Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մինչ լրագրողների կամ ընդդիմադիր քաղաքացիների հանդեպ բռնություններ կիրառածներից որեւէ մեկն անգամ կալանված չէ, հանրահավաքային վերջին շարժման կողմնակիցներից ոմանց դատարաններն արդեն իսկ դատապարտել են երկարատեւ ազատազրկման», - զուգաբերում է այսօր «Առավոտ» թերթը: - «24-ամյա լուսակերտցի Էդգար Առաքելյանը հայտնի դարձավ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ոստիկանության կատարած նկարահանումների շնորհիվ, որոնք անընդհատ ցուցադրվում էին բոլոր ալիքներով, թե ինչպես է մի երիտասարդ պլաստիկե շշով հետեւից հարվածում ոստիկանին... Երեսին գազ են փչել, վահանով հարվածել դեմքին. «Ատամներս որ թափվեցին բերանիս մեջ՝ ցավ զգացի, ու խփեցի», - իր արարքը պատճառաբանել է Էդգար Առաքելյանը»: «Առավոտ»-ում նաեւ ընդգծվում է. - «Ուշագրավն այն է, որ Էդգար Առաքելյանն իրեն մեղավոր է ճանաչել ե՛ւ երբ իրեն մեղադրել են այս ամենի՝ իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու եւ իշխանությունը զավթելու մեջ, ե՛ւ հետո, երբ 10-15 տարվա ազատազրկում ենթադրող մեղադրանքը մայիսի 5-ին վերանայվել է, եւ այժմ հանքային ջրի շշով խփելու համար նրան սպառնում է 5 տարվա բանտարկություն: Թե ինչպես է նա «խոստովանել» չարած բաները՝ թերեւս պարզ դառնա երեքշաբթի սկսվելիք դատավարության ընթացքում»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր հիշեցնում է, թե ինչպես ապրիլի 13-ի երեկոյան Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը գիշերը Բաղրամյան պողոտայում կատարվածը ներկայացնելիս հղում էր անում, թե ընդդիմադիր զանգվածը աղմկում էր՝ խանգարելով մերձակա բնակիչների հանգիստն ու քունը: Մեկնաբանը սա որակում է պաշտոնյաների կողմից «քաղաքացիական ազատությունների բովանդակության հերթական աղճատում»՝ մատնանշելով. - «Երեւանի կենտրոնում այսօր տասնյակ գիշերային ակումբներ են գործում, որոնց աղմուկը սպանում է բնակիչներին, բայց այդ օբյեկտներից յուրաքանչյուրի հետեւում բարձրաստիճան այրեր են, եւ որեւէ պաշտոնյա կամ ոստիկան դրանց մոտ չի գա»: «Մարդու հիմնարար իրավունքները անտեսվում են թե' ներկայիս գործադիր իշխանության, թե' ընդդիմության կողմից», - ընդհանրացնում է մեկնաբանը՝ վաղը նախատեսված հանրահավաքին ընդառաջ էլ նախանշելով. - «Հավանական է ի հայտ գան նոր «քաղբանտարկյալներ», մինչդեռ պարզապես ընդդիմության ղեկավարները համախոհներին բախումների են մղում իրենց խնդիրները լուծելու համար: Դրանում գաղափարական, քաղաքական որեւէ բան չկա»:

Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին իր եվրոպական հանդիպումների ի մի բերմամբ ասել է. - «Որեւէ մեկին թող չթվա, թե Եվրախորհրդում նստած մարդիկ ոչ մի բան չեն տեսնում եւ ոչ մի բան չեն լսում: Իրենք բազմաթիվ աղբյուրներից են ստանում իրենց անհրաժեշտ տեղեկությունները եւ դրանք համադրելու ու եզրակացություններ անելու բավարար հնարավորություններ ունեն՝ արդար հետեւություններ անելու համար: Ինձ պարզ դարձավ, որ մենք գտնվում ենք նրանց շահերի եւ հետաքրքրությունների տիրույթում, եւ նրանք մեզ հանգիստ չեն թողնելու. առաջիկայում սպասվում է Եվրախորհրդի լուրջ ակտիվացում մեր տարածաշրջանի եւ Հայաստանի նկատմամբ»:

«Հայոց աշխարհ» թերթի վերլուծությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության 2003թ. տարեկան զեկույցը տարածաշրջանում ստեղծվող աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններում Հարավային Կովկասի երկու հարեւան երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով հիմնավորապես զբաղվելու ԱՄՆ հստակ մտադրության արտացոլումն է: «Գործ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ կիրառվող միասնական եւ հավասարապես կոշտ «քաղաքական պրեսինգի» հետ», - գրում է մեկնաբանը: - «Եվ դա հետապնդում է այնպիսի նպատակներ, որոնց իրականացման տեսանկյունից տվյալ երկրներում վարչակարգերի բնույթն ունի երկրորդական նշանակություն: Տվյալ փաստաթղթի բուն նպատակը Ղարաբաղի խնդրով Միացյալ Նահանգների հիմնավորապես զբաղվելու անթաքույց ցանկությունն է: Սա է զեկույցի մեխը», - շեշտադրվում է «Հայոց աշխարհ»-ում: Այստեղից էլ մեկնաբանը բխեցնում է. - «Պետքարտուղարության 2003 թվականի տարեկան զեկույցում առկա Ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ լուծման նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ «քաղաքական պրեսինգ» կիրառելու անթաքույց ձգտումը հրամայաբար պահանջում է մեր ներքաղաքական ու արտաքին քաղաքական բոլոր մեծ ու փոքր հարցերի լուծման եւ երկրի ներսում եղած տարաձայնությունների հաղթահարման անհրաժեշտությունը դիտարկել ոչ թե սոսկ իշխանությանը կամ ընդդիմությանը, այլ երկրին, պետությանն ու ազգին սպասվող հերթական՝ թերեւս ամենալուրջ «Ղարաբաղյան փորձությանը» դիմակայելու խնդրի դիտանկյունից»:

«Ռուսաստանը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները իրենց պահում են ինչպես Աստված: Նրանք օգնում են նրանց, ովքեր իրենք են կարողանում իրենց օգնել», - «Առավոտ»-ի հարցազրույցում բնորոշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: - «Եթե Քոչարյանին փոխարինի մեկ այլ անձ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրանից արմատապես չի փոխվի եւ այդ անձի վրա ճնշումներ գործադրելու համար Ռուսաստանը ճիշտ այնքան հնարավորություններ կունենա, որքան Քոչարյանի վրա ունի: Ուստի՝ տեղեկությունները, թե Ռուսաստանը շատ լրջորեն մտահոգված է Հայաստանում կատարվող իրադարձություններով՝ չափազանցություն է: Ռուսաստանն իրականում շատ մտահոգված է այլ բաներով, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Նույնը կարելի է ասել նաեւ Արեւմուտքի վերաբերյալ», - ամփոփում է քաղաքագետը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG