Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի հետքերով «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը մատուցում է. - «Ռուսաստանի համար Հայաստանի կանխատեսելիությունը եւ կայունությունը միմյանց կապող միակ օղակը նրա ներկա ղեկավարությունն է։ Տարածաշրջանում առաջ եկող նոր մարտահրավերները մեծացնում են Հայաստանի դերն ու նշանակությունը Ռուսաստանի քաղաքականության մեջ... Ռուսաստանը նկատելիորեն ամրապնդել է ոչ միայն իր ռազմաքաղաքական, այլեւ տնտեսական դիրքերը Հայաստանում, ուստի մեր երկրի ներսում ցանկացած խոր ցնցում եւ անկանխատեսելի ելքով հղի նոր ընտրական կամպանիա կարող է հավասարազոր լինել նրա ձեռք բերած մեծ խաղագումարները յուրահատուկ «ռուլետկայի» վրա դնելուն։ Այդ պատճառով Ռուսաստանին Հայաստանում անհրաժեշտ է ռիսկերի բացառում»: Իսկ Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանդեպ դրսեւորվող Ռուսաստանի զուսպ վերաբերմունքը, մեկնաբանի ներկայացմամբ՝ հիմնականում երկու նպատակ ունի. - «Առաջինը՝ իշխանություններ - ընդդիմություն պայքարը չվերածել ռուսամետներ - արեւմտամետներ դիմակայության՝ դրանից անխուսափելիորեն բխող հակառուսական տրամադրությունների ուժեղացման հեռանկարով, երկրորդ՝ Հայաստանի ղեկավարությանը զերծ պահել Ռուսաստանի ընդգծված եւ բացահայտ աջակցության պարագայում անխուսափելի դարձող արտաքին քաղաքական զորաշարժերի դաշտի կրճատման եւ անգամ միջազգային շրջափակման հեռանկարից»։

Անդրադառնալով ռուսաստանյան հեռուստատեսության «Զերկալո» ծրագրում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ «Առավոտ» թերթը խտացնում է. - «Դե, իհարկե, նման հրապարակային վայրերում ավելի խելամիտ է ընդունել ժողովրդի հոգատար հոր, ժողովրդավարական արժեքների ջատագովի կեցվածք, որը խելք է սովորեցնում իր տկարամիտ քաղաքական հակառակորդներին»:

«Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ իր ասուլիսի ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել: Նա փաստորեն հայտարարել է, որ իշխանությունները կարող են կասեցնել երկրի ժողովրդավարացման գործընթացները», - ուշադրություն է սեւեռում «Հայկական ժամանակ» թերթը, եւ դրա մեղքը նույնպես գցվում է ներկայիս ընդդիմության վրա:

«Հայաստանում բոլոր ներքին գործընթացները, դիմակայություններն ու ճամբարավորումները պայմանավորված են արտաքին քաղաքական կողմնորոշումներով», - խտացնում է «Իրավունք» թերթի մեկնաբանը: Սահմանը գծվում է, մասնավորապես, դեպի Եվրոպա կողմնորոշվածների եւ ռուս-ամերիկյան գծի կողմնակիցների միջեւ: «Հենց ռուս-ամերիկյան ընդհանուր վեկտորում պետք է բացատրել այն, որ իշխանությունն ամենեւին չի շտապում կատարել Եվրախորհրդի պահանջները ընդդիմության նկատմամբ վարչական ճնշումը վերացնելու ուղղությամբ», - գրում է մեկնաբանը: - «Բայց այդ աջակցությունը երկար չի կարող տեւել, քանզի ո'չ Մոսկվան, ո'չ Վաշինգտոնը, ինչպես դա երեւաց Աբաշիձեի օրինակով, առանձնապես հակված չեն ջանքեր ծախսել առանձին կառավարիչների աթոռի պահպանման խնդրի վրա»: «Իրավունք»-ում դիտարկում կա եւ թե՝ «Ազգային ժողովի վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ Արթուր Բաղդասարյանի եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջեւ գրեթե պատերազմական հարաբերությունների հաստատումը նույնպես կապ ունի արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց աշխարհ» թերթում ուրվագծում է. - «Այսօր արդեն ակնհայտ է, որ ընդդիմության առաջադրած նպատակներն անիրագործելի են եւ, շարունակելով հետամուտ լինել դրանց իրականացմանը, նրանք աստիճանաբար դուրս կմնան քաղաքական դաշտից: Բնականաբար ընդդիմության ճամբարը երբեք դատարկ չի կարող մնալ, ուստի կարճ ժամանակահատվածում կձեւավորվի նոր ընդդիմադիր դաշտ, որն ավելի կառուցողական կեցվածք կունենա... Այս գործընթացը ես միաժամանակ վտանգավոր եմ համարում կոալիցիայի համար, քանի որ դեռ տեսանելի չէ, թե նոր ընդդիմությունը ինչ ուժերի հաշվին պետք է ձեւավորվի: Առավելագույն վտանգը կարող է լինել ծավալվող գործընթացների արդյունքում կոալիցիայի լուծարումը: Նման մտավախության համար որոշակի հիմքեր կան», - նշում է Գալուստ Սահակյանը: - «Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ ծավալված բանավեճը դրա արտացոլումներից մեկն է»: «Կոալիցիան ամրապնդելու համար պետք է առաջադրվեն նոր գաղափարներ, մեթոդներ ու սկզբունքներ», - շեշտադրում է Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է նոր ընդդիմությանը, նա սահմանում է. - «Հասարակությանը «երրորդ ուժի» գաղափարը հասկանալի ու ըմբռնելի չէ: Նոր ընդդիմության դաշտում առավել ակտիվ դրսեւորումներ կունենան հենց արտախորհրդարանական կուսակցությունները: Այստեղ կա նաեւ նախկին իշխանության՝ ՀՀՇ-ի գործոնը. նրանք հենց այնպես քաղաքական դաշտից չեն պատրաստվում հեռանալ, նրանք ունեն իրենց գաղափարախոսությունն ու ամուր քաղաքական գործիչներ»:

Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը «Իրավունք» թերթում ձեւակերպել է. - «Գործող նախագահը պետք է վերջապես գիտակցի, որ առկա իրավիճակի գլխավոր պատասխանատուն, գերագույն հաշվետուն ինքն է, եւ անձամբ ինքն է, որ պետք է իրավիճակը շտկելու քայլ անի: Իսկ եթե չանի, ապա իրավիճակն է իրեն շտկելու»: «Այն, որ Հայաստանն իր դիվանագիտությամբ հետընթաց է ապրել, ուղղակիորեն ու առարկայորեն պայմանավորված է Հայաստանի ներքին սայթաքումներով ու նահանջներով», - մատնանշում է Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Գուցե բնական է, որ իշխանությունը ներկայացնող պաշտոնատար անձինք փորձում են արտաքին աշխարհին ներկայացնել իրենց ձեռնտու տեսլականը՝ ջանալով թաքցնել բացասականը, սուտն ու կեղծիքը, որը մեզանում կայացել ու կայանում է: Մինչդեռ դա անընդունելի մոտեցում է, որովհետեւ աշխարհն անճար չէ եւ ոչ էլ կույր»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG