Մատչելիության հղումներ

Երեւանի կենտրոնում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդի դիակը


Երեկ ուշ երեկոյան Երեւանի Սայաթ Նովայի եւ Հանրապետության փողոցների խաչմերուկի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է Միացյալ Նահանգների քաղաքացի, 33-ամյա Ջոշուա Հագլանդի դիակը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից հրաժարվեցին «Ազատություն» ռադիոկայանին որեւէ տեղեկություն հաղորդել Հագլանդի մասին՝ պատճառաբանելով, թե դրանք գաղտնի տեղեկություններ են եւ լրատվամիջոցներին չեն տրամադրում:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, սակայն, նա պայմանագրով ընթացիկ ուսումնական տարում անգլերեն լեզու էր դասավանդում Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:

Այս տարի հունվարին Հագլանդը բնակարան էր վարձակալել Հանրապետություն փողոցի թիվ 85ա շենքի երրորդ հարկում: Ըստ ամենայնի, Հագլանդին մահացու վիրավորել են հենց այդ բնակարանում, քանի որ դրա մուտքի մոտից էին արյան հետքերը տանում դեպի բակ, որտեղ հայտնաբերվել է նրա դիակը:

Փաստով հարուցված քրեական գործը քննում է մայրաքաղաքի Կենտրոն համայնքի դատախազությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG