Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գլխավոր դատախազությունն այնքան փութաջան գտնվեց ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողների վրա հարձակման գործը քննելիս, որ անգամ պարզեց հանցագործներից երկուսի ով լինելը», - անդրադառնում է «Առավոտ» թերթը: - «Իսկ թե ինչո՞ւ էր գործազուրկ Աշոտը որոշել հարձակվել լրագրողի վրա եւ ջարդել նրա տեխնիկան, դատախազությունը չի հաղորդում: Այս առիթով կան բազմաթիվ վարկածներ: Գուցե նա առանձնահատուկ վատ վերաբերմունք ուներ միտինգը լուսաբանող լրագրողների հանդեպ, իսկ գուցե առհասարակ բոլոր լրագրողներին տանել չի կարողանում: Շատ հավանական է, որ այդ գործազուրկն ընդհանրապես սովորություն ունի նման ձեւով զվարճանալու՝ ծեծում է առաջինը ձեռքն ընկած մարդկանց... Կարճ ասած՝ վարկածները շատ են: Դրանցից մեկն էլ այն է, որ Աշոտին եւ մյուս հարձակվողներին անհայտ մեկը պատվիրել էր խանգարել հանրահավաքը, եւ բացահայտվելու դեպքում հարձակվել լրագրողների վրա՝ կամ հանուն փողի, կամ հանուն գաղափարի»: «Իսկ պատվիրատուին դատախազությունը երկար կփնտրի: Մեզ մոտ կազմակերպիչներին փնտրելու կամ առավել եւս գտնելու հարցում լուրջ բարդություններ կան», - շեշտում է «Առավոտ»-ը: - «Այնպես որ հիմա, հավանաբար, գործազուրկ Ավետիսյանին Եվրոպայի առաջ ներկայացնելու են որպես հայոց ժողովրդավարության ճանապարհին կանգնած միակ խոչընդոտ»:

«Հայկական ժամանակ» թերթը մատուցումները, թե լրագրողների վրա հարձակվել են ինչ-որ անկապ գործազուրկներ, որակում է աչքակապություն: «Տունտունիկ» խորագրի տակ էլ նայելով իշխող կոալիցիա - ընդդիմություն նիստուկացին՝ «Հայկական ժամանակ»- ի մեկնաբանը լուրջ երկխոսությունը անհնար է համարում՝ մասնավորապես մատնանշելով. - «Ըստ էության, կոալիցիան ընդդիմությանն առաջարկում է մեկ բան՝ վերադառնալ խորհրդարան եւ, լծվելով օրինաստեղծ աշխատանքի, սպասել 2008 թվականի հերթական նախագահական ընտրություններին: Եթե անգամ այսօր միացյալ ընդդիմությունը որոշի, Եվրախորհրդին հուսախաբ չանելու համար, համաձայնել կոալիցիայի հետ շարունակել քաղաքական կոնսուլտացիաները կամ քաղաքական երկխոսությունը եւ շարունակի այդ հանդիպումներին ուղարկել, ասենք, Արշակ Սադոյանին, ապա կոալիցիայից տեղեկացնում են, որ Սադոյանի դիմաց կդրվեն Վազգեն Խաչիկյանը, Արտակ Առաքելյանը եւ, ասենք, ՀՅԴ երրորդական մի դեմք: Իսկ նման հարթության վրա տարվող կոնսուլտացիաները, կարելի է երաշխավորել, կտեւեն հավերժ»:

«Եղանակային անբարենպաստ պայմանների եւ տեղական իշխանությունների հարուցած զավեշտական խոչընդոտների պատճառով «Արդարություն» դաշինքի՝ երեկ Վանաձորում հրավիրած հանրահավաքը փաստորեն տապալվեց: Չնայած տեղական իշխանություններն ամեն ինչ արել են այսպիսի իրավիճակ ստեղծելու համար, ակնհայտ է, որ ընդդիմությունը պետք է նոր քայլեր ձեռնարկի հանրահավաքային շարժմանը նոր թափ հաղորդելու համար», - ուղղորդում է այսօր «Հայկական ժամանակ»-ը: - «Իհարկե, վախի այն մթնոլորտը, որ այսօր առկա է Հայաստանում՝ իր գործն անում է, բայց այդ մթնոլորտի հաղթահարումն առաջին հերթին ընդդիմության գործն է»:

«Չե՞ք կարծում, արդյոք, որ 21-րդ դարի արշալույսին հանրահավաքները պիտի փոխարինվեն քաղաքական պայքարի ավելի ժամանակակից մեթոդներով». «Գոլոս Արմենիի» թերթի թղթակցի այս հարցին Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը արձագանքել է. - «Կարծում եմ, 21-րդ դարի արշալույսին նախեւառաջ երկրի նախագահը պիտի ընտրված լինի, Հայաստանն էլ պիտի ժողովրդավարական երկիր լինի, ոչ թե կիսաֆեոդալական, ինչպես հիմա է: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց երբ բանակցությունները վերածվում են ապօրինի կալանվածների ազատման շուրջ առեւտրի, դա անբարո մոտեցում է», - ասում է ՀԺԿ ղեկավարը: - «Սահմանադրական դրույթները պիտի պահպանվեն, Եվրախորհրդի պահանջները պիտի կատարվեն անհապաղ՝ դրանք փոխզիջման հարց չեն»: Ստեփան Դեմիրճյանը «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում կրկին շեշտադրում է, որ վերջին ընտրություններից առ այսօր որեւէ կեղծարարի կամ բռնացողի պատժելու քաղաքական կամք իշխանությունը չի դրսեւորել:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակիցը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ եւ, մասնավորապես, փոխանցում է. - «Նա չի միանում արմատական ընդդիմությանը, որովհետեւ չի հասկանում, թե ինչի շուրջ է աղմուկը եւ ինչի համար են հանրահավաքները: Եթե վստահության հանրաքվեի՝ ապա Կարապետյանի համոզմամբ, դա որեւէ գործողության հիմք չի կարող հանդիսանալ»: «Ես ընդհանրապես դեմ եմ, որ Եվրախորհրդում նմանատիպ հարցեր քննարկվեն», - ասել է Կարապետյանը: - «Ամեն անգամ որոշակի նման հարցեր օրակարգում ներառելիս Եվրախորհրդի առաջատարները մեր երկրի հարցերը չեն լուծում, բայց բավական լուրջ լծակներ են ձեռք բերում մեր երկրի ներքաղաքական կյանքում օրենքների, օրենսդրության փոփոխության համար, ինչը ամեն անգամ չէ, որ համընկնում է մեր ազգային նպատակներին»: «Նախագահի նախկին թեկնածուն դեռեւս ուժի մեջ է թողնում «Փարաքարը փակելու» խոստումը, բայց Աստված է կանչում, որ դա իրեն չհասնի, այլ՝ Ռոբերտ Քոչարյանն ինքը պատժի օրինազանցներին: Լավագույն տարբերակը նա համարում է վերեւից կատարվող բարեփոխումները», - ամրագրվում է «Հայաստանի Հանրապետություն» թերթում:

«Հայոց աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում, ի մի բերելով իր՝ Ուկրաինա կատարած այցի արդյունքները, վարչապետ Մարգարյանը շրջանակել է. - «Ամենակարեւորն այն է, որ մեր երկու երկրներն էլ ցանկանում են ինտեգրվել եվրոպական ընտանիքին։ Բայց պետք է հաշվի առնել այն յուրահատուկ հատկանիշները, որ գոյություն ունեն մեր երկրներում: Նկատի ունեմ, որ մեզ չպարտադրեն ուրիշ երկրների թեկուզ միջազգային խաղի կանոնները։ Ընդհանրությունը պետք է նաեւ լինի մեր մասնակցությամբ, այլ ոչ թե ուրիշինը վերցնենք ու արհեստականորեն մերը դարձնենք», - ասում է Անդրանիկ Մարգարյանը։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG