Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանեց Երեւան


Հինգշաբթի օրը Երեւան ժամանեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Այսօր նա հանդիպումներ ունեցավ Հայաստանի ղեկավարության հետ, իսկ վաղը կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

«Մենք կքննարկենք պաշտպանության, անվտանգության ոլորտում ռուս-հայկական գործակցության հարցերի ամբողջ խումբը, ռազմատեխնիկական համագործակցության հարցեր», - օդանավակայանում ասաց Իվանովը՝ ավելացնելով, որ քննարկվելու են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը, հակամարտություններին, ճգնաժամային կետերին առնչվող հարցեր:

Սերգեյ Իվանովը, անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, ասաց, որ նախկինում էլ լավ հարաբերությունները վերջերս «դինամիկ զարգացում» են ապրում:

Ռուսաստանից Հայաստան ռազմական տեխնիկայի մատակարարմանը վերաբերող հարցին պատասխանելով, Իվանովը ասաց. - «Այդ հարցերը մենք կանոնավոր կերպով քննարկում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Բոլոր քաղաքական որոշումներն արդեն ընդուվել են. սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի մատակարարումները իրականացվում են ներռուսաստանյան գներով»:

Ավելի ուշ՝ այցի արդյունքներով համապատասխան արձանագրությունը ստորագրելուց հետո Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Այսօր Հայաստան են հասել երկու ռազմական-տրանսպորտային «Իլ-76» ինքնաթիռ, որոնք Հայաստանը գնել է ներռուսաստանյան գներով», - ասաց Իվանովը՝ առանց նշելու դրանք կոնկրետ գինը:

Իվանովի խոսքերով, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի ընդլայնման ծրագրեր Ռուսաստանը չունի, սակայն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում ռազմական պատրաստվածությանը եւ ռազմական տեխնիկայով եւ անհրաժեշտ սպառազինությամբ հագեցվածությանը:

Պատասխանելով Ադրբեջանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասաց, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել դրանց՝ որպես լիարժեք մասնակից: «Այն, ինչ հիմա մեզ առաջարկվում է՝ մասնակցել դիտորդի կարգավիճակով՝ երեք-չորս սպայով, իհարկե մենք դրան չենք գնա, որովհետեւ զորավարժություններին մասնակցելը ոչ միայն մեր պարտականությունն է, այլեւ իրավունքը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG