Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 15-ը մայիսի)

Ընդդիմության երեկվա հանրահավաքը «Հայաստանի Հանրապետություն» թերթը տեղադրել է «Հերթական ոչ վճռականը: Գոդոյին սպասելիս: Կրիտիկական զանգվածը այդպես էլ չի հավաքվում» վերնագրի տակ: Հիմնական դիտարկումներից է, որ «գործողությունների պատասխանատվությունն իրենցից օտարելու եւ ժողորվդի ուսերին դնելու թեման ամենաշատն էր արծարծվում»: «Ազգ» թերթի մեկնաբանի հայացքով՝ գարնանային հանրահավաքների այս ընթացքը «պառավել է»։ Երեկվա անցուդարձից այստեղ ուշադրություն է սեւեռվում հատկապես, որ Գեղամյանը «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանին անվանեց «գործակալ, իշխանությունների դրածո»։ Այդ առնչությամբ «Ազգ»-ում նշվում է. - «Եթե խոսվում է ծախվածության մասին, ապա արժե հիշեցնել 2003 թ. նախագահական ընտրությունները, երբ Գեղամյանը չմիացավ Ստեփան Դեմիրճյանին՝ այդ ճանապարհով հեշտացնելով Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելը»։ «Առավոտ»-ի մեկնաբանը ավելի լավատես գրանցում է. - «Երեկվա հանրահավաքում մի շարք նորություններ կային։ Եվ առաջին կարեւոր նորությունն այն էր, որ ընդդիմության լիդերների խոսքը համեմատաբար ավելի կառուցողական էր ու ծրագրային»։

«Ճգնաժա՞մ, թե՞ իրավիճակ: Այս հարցի շուրջ այդպես էլ համաձայնության չեկան ընդդիմությունն ու կոալիցիան... Իսկ իրականում խնդիրն ամենեւին էլ տերմինի ընտրությունը չէ: Այլ այն, որ ո՛չ կոալիցիան, ո՛չ ընդդիմությունը երկխոսության ցանկություն ամենեւին էլ չունեն: Քաղաքական այս ուժերից եւ ոչ մեկը չի ցանկանում համատեղ լուրջ խնդիրներ քննարկել, քանի որ դա անելը քաղաքական մի քանի գործոնների առումով ձեռնտու չէ կողմերից եւ ոչ մեկին»:

«Հայկական ժամանակ» թերթի տեսաբանը ծավալուն մի վերլուծականով այսօր պատկերագծել է. - «Ամերիկյան եւ ռուսական մամուլի ուշադրությունը երբեւէ այնքան կենտրոնացած չի եղել Հայաստանի եւ Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսների վրա՝ ինչքան այս օրերին: Դրսի թերթերը սկզբում ակնարկում էին Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտությունը, իսկ հիմա խոսում են արդեն դրա անխուսափելիության մասին: Սա վկայում է, որ մեծ տերություններն այլեւս որեւէ հույս չեն կապում Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ: Արտերկրի, մասնավորապես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքական գիտակցության մեջ հասունացել է Հայաստանում նոր իշխանություն ունենալու անհրաժեշտությունը: Բայց իշխանափոխության կարեւոր ատրիբուտը ոչ միայն այլեւս երկիրը ռացիոնալ կառավարելու ընդունակությունից զրկված իշխանությունն է, այլեւ քաղաքական դաշտում այնպիսի քաղաքական ուժի առկայությունը, որը հստակ ցուցադրում է, որ կարող է ստանձնել երկրի իշխանությունը եւ վայելել ժողովրդի ու միջազգային հանրության վստահությունը»: «Միացյալ ընդդիմությունը այս պահի դրությամբ չի կարողացել իրագործել իր հիմնական խնդիրը, այն է՝ հակաքոչարյանական հանրահավաքի մասնակիցների թիվը հասցնել 150-200 հազարի: Այս պայմաններում գերտերությունները Հայաստանում ընդդիմադիր նոր ռեսուրսի փնտրտուքով են զբաղված», - մատնանշում է «Հայկական ժամանակ»-ի տեսաբանը: - «Արեւմուտքը փորձում է հակաիշխանական պրոցեսի մեջ որեւէ կերպ չներգրավված հայաստանյան միակ ծանրակշիռ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվացման նախադրյալներ ստեղծել, իսկ վերջինիս քաղաքական ակտիվ դաշտ տեղափոխելու միակ տարբերակը Քոչարյանի իշխանության օրոք փակուղում հայտնված Ղարաբաղի հարցի ակտիվ արծարծումն է»: «Հայկական ժամանակ»-ում նաեւ ընդգծվում է. - «Տեր-Պետրոսյանը, անշուշտ, հասկանում է, որ առանց ընդդիմադիր եռյակի իր համար շատ դժվար կլինի վերադառնալ քաղաքական Օլիմպոս, եւ համբերատար կսպասի մինչեւ ընդդիմադիր եռյակն իր հերթին հասկանա, որ առանց Տեր-Պետրոսյանի այլեւս ի զորու չէ հաղթական հարված հասցնել Քոչարյանի իշխանությանը»:

«Հայաստանի ընդդիմադիր դաշտում ձեւավորված արմատական դաշինքի ողջ ռազմավարությունն իրականում խարսխված է ոչ թե պարբերաբար միտինգների եկող մի քանի հազար դժգոհ քաղաքացիների տրամադրությունների, այլ վերջիններիս անվամբ քողարկվելով՝ իրենց թեկնածությունը արտաքին ուժերին առաջարկելու եւ այդ ճանապարհով երկրի ներսում նորանոր պրոբլեմներ ստեղծելով, արտաքին աշխարհում իշխանության հանդեպ վստահությունը խարխլելու նպատակադրման վրա», - մատուցում է «Հայոց աշխարհ»-ը՝ ձեւակերպելով. - «Հայաստանը ներկայումս այնպիսի կարեւոր դիրք է զբաղեցնում տարածաշրջանում, որ եթե անգամ աշխարհի հզորների կողմից որեւէ պատվեր էլ չտրվի, միեւնույն է, նման համառ «առաջարկները» չեն կարող անտեսվել որպես գործող իշխանության նկատմամբ ճնշման լրացուցիչ լծակներ»:

Անդրադառնալով ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների՝ հայաստանյան զարգացումների շուրջ վերջին օրերի հրապարակումներին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Այդ եւ նմանօրինակ հերյուրանքներն, անշուշտ, թխվել են Հայաստանում, ապա վճարվել եւ տպագրվել են դրսում, որպեսզի հետո հղում կատարեն իրենց հորինած հերյուրանքի վրա»: «Չեմ կարծում, որ այս վիճակը կարելի է բնութագրել որպես ճգնաժամ: Խնդիր կա, բայց ճգնաժամ՝ ոչ», - բնորոշում է Սերժ Սարգսյանը: - «Այլ բան կցանկանայի նշել: Գուցե իմ կարծիքը տարբերվում է իշխանական շրջանակներից հնչող այն տեսակետից, որ ներքաղաքական դաշտում արձանագրվող այս դեպքերը չեն ազդում մեր տնտեսության առաջընթացի վրա: Ըստ իս, ազդում են»: «Ընդդիմությունը արդեն քանի ամիս է, ինչ իշխանափոխության վերջին ժամկետներ է նշում, որոնք բոլորն էլ վաղուց անցել են: Դրանք զուգահեռվում են հերթական վճռական հանրահավաքի մասին անընդհատ կրկնվող հայտարարություններով: Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ ամենը». թղթակցի այս հարցին պաշտպանության նախարարը պատասխանել է. - «Նրանց այդ բոլոր հայտարարությունները մի նպատակ ունեն՝ փորձել մարդկանց ներգրավել հանրահավաքային գործընթացներում: Ես հենց այդ պատճառով, երբ առաջին անգամ իշխանափոխության ժամկետ նշվեց, կոշտ հայտարարություն արեցի, որպեսզի կարողանամ ինչ-որ ձեւով ազդել այդ ոչ ցանկալի երեւույթի վրա»: Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանում արտահերթ իշխանափոխություն լինել չի կարող. - «Անկախության այս տարիների ընթացքում Հայաստանն արդեն դարձել է պետություն, որ ունի բոլոր լծակները ե՛ւ սահմանադրական կարգն ու օրինականությունը պահպանելու, ե՛ւ մարդկանց ազատություններն ապահովելու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG