Մատչելիության հղումներ

Ընդդիմության ղեկավարները «ընդամենը շղարշ» են համարում կոալիցիայի առաջարկը


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը, ըստ էության, մերժեցին իշխող քաղաքական կոալիցիայի կուսակցությունների հերթական երկխոսության առաջարկը՝ շարունակելով պնդել, թե իշխանությունները պետք է անմիջապես ազատ արձակեն ընդդիմության կալանված աջակիցներին եւ չսահմանափակեն մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին:

Կոալիցիոն կուսակցությունները երեկ հրապարակված հայտարարությամբ սպառված չեն համարել իշխանություն - ընդդիմություն երկխոսության հնարավորությունները՝ նշելով, այդուհադերձ. - «Դժբախտաբար ընդդմությունը ներկայացնող քաղաքական ուժերը չգնացին կառուցողական ճանապարահով»:

«Ընդդիմությունը քաղաքական երկխոսության փոխարեն որդեգրեց հանրահավաքներ անցկացնելու մարտավարությունը՝ այդպիսով ուշադրություն չդարձնելով առանց նախապայմանների, քաղաքական ճանապարհով հարցերը հանգուցալուծելու Եվրախորհրդի հորդորներին», - ասված է կոալիցիոն կուսակցությունների հայտարարության մեջ:

Ընդդիմության ղեկավարներից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «ակնհայտ սուտ» որակեց այդ պնդումը, քանի որ, իր խոսքերով, ընդդիմությունը նախապայմաններ չի դնում՝ ընդամենը ներկայացնում է Սահմանադրությունից բխող մի շարք պահանջներ, որոնց մասին խոսվում է նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւում:

Արձագանքելով կոլացիայի ենթադրությանը, թե դեռեւս սպառված չէ երկխոսության հնարավորությունը, Արամ Սարգսյանը ասաց, թե իշխանությունները ընդդիմության հետ երկխոսելուն եւ ձերբակալված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելուն այլընտրանք չունեն: Որպես իր ասածի փաստարկ Սարգսյանը բերեց «Հանրապետություն» կուսակցության անդամներ Արամազ Զաքարյանին եւ Ժորա Սափեյանին ազատ արձակելը երեկ երեկոյան:

«Փորձում են, ինչպես միշտ, որոշակի առումով ժամանակ ձգել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Այս բոլոր գործողությունները միտված են դրան: Բայց պիտի ասեմ, որ անիմաստ խնդիր է՝ երկու ամիս այս կողմ, երկու երկու ամիս այն կողմ... Միեւնույն է վարչախումբը պետք է հեռանա»:

«Արդարություն» դաշինքի առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ընդդիմության դիրքորշումը չի փոխվել. երկխոսություն հնարավոր է՝ եթե իշխանությունը գործի օրենքի դաշտում եւ չխախտի Սահմանադրությունը: Իսկ այդ ուղղությամբ իշխանությունների կողմից քայլեր Դեմիրճյանը առայժմ չի տեսնում:

Անդրադառնալով կոալիցիայի հայտարարության մեջ ընդդիմության ուղղված մեղադրանքին, թե վերջինս անկեղծ չէ, երբ խոսում է երկրի հեղինակությունն ու կայունությունը պահապանելու մասին, Ստեփան Դեմիրճյանը հակադարձեց, թե երկիըը հեղինակազրկում են այն մարդիկ, ովքեր «բռնություններ են իրականացնում , ծեծում են խախաղ ցուցարարների, ձերբակալում են մարդկանց եւ շինծու քրեական գործեր են հարուցում»:

Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ, ընդդիմադիր երկու գործչի ազատ արձակելը դեռ չի նշանակում, թե իշխանություները արդեն գործում են օրենքի դաշտում:

«Պետք չէ խոսել միայն ազատելու մասին: Պետք է խոսել նաեւ պատասխանատվության ենթակելու մասին: Իսկ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել», - ասաց Դեմիրճյանը: - «Ակնհայտ է, թե ինչ է կատարվում. ընդամենը շղարշ են ստեղծում Եվրախորհրդի առաջ, թե իրենք պատրաստ են երկխոսության»:

«Արդարություն» դաշինքը կոալիցիայի առաջարկության կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա վաղը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG