Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա ներկայիս այցի ֆոնին «Հայկական ժամանակ»-ը ուշադրություն է սրում ռուսաստանյան «Նյուզինֆո» ինտերնետային թերթում Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովի հետ հարցազրույցին: Նախաբանում թերթը տեղեկացնում է, որ շատերի կանխատեսմամբ՝ սա Հայաստանի նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի վերջին այցն է Ռուսաստան: Պատասխանելով այս դիտարկմանը՝ Միխայիլ Ալեքսանդրովը ասել է. - «Աջարիայում տեղի ունեցած իրադարձությունները վտանգավոր նախադեպ են ստեղծել: Քոչարյանին անհանգստացրել է Մոսկվայի վերաբերմունքը աջարական իրադարձություններին: Քոչարյանը ցանկանում է անձամբ համոզվել, թե ինչքանով կարող է հենվել Պուտինի աջակցությանը: Ես չեմ բացառում, որ Քոչարյանին Մոսկվայում կառաջարկեն ինքնակամ հեռանալ նախագահի պաշտոնից եւ իշխանությունը հանձնել նրան, ով անհամեմատ ավելի քիչ կարժանանա ընդդիմության քննադատությանը», - նշել է Ալեքսանդրովը: - «Միակ բանը, որ մենք այժմ կարող ենք կազմակերպել՝ պայմանավորվել հայաստանյան ընդդիմության հետ իշխանափոխության ինչ-որ ձեւի մասին, որից հետո նախագահի պաշտոնը կզբաղեցներ ռուսամետ քաղաքական գործիչ: Այս տարբերակը մեզ կբավարարեր, սակայն ես այժմ չեմ տեսնում մի այնպիսի քաղաքական գործիչ, որը կկարողանար համախմբել Հայաստանը»: «Առավոտ» եւ «Իրավունք» թերթերն էլ այսօր ներկայացնում են «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը Քոչարյանի այցին ու հայաստանյան զարգացումներին՝ «Մոսկվան դժգոհ է. Քոչարյանը գնացել է արդարանալու» («Իրավունք»), «Քոչարյանը Հայաստանում այլընտրանք ունի» («Առավոտ») ընդգծումներով:

«Երեկ ընդդիմությունը տապալեց քաղաքական երկխոսության գործընթացը», - ձեւակերպում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը: - «Նախորդ տասն օրերի ընթացքում արմատականները պարզապես Եվրախորհրդի աչքին թոզ փչելու խնդիր ունեին, եվրոպացիներին ցույց տալու, թե որքան պատրաստակամ են. հետեւելով խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւում տեղ գտած կոչին, խաղաղ երկխոսում են իշխանությունների հետ... Սակայն, ի վերջո», - գրում է մեկնաբանը: - «բովանդակային երկխոսության շարունակությունը ենթադրում է ներքաղաքական լարված իրավիճակի աստիճանական մեղմում, արհեստականորեն շիկացած մթնոլորտի լիցքաթափում եւ այլն: Այսինքն՝ բարենպաստ պայմանների ապահովում, ինչը նախ չեզոքացնում է արտահերթ ընտրությունների անցկացման մտասեւեռումը եւ հատկապես արմատականներին հաշտեցնում մտքի հետ, որ պետք է, այնուամենայնիվ, սպասեն մինչեւ 2007-ը կամ 2008 թվականը, երբ կկայանան հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Փրկիչների համար միայն այս մասին մտածելը արդեն իսկ մահ է»:

«Կոալիցիա - ընդդիմություն երկխոսության փորձը երեկ հասավ իր կանխատեսելի ավարտին», - իր հերթին արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իսկ ի՞նչ է լինելու հետո: Ահա այս հարցում ընդդիմության եւ իշխանության միջեւ լիակատար համաձայնության մթնոլորտ է. երկու կողմերն էլ վստահեցնում են, որ հետագա իրադարձությունների ողջ պատասխանատվությունն ընկնելու է հակառակ կողմի վրա»: «Հայկական ժամանակ»-ում առանձնացվում է եւ հետեւյալ դիտարկումը. - «Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տվել, որ ընդդիմության համակիրներին նյարդայնացնում եւ հուսահատեցնում է ընդդիմություն - իշխանություն բանակցությունների փաստը, եւ այդ պատճառով հանրահավաքների մասնակիցների շարքերը նոսրանում են: Եվ ըստ ամենայնի՝ ընդդիմությունն այսկերպ ցանկացել է վերջ տալ լայն հանրությանը անհասկանալի այս տեսարաններին»:

«Իրավունք» թերթի վերլուծությամբ՝ բանակցությունների խզումը միանգամայն տրամաբանական էր, «քանզի դժվար է համատեղել անհամատեղելին, այսինքն՝ հանարահավաքային ճնշումն ու միտինգավորների մարդաորսի շարունակությունը բանակցային այս կամ այն ձեւաչափի հետ... Այն ամենը, ինչ կատարվում է թե' իշխանության ներսում, թե' ընդդիմադիր ճամբարում, ցույց է տալիս, որ բավականին արագորեն ծանր հակամարտության եւ ինտրիգների պայմաններում սպառվում են երկու ճամբարի ուժերը: Դրանից, բնականաբար, ավելի մեծ դեր ու կշիռ է ստանում երրորդ ուժը», - խտացվում է «Իրավունք»-ում: Այս առումով «Այբ-Ֆե» թերթը խմբագրականում ուրվագծել է. - «Քոչարյանը ցայտնոտի մեջ է: Նա դեռ չի հստակեցրել, թե ում է բերելու իշխանության: Այս օրերին փորձարկվում է միանգամից մի քանի սցենար: Մի կողմից, երկրում երրորդ ուժ է ստեղծվում (ի դեմս Արամ Կարապետյանի)... Փորձարկվող երկրորդ տարբերակը 98-ի կրկնությունն է, որի դեպքում այսօրվա իշխանավորներից որեւէ մեկը պետք է իր վրա վերցնի Քոչարյանին հեռացնելու «առաքելությունը»: Արդեն իսկ կան նախագահության հայտ ներկայացրած ներկա իշխանավորներ: Նրանք արդեն իրար «միս են ուտում» հենց հանրության աչքի առաջ՝ օրինակ, Դավիթ Հարությունյանն ու Արթուր Բաղդասարյանը: Փորձարկվող այս բոլոր սցենարների դեպքում անտեսվում է ժողովրդի գործոնը... Այս անգամ ժողովուրդն է պարտավոր խափանել պալատական ծրագրերն ու տիրանալ երկրին», - եզրափակում է «Այբ-Ֆե»-ն:

Խորհրդարանի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Հասարակության մեջ կա մեկ ուրիշ լսարան եւս, որը ոչ մեկինը չէ եւ ոչ մեկին չի վստահում՝ ո'չ իշխանությանը, ո'չ էլ ընդդիմությանը։ Եվ այդ լսարանը կրակը չի ընկել այս երկուսի ձեռքին, որպեսզի անընդհատ փոխադարձ հակասությունների եւ անհանդուրժողականության մասին լսի»: «Ես ունեմ փաստեր, որ լուրջ կապիտալ ներդրումների ցանկություն կա եւ այդ ցանկությունը առայժմ սառեցվել է», - նշում է Կարապետյանը։ - «Եվ ընդհանրապես, անընկալելի է, երբ իշխանության մեջ գտնվող որոշ մարդիկ պնդում են, թե քանի որ մեր տնտեսությունը աճ ունի, որեւէ բան չի կարող ազդել դրա վրա»։

«Երկիր» թերթը այսօրվա խմբագրականում փաստում է. - «Աշխարհում դեռեւս հայտնի չէ որեւէ նորմալ գործող շուկայական տնտեսություն, որը չի զուգորդվում ժողովրդավարական քաղաքական համակարգով եւ քաղաքացիական հասարակությամբ: Եթե անցման շրջանում շեշտադրվում է դրանցից միայն մեկը, իսկ քաղաքական ու հասարակական ոլորտները համարվում են երկրորդական, ապա ազատ շուկայի ձեւավորումը անխուսափելիորեն ձախողվում է... Հայաստանում աղքատությունն այսօր դադարել է զուտ սոցիալական հիմնախնդիր լինելուց եւ աճել ու խորացել է այն աստիճան, որ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ ընդհանրապես ազգային անվտանգության համար», - ահազանգում է Դաշնակցության պաշտոնաթերթը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG