Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եվրոպայի խորհուրդը մեզ համար քաղբյուրո չէ, հետեւաբար նրա ընդունած բանաձեւերը բնավ կյանքի ուղեկից չեն: Հետաքրքիր է, արդյո՞ք նման վերաբերմունքի կարժանանա նաեւ ԱՄՆ պետքարտուղարության հերթական զեկույցը տարբեր երկրներում, այդ թվում եւ Հայաստանում, մարդու իրավունքների վիճակի մասին», - համադրում է այսօր «Առավոտ» թերթը: - «Ըստ պետքարտուղարության գնահատականի՝ Հայաստանի կառավարության քաղաքականությունը մարդու իրավունքների պաշտպանության առումով շարունակում է մնալ անբավարար: Նման գնահատականի պատճառն այն է, որ ամերիկացիները նույնպես ինչ-որ ձեւով (հավանաբար դավաճան ընդդիմադիրներն են խաբար տվել) իմացան, որ Հայաստանում հանրահավաքների մասնակիցները «վարչական կալանքի» են ենթարկվում, իսկ որոշ գործիչների դեմ քրեական գործեր են հարուցվել: Ամերիկացիների ականջին է հասել նաեւ այն տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությունը ճնշում է գործադրում դատավորների վրա եւ որ որոշ դատավորներ կաշառված են»: «ԱՄՆ պետքարտուղարությունն էլ, բնականաբար, մեզ համար քաղբյուրո չէ, որի որոշումները պետք է ընդունել ու կատարել: Այնպես որ, այս անգամ էլ կարող ենք չանհանգստանալ, որ այն մեկին մեկ կրկնում է նախագահական ընտրությունների գնահատականը», - ի մի է բերում «Առավոտ»-ը: - «Պարզ է, որ նման գնահատականով ԱՄՆ-ը նպատակ ունի ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում առավել զիջումներ պարտադրելու միտումով: Այսպես կասեն իշխանամետները, եւ նման պնդումն, իմիջիայլոց, ճշմարտության տարրեր կունենա: Սակայն խնդիրն այն է, որ անգամ այս դեպքում ԱՄՆ-ի պետքարտուղարության նկատառումները մեր երկրի մասին խիստ տեղին ու ճշմարտացի են: Դժբախտաբար»:

«Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը երեկ հրապարակած տարեկան զեկույցում հերթական անգամ կասկածի տակ է առել Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու օրինականությունը: Բայց այս կարգի լուրերը վաղուց արդեն Հայաստանում սենսացիոն չեն համարվում», - խտացրել է «Հայկական ժամանակ» թերթը:

«Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին ներկայացված մեղադրանքները որեւէ որոշակիություն չեն պարունակում եւ պարզապես վատ հրապարակախոսության նմուշ են». - այս որակում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը ուշադրություն սեւեռում վերաքննիչ դատարանում տրված հետեւյալ ձեւակերպումներին. - «Հանդիսանալով «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության մի շարք ղեկավարների հետ նախնական համաձայնությամբ 2004թ. փետրվար-ապրիլ ամիսներին ծավալելով կազմակերպական գործունեություն, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր տարածելով եւ իշխանության ներկայացուցիչներին հրապարակային ելույթներով վիրավորելով՝ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը յուրացրել է պետական իշխանությունը՝ կատարել այն բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ»: «Հայկական ժամանակ»-ում մատնանշվում է. - «Եթե ավելացնենք նաեւ, որ Վաղարշակ Հարությունյանը այդ ամիսներին Հայաստանում չի գտնվել եւ որեւէ հրապարակային ելույթ չի ունեցել, ապա պարզ կդառնա, թե ինչու են քննիչները համոզում ղեկավարությանը, որ այս մեղադրանքը հեռանկար չունի»:

«Հայոց աշխարհ» թերթի վերլուծությամբ՝ արմատական ընդդիմության շուրջ 3,5-ամսվա գործունեությունը փակուղի է մտել. - «Վերադառնալ խորհրդարան, նշանակում է առնվազն լռելյայն ընդունել սեփական պարտությունը, հերթական անգամ չդիմել «վճռական գործողությունների», նշանակում է ծաղրի առարկա դառնալ ոչ միայն հասարակայնության, այլեւ սեփական կողմնակիցների աչքում...Այնպես որ, գոնե ընդդիմադիր դաշտի վերահսկողությունը իրենց ձեռքում պահելու համար արմատականներին հարկավոր է ինչ-որ քայլ՝ գոնե «հերոսանալու» համար», - բխեցնում է «Հայոց աշխարհ»-ը: - «Ելքը, թերեւս, ապրիլի 12-13-ի գիշերվա սցենարի կրկնության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է... Բայց ստեղծված իրավիճակում ելքեր պետք է փնտրեն ոչ միայն նրանք, ովքեր արդեն տեսնում են սեփական ձախողման փաստը, այլեւ նրանք, ովքեր մտահոգ են նման ձախողումը մեր հասարակության ու երկրի վրա «սաղացնելու» ընդդիմության անթաքույց մտադրություններից», - ընդգծում է «Հայոց աշխարհ»-ը՝ եզրափակելով. - «Անհրաժեշտ է, որ արմատական ճամբարում նշմարվող ճգնաժամը թե՛ քաղաքական ուժերի եւ թե՛ հասարակության տարբեր շերտերի լայն քննարկումների առարկա դառնա: Նպատակ ունենալով գտնել ընդդիմադիր դաշտի առողջացման ելքեր՝ նրա գաղափարականացման ճանապարհով: Հենց գաղափարականացումն է այն նշտարը, որը կպատռի ներկա արմատական փուչիկը եւ քաղաքական դաշտում առաջ կբերի լուրջ վերադասավորումներ»:

«Մեզանում խորանում է կուսակցական շահերով առաջնորդվելու մոլուցքը, որը հիվանդագին դրսեւորումներ է ստանում՝ չարիք դառնալով դեռեւս իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալ մարդկանց գլխին», - փաստագրվում է այսօր «Ազգ» թերթում: - «Պաշտոն ստանալու համար այլեւս առանձնակի շնորհներ պետք չեն, մասնագիտական բազմակողմանի հմտություններ ունենալու կարիք չկա, կուսակցական դառնալը լիուլի բավական է»։ Այս առումով «Ազգ»-ում ներկայացված է հետեւյալ թարմ ուրվագիծը. - «Մշակույթի նոր նախարար Հովիկ Հովեյանի պաշտոնավարման մի ամիսն էլ դեռ չի լրացել, սակայն նա անցել է «Օրինաց երկիր» կուսակցության տիրույթների ընդարձակման «ազնիվ» գործին։ Դեռ ոչինչ, որ նախկինում անկուսակցական բանաստեղծն անմիջապես օրինացերկրական դարձավ՝ նախարարի պաշտոնը ձեռքից բաց չթողնելու համար։ Խնդիրն ավելի բարդ է, քանի որ նույն կուսակցության պարտադրանքով նրա առաջին քայլերը միտված են մշակութային օջախներում «Օրինաց երկիր»-ի դիրքերն ամրապնդելուն, ինչն արվում է տնօրենների պաշտոններին տիրանալով»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG