալին, այսօր Քուրդ ժողովրդի վեհաժողովի նախաձեռնությամբ Եվրոպական մի շարք երկրներում եւ հատկապես Ֆրանսիայում հարյուր հազարավոր քրդեր ցույցի են դուրս գալու` ի պաշտպանություն Օջալանի եւ քուրդ ժողովրդի:

1999 թվականի փետրվարին ձերբակալված Աբդուլլա Օջալանը թուրքական դատարանի վճռով նախ դատապարտվել էր մահապատժի: 2002 թվականին, երբ Թուրքիայում վերացվեc մահապատիժը, Օջալանը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

1999 թվականից հայտարարած հրադադարից քրդերը որոշել են հրաժարվել անցած ամիս Հյուսիսային Իրաքում անցկացված Քուրդստանի ժողովրդի վեհաժողովի երկրորդ համագումարում, որի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ իրենք դադարեցնում են «միակողմանի հնգամյա հրադադարը եւ զինված պայքար են սկսում թուրքական զինված ուժերի դեմ»:

«Հինգ տարվա ընթացքում», - ասաց Հեյդար Ալին, - «թուրքական կողմը որեւէ քայլ չի կատարել հրադադարը պահպանելու եւ բանակցություններ սկսելու ուղղությամբ: Ավելին՝ այդ տարիների ընթացքում թուրքական զինված ջոկատները ռազմական գործողություններ են կազմակերպել ու հարձակումներ գործել քուրդ ժողովրդի նկատմամբ»:

Հեյդար Ալու խոսքերով, եթե անգամ խնդիրը թեթեւակիորեն կարգավորելու ուղղությամբ ինչ-ինչ քայլեր կատարել են թուրքական իշխանությունները՝ մասնավորապես շաբաթական 45 րոպե քրդերեն հաղորդումների համար հեռուստաժամ տրամադրելով, դա, այդուհանդերձ, շատ քիչ է Թուրքիայում ապրող 25-30 մլն քուրդ ժողովրդի համար:

«Սա ընդամենը խեղկատակություն է», - ասաց նա՝ ավելացնելով, որ քրդերը պատրաստ են զինված պայքարի բոլոր ձեւերին եւ, եթե կրկին հարձակումներ լինեն, քրդական զինված ուժերը եւ ժողովուրդը դիմելու են «հնարավոր եւ անհնարին գործողությունների»: Ինքնապաշտպանական պայքարը կշարունակվի այնքան, մինչեւ Թուրքիան հաշտության, երկխոսության լեզվով ընդառաջ կգնա քուրդ ժողովրդին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG