Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը պաշտպանում է ադրբեջանական դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում


«Իրողությունները հարկավոր է կոչել իրենց անուններով: Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը հայկական օկուպացիայի տակ են», - երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում:

«Ուկրաինան պաշտպանում է Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա լուծելու տարբերակը: Մենք մշտապես պաշտպանել ենք եւ պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանի կազմ. չկա եւ չի կարող լինել Ղարաբաղի խնդրի լուծման այլ ըմբռնում», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Լեոնիդ Կուչման ասել է նաեւ, թե վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ժամանակը աշխատում է հօգուտ Ադրբեջանի:
Իբրեւ հակամարտության մեկ դետալ դիտարկելով փախստականների խնդիրը, որոնց վիճակը Ուկրաինայի նախագահը «պարզապես աղետալի» է որակել՝ Լեոնիդ Կուչման միջազգային կազմակերպություններին եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել ակտիվացնել ջանքերը կարգավորման ուղղությամբ եւ ներկայացնել երկու կողմերին էլ բավարարող լուծման տարբերակ:

Իլհամ Ալիեւը, շնորհակալություն հայտնելով իր ուկրաինացի գործընկերոջը, ասել է, թե Ուկրաինան մշտապես եղել է այն երկրների շարքում, որոնք պաշտպանել են Ադրբեջանի մոտեցումները:

«Ճշմարտություն մեր կողմում է», - ասել է Ադրբեջանի նախագահը: - «Կասկած կա՞, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքը», - ասել է Ալիեւը:

«Ծառայելով որոշակի քաղաքական կամ տարածաշրջանային շահերի՝ նրանք փորձում են տեղի ունեցածը այլ լույսի տակ ներկայացնել», - ասել է Ադրբեջանի նախագահը:


Արմեն Զաքարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG