Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախագահի հրամանագրով կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելը ոչինչ էլ չի տա, որովհետեւ», - ընդգծում է «Հայկական ժամանակ» թերթը, - «մինչ այս խորհրդի ստեղծումը դրանում ընդգրկված պաշտոնյաներից յուրաքանչյուրը որոշակի լծակներ ուներ կոռուպցիայի դեմ պայքարելու, սակայն այդ պաշտոնյաները ինչ-որ չեն նկատվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Ու չեն էլ նկատվի` սկզբունքային պատճառներով»: Անդրադառնալով երկու օր առաջ Գյումրիում հնչած «իքիբիր»-ին, «Առավոտ» թերթի մեկնաբանը գրում է. - «Վերջին տարիներին Քոչարյանը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իրեն չմեծարող ուժերին մեղմ ասած «սրամիտ» որակումներ տալով: Հիմա էլ ԿԸՀ տվյալներով քվեների մոտ 65% -ով նախագահ ընտրված Քոչարյանն իքիբիր է անվանում՝ թող որ նույն ԿԸՀ-ի տվյալներով քվեների 35%-ի արժանացած ընդդիմադիրներին: Այդպիսով նա ուղղակիորեն իքիբիր է անվանում հասարակության առնվազն 35%-ին»: «Մի՞թե Քոչարյանի մերձավոր շրջապատում չկա մեկը, որ վերջապես հուշի նրան նման բաներ անելու անթույլատրելիության մասին», - տարակուսում է մեկանաբանը: - «Երկուսից մեկը՝ կամ այսպես կոչված «կոալիցիոներները» համամիտ են Քոչարյանի որակումներին, կամ Հայաստանում արդեն հաղթականորեն իր համար ճանապարհ է հարթում «թուրքմենական սինդրոմը»:

Հունիսի 11-ին կլրանա կոալիցիոն կառավարության գործունեության մեկ տարին: Ինչպե՞ս են ՀՀԿ, «Օրինաց երկիր»-ի եւ Դաշնակցության նախարարները գնահատում իրենց մեկամյա «տարակուսակցական համատեղելիությունը»: «Հայկական ժամանակ»-ի թղթակցին մասնավորապես բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ասել է, որ «չի կարծում, որ կառավարությունում կուսակցական անհամատեղելիություն կա». - «Ո՞նց կարող է պատահել, որ մի սելին կապվածները տարբեր ուղղությամբ քաշեն այդ սելը... Ավելի շուտ՝ կուսակցական անհանդուրժողականության իմպուլսները խորհրդարանից են գալիս»: Նախարարների եւ պատգամավորների շրջանում «Հայկական ժամանակ»-ի երեկվա հարցումները պարզել են, որ «Տարվա նախարար» տիտղոսի ամենաարժանի հավակնորդը գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն է:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի նախանշմամբ՝ եթե ընդդիմության վաղվա հանրահավաքը որեւէ բանով տարբերվի էլ նախորդներից, ապա միայն մասնակիցների պակասությամբ: «Հանրահավաքների միջեւ ժամանակահատվածում որեւէ թարմ միտք, թարմ խոսք ասպարեզում չի հայտնվում», - շեշտվում է այստեղ: - «Իսկ երկրում էլ անհամար խնդիրներ կան, որ անհապաղ լուծում են պահանջում: Ամենօրյա ուշադրության, հասարակական կոշտ արձագանքի են կարոտ նախագահի գործունեությունը, խորհրդարանի ընդունած օրենքները, կառավարության որոշումներն ու դրանց կատարման ընթացքը: Բայց ամեն ինչ փոխարինված է հիստերիկ ելույթներով ու շարունակական բամբասանքով»:

«Հայոց աշխարհ» թերթում այսօր բերված է Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան հայկական կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանի կարծիքը, թե «Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան». - «Դասական ընկալմամբ, քաղբանտարկյալ պետք է համարել նրան, ով ձերբակալված, կալանված է իր քաղաքական համոզմունքների համար: Այն համոզմունքների, որոնք չեն հանգեցրել ինչ-որ իրավախախտումների: Ցանկացած պարագայում օրենքը խախտել չի կարելի», - ընդգծել է նա: - «Երկրի օրենսդրության մեջ չկա դրույթ, որը պատասխանատվություն է սահմանում քաղաքական հայացքների, համոզմունքների համար»: Ընդհանրապես, Լեւոն Ներսիսյանը Հայաստանում չի տեսնում քաղաքականություն եւ քաղաքական համոզմունքներ: «Առաջին հերթին ուզում են բավարարել իրենց շահերը եւ կրքերը: Եվ սա ցավոք, վերաբերում է ե՛ւ իշխանություն ունեցողներին, ե՛ւ այդ իշխանությունը վերցնել ցանկացողներին», - ձեւակերպել է իրավապաշտպանը:

«Ուրբաթ օրը Բրյուսելում քննարկվելու է Մեծամորի ատոմակայանի ապագան: Եվրամիությունը Հայաստանի հետ սկսել է խոսել վերջնագրերի ու սպառնալիքների լեզվով», - անդրադառնում է «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը, նշել փակելու կոնկրետ ժամկետը։ Եթե Հայաստանի իշխանությունները չկատարեն եվրոպացիների պահանջը, ապա մեր երկիրը կզրկվի Եվրամիության խոստացած այն 100 մլն եվրոյից, որով իբր մեր հանրապետությունում պետք է հայթայթվեին էներգիայի այլընտրանքային աղբյուրներ»։ «Մի կողմից՝ Եվրամիության մտահոգությունը հասկանալի է, Մեծամորի ատոմակայանը սեյսմավտանգ գոտում է, մաշված է, չի համապատասխանում անվտանգության բարձր չափանիշներին։ Սակայն, եթե տրվում ենք եվրոպացիների ցանկություններին, ապա վերադառնում ենք խավարի ու ցրտի տարիներ», - ուրվագծում է մեկնաբանը: - «Եթե, իրոք, եվրոպացիները մտահոգ են մեր եւ տարածաշրջանի անվտանգությամբ, ապա նախքան ատոմակայանը փակելու պահանջ դնելը մեզ կառաջարկեին լուրջ փոխհատուցում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG