Մատչելիության հղումներ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ընդլայնում է գործունեությունը Հայաստանում


Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Ժան Լեմիերը չորեքշաբթի օրը նախագահ Քոչարյանի եւ վարչապետ Մարգարյանի հետ ունեցած հանդիպումներից հետո հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ բանկը ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում ու պատրաստ է ավելի մեծ ռիսկեր վերցնել։

«Այս տարի Եվրոբանկի ներդրումները Հայաստանում կկազմեն 10-12 միլիոն եվրո, իսկ հաջորդ տարի՝ մինչեւ 20 միլիոն», - ասաց բանկի նախագահը: - «Եվրոբանկի առաջնահերթությունները Հայաստանում մասնավոր հատվածի զարգացումն է եւ նոր աշխատատեղերի ստեղծումը, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում»:

Մանրամասնելով կոնկրետ ծրագրերը՝ բանկի նախագահն ասաց, թե վերջերս որոշում են ընդունել միջին մեծության արտադրական ընկերությունների համար ֆինանսավորման նոր մեխանիզմ կիրառել. կտրամադրվեն ավելի խոշոր՝ 0,5 - 2 միլիոն եվրո արժողությամբ երկարաԺամկետ՝ 5-7 տարվա տեւողությամբ, ու ավելի ցածր տոկոսներով վարկեր։

Ժան Լեմիերը հաստատեց տեղեկությունները, որ Եվրոբանկը ցանկանում է գնել հայաստանյան մի քանի կենսունակ ընկերությունների բաժնետոմսերը։ Դրանցից մեկը «Հայէկոնոմբանկ»-ն է, որտեղից «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին, որ համապատասխան պայմանագիրը կստորագրվի արդեն գալիք հունիսին։

Մյուս հավակնորդը, ամենայն հավանականությամբ, պղնձաձուլական «Էյ-Սի-Փի» ընկերությունն է, որին Եվրոբանկը 2002 թվականին 3,4 միլիոն եվրո զարգացման վարկ է հատկացրել։

Ընդհանուր առմամբ, 1993 թվականից ի վեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի համար 11 ներդրումային ծրագրեր է հաստատել՝ 146 միլիոն եվրո արժողությամբ: Այդ գումարից ծախսվել է շուրջ 90 միլիոնը։

Երբ ամբողջությամբ ձախողվեց պետական երաշխիքներով վերցված ամենախոշոր վարկային ծրագիրը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման 71 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը, եւ անարդյունավետ գնահատվեցին եւս երկու ծրագիր՝ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի եւ գյուղատնտեսության մեծածախ շուկայի կառուցման ծրագրերը, Եվրոբանկը սկսեց աշխատել միայն Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունների հետ։

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կոնսերվացված կառույցի վերաբերյալ որոշում կայացնելու առնչությամբ իրեն տրված հարցը Ժան Լեմիերը վերահասցեագրեց կառավարությանը. - «Դա բավականին բարդ պատմություն էր, ինչպես գիտեք: Վարկը մենք էինք հատկացրել, սակայն որոշում ընդունելու գործընթացը ընդհատվեց, կանգ առավ եւ մենք հայտնվեցինք այդպիսի իրավիճակում։ Սակայն, ՋԷԿ-ի հետ կապված որոշումները ընդունում է ոչ թե Եվրոբանկը, այլ կառավարությունը»:

Լեմիերն այսօր ասաց նաեւ, որ Եվրոբանկը միջոցներ կտրամադրի Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման ծրագրերին, մասնավորապես ՝ կվարկավորվեն Հայաստանում փոքր հիդրոկայանների կառուցման բիզնես ծրագրերը։ Նախնական գնահատումներով, այդ նպատակով 40 միլիոն եվրո կհատկացվի, իսկ յուրաքանչյուր վարկի գումարը չի գերազանցի կես միլիոն եվրոն։

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահը բացառեց Իրան - Հայաստան գազատարի շինարարությանը բանկի մասնակցության որեւէ տարբերակ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG