Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անցած մի քանի օրերի ընթացքում իրենց քաղաքական հայացքների եւ հայտնած կարծիքների համար կալանավորված քաղաքական գործիչներ հաջորդաբար ազատ արձակվեցին իրենց արածի եւ հայտնած կարծիքի համար նաեւ զղջալու, ափսոսալու հիմքով: «Զղջացողները պետք է հեռանան ասպարեզից», - «Առավոտ» թերթի հարցազրույցում ասում է խորհրդային տարիների այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: - «Այս օրերին տեղի ունեցածը տխուր երեւույթ է: Մարդիկ երեւի չեն հասկանում, թե քաղաքական գործչի համար «զղջալն» ինչ է՝ դատապարտել սեփական քաղաքական գործունեությունը: Այս դեպքում մեր ժողովրդին մնում է միայն նրանց ետեւից գնալու հարցը լուծել, թեեւ կարծում եմ, որ նա մինչեւ հիմա գնում էր ոչ թե նրանց ետեւից, այլ՝ իշխանության դեմ՝ հստակ իմանալով՝ ինչի համար եւ ուր է գնում: Այդ զղջումներն այնքան էլ շատ չեն ազդի մեր ժողովրդի ըմբոստ ոգու վրա», - կարծում է Վարդան Հարությունյանը:

«Ակնհայտ է, որ քաղաքականության մեջ ներգրավված մարդիկ, առավելեւս՝ բռնապետության դեմ պայքարի ելածները, պետք է պատրաստ լինեն ցանկացած շրջադարձի, բայց կա նաեւ հակառակ կողմը», - մատնանշում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Մի՞թե որեւէ մեկը մեղադրում է ահաբեկիչների պատանդի կարգավիճակում հայտնված մարդուն՝ ահաբեկիչների պահանջները կատարելու մեջ: Մյուս կողմից, սակայն, տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս ընդդիմության ընթացիկ շարժման ապագաղափարականությունը, ու քաղաքական բանտարկյալների ձղջումների տակ իրականում դրված են միացյալ ընդդիմության բոլոր գործիչների ստորագրությունները, որոնք այդպես էլ չկարողացան իմպուլսներ հաղորդել կալանքի տակ գտնվող իրենց ընկերներին, որ նրանք զգան, հասկանան, թե հանուն ինչի իրենք պետք է շարունակեն կրել պատանդ լինելու բեռը: Ի վերջո, այդ զղջումների տակ դրված են բոլորիս ստորագրությունները», - ընդհանրացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մի՞թե մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այդ մարդկանց չէինք ստիպում զղջման ցուցմունքներ տալ, երբ գիշերը հանգիստ քնում էինք մեր անկողիններում՝ մոռանալով նաեւ անմեղ մարդկանց բանտում լինելու տխուր իրողությունը»:

«Այսօր հերթական հանրահավաքն է, եւ ուրեմն հերթական առիթը՝ պատյանից հանելու ու մարտական բարձր պատրաստականության վիճակի բերելու հայրենի արմատականների ամենազորեղ եւ սուր զենքը. ժողովրդին պատկանելու արվեստը։ Իսկ ժողովուրդը», - «Հայոց աշխարհ» թերթի պատկերավորմամբ» - երազում է միանգամայն այլ բանի մասին. ինչպե՞ս ամեն ինչ դասավորել այնպես, որ լավ ապրի, սակայն, այդուհանդերձ, ոչինչ չանի, այլ միայն տնական արաղ խմի, դուդուկ լսի ու միտինգների գնա, ու որ կուշտ ուտի եւ թութունն էլ չպակասի, բայց ոչինչ չանի բացարձակապես։ Կուսակցություններն ու քաղաքական գործիչները ամեն կերպ քծնում են նրան, երբ ասում են. տաղանդավոր ու աշխատասեր, աշխատասեր ու տաղանդավոր։ Ժողովուրդը, սակայն, բնավ այդ աստիճան կու-կու չէ, նա իր անելիքը լավ գիտի», - ձեւակերպել է «Հայոց աշխարհ»-ը:

Խտացնելով ընթացքը՝ «Իրավունք» թերթի մեկնաբանը գրում է. - «Եթե Ռոբերտ Քոչարյանը ինչ-ինչ կիսատ քայլերով ձգտելու է Ստրասբուրգում ապացուցել, որ կատարվում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջները, ապա արմատական ընդդիմությունը պետք է որ ձգտի ապացույցներ ներկայացնել, որ բանաձեւի պահանջները անտեսվում են: Իսկ դրա լավագույն ձեւը հենց հանրահավաքային ակտիվությունն է, քանզի Հայաստանի իշխանությունը իր բնույթով պարզապես ի վիճակի չէ այդ ակտիվությանը քաղաքական հալածանքների նոր ալիքով չպատասխանել»: Մեկնաբանի դիտարկմամբ, Ռոբերտ Քոչարյանը ձգտում է հրապարակավ ցույց տալ, որ ինքը ընդդիմությունից անհամեմատ ուժեղ է եւ այդ նպատակով նա, ընդդիմությանը որակումներ տալիս, Գյումրիում օգտագործեց բացառիկորեն արհամարհական բառապաշար: Միաժամանակ, սակայն, նա փաստացի խոստովանեց, որ Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին միշտ համարել է իրեն ընդդիմադիր: «Կարո՞ղ եք պատկերացնել, որ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը այդ նույն՝ սեփական երկրի դեմ աշխատելու գործի մեջ են», - հարցնում էր նա: «Նախագահը մոռանում է, որ Կարեն Դեմիրճյանը ու Վազգեն Սարգսյանը բարձրաստիճան իշխանավորներ էին, հետեւաբար հենց այդ պատճառով բացառվում էր նրանց կողմից ընդդիմությանը բնորոշ որեւէ գործողություն: Սակայն, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի համար դժվար է տարբերակել այն մարդկանց, ում նա համարում է ընդդիմություն անձամբ իրեն, այն մարդկանցից, ովքեր քաղաքական ընդդիմություն են», - բխեցված է «Իրավունք»-ում:

«Երկիրը դուք չեք, պարոն Քոչարյան: Ընդդիմությունը ձեր դեմ է պայքարել, ոչ՝ Հայաստանի», - երկրի նախագահին դիմում է այսօր «Այբ-Ֆե» թերթը: Այստեղ նաեւ հարցեր են ընդգծված. - «Անկախությունը չի՞ նսեմանում, երբ պետության առաջին դեմքը հայտարարում է, որ ներքաղաքական հարցեր լուծելիս այլ պետության ղեկավարի աջակցությունն ունի: Երկրի ինքնիշխանության մասին մտածող մեկը տուրք կտա՞ր «մտավորականների» խնդրանքին, թե թող ուրիշ երկրի «Կուլտուրա» հեռուստաընկերությունը Հայաստանում ամբողջությամբ վերահեռարձակվի: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք մշակույթ չունե՞նք: Թող մտավորականները դրա մասին մտածեն»:

Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիր» թերթում բերվող հարցազրույցում ձեւակերպել է. - «Եթե առճակատումն ունենար հիմնավոր պատճառներ, բնականաբար, կավարտվեր կողմերից մեկի հաղթանակով: Բայց այսօրվա դրությամբ հաղթող կողմ չկա: Այստեղ միայն պարտություն կա, բոլորի պարտությունը: Արդյունքում երկրի միջազգայի հեղինակազրկումն է: Կարծում եմ, առճակատման վտանգավոր հանգրվանն անցել է: Սակայն Դաշնակցության համար հարցը ավարտված չէ: Մեզ համար հարցը ընդհանրապես նոր է սկսվում», - ասում է Հրանտ Մարգարյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG