Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Զինադադարի 10-ամյակը եւս մեկ անգամ հիշեցնում է մեզ այն մասին, որ իրավունք չունենք առաջնորդվել իշխանություններ - ընդդիմություն պայքարի սովորական կատեգորիաներով», - ընդգծում է «Հայոց աշխարհ» թերթը՝ ձեւակերպելով. - «Ընդհակառակը, ընդդիմությունը իր քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հակաղարաբաղյան կարգախոսների, այլ 10-ամյա զինադադարից բխող մարտահրավերներին դիմակայելու մեր հնարավորությունների օգտագործման էֆեկտիվության բարձրացման եւ նրանց իրացմանը խոչընդոտող իրավական, քաղաքական ու տնտեսական բացթողումների ու սխալների արագ հաղթահարման տրամաբանության վրա»: Նույն առիթով այստեղ բերված է եւ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը հետեւյալ անդրադարձը. - «1994թ. մայիսին Հայաստանում շատ քաղաքական ուժեր իրավացիորեն համարում էին, որ մեր շահերի տեսանկյունից զինադադարի ստորագրումը այնքան էլ ձեռնտու չէ: Ադրբեջանն այդ շրջանում շատ թույլ էր բոլոր առումներով: Եւ մենք հնարավորություն ունեինք ռազմական տեսանկյունից ավելի հարմար դիրքեր նվաճել: Միգուցե այդ դիրքերից այսօր ավելի հեշտ եւ արդյունավետ կլիներ բանակցություններ վարելը»: Սուրեն Զոլյանը, որ այն օրերին Գերագույն խորհրդի Արցախի հատուկ հանձնաժողովի քարտուղարն էր, «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - « Հայկական բանակը իրոք կարող էր անցնել հարձակման, եւս մի քանի շրջան գրավել, սակայն ի հաշիվ նոր, հավանաբար մեծաթիվ զոհերի։ Ստեղծված իրադրության մեջ մեր ռազմական ղեկավարությունը ճիշտ կողմնորոշվեց՝ չգայթակղվեց հարձակողական մարտավարությամբ»: «Այս, ըստ էության, ռազմական պայմանագրում, որը այդպես էլ չդարձավ քաղաքական փաստաթուղթ, հայկական կողմը չարձանագրեց ԼՂՀ-ի՝ բանակցային կողմ լինելու հանգամանքը, հավանաբար տարված լինելով հաջողությունների բերկրանքով», - ցավով արձանագրում է Զոլյանը։ - «Այս ձեւակերպումների բացակայությունը հետագայում Ադրբեջանին թույլ տվեց հետ կանգնել իր իսկ առաջարկած դիրքերից»։

«Լրացավ զինադադարի 10 տարին: Զինադադարի, բայց ոչ՝ խաղաղության», - շեշտադրում է «Առավոտ» թերթը: - «Հաղթած ճակատամարտի, բայց ոչ՝ պատերազմի: Հայաստանը, ցավոք սրտի, Ադրբեջանին չի հաղթել, որովհետեւ վերջինս տասը տարի առաջ չի ձեւակերպել իր պարտությունը՝ որպես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ: Հակամարտող կողմերը պարզապես հարմար են համարել՝ ելնելով այս կամ այն հանգամանքներից, առժամանակ դադարեցնել ռազմական գործողությունները... Իսկ բուն խաղաղությունը դեռ առջեւում է»: «Առավոտ»-ը միաժամանակ ընդգծում է. - «Հայաստանի քաղաքական կյանքում Ղարաբաղի հարցը տասներորդ պլանում է: Եթե խաղաղությունն անհրաժեշտություն լիներ, ապա խնդիրը կքննարկվեր լրջության փոքր-ինչ ավելի բարձր մակարդակի վրա Այս իմաստով մեր քաղաքական էլիտան ոչ մի թիզ չի բարձրացել հասարակական միջին մտածողությունից: Ըստ էության, «միջին թվաբանական» մտածելակերպից բարձրանալու փորձ արվել է 1997 թվականին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ով ոչ միայն հնչեցրել է փոխզիջում բառը, այլեւ հստակեցրել է, թե ինչ է դա նշանակում», - առանձնացված է «Առավոտ»-ում:

Այսօր լրանում է եւ վարչապետ Մարգարյանի պաշտոնավարման 4 տարին: «Հայաստանի Հանրապետություն» թերթում այդ ժամանակահատվածում շարունակական բարելավման ցուցանիշներ են մանրամասն մատուցվում ու նաեւ մի վերլուծական, ուր հատկապես արժեվորված է. - «Նա ակնհայտորեն առաջնորդվում էր եւ է տարաձայնությունները հակասությունների չվերածելու գործելաոճով եւ առկա տարաձայնություններում փնտրում է ընդհարության եզրեր ու ելքեր: Փոխզիջումների գնալու, մրցակիցների կամ ընդդիմախոսների հետ կամուրջները մինչեւ վերջ չայրելու, քաղաքական պայքարում մարդկային ճիշտ հարաբերությունները չկորցնելու գործելաոճը նաեւ եղավ Անդրանիկ Մարգարյանի վարչապետական երկարակեցության բանալին»: «Հայոց աշխարհ» թերթում գնահատված է. - «Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այս տարիներին ներքաղաքական գործընթացներում մշտապես ավելացրել է կայունացման այն լուրջ չափաբաժինը, որն այնքան անհրաժեշտ է երկրի զարգացման համար»։

Ազգային ժողովի վերահսկիչ պալատի հաշվետվության շրջանակում երեկ խորհրդարանում ծավալված բանավեճը «Հայկական ժամանակ» թերթում տեղադրված է «Ներիշխանական գզվռտոց» խորագրում: «Առավոտ»-ի մեկնաբանի հայացքով՝ Վերահսիչ պալատը պարզապես «շեղեց ուշադրությունը». - «Արդյո՞ք դատաիրավական բարեփոխումների ծրագրի կատարման հետ կապված խախտումներն ու անճշտություններն ավելի շատ են, քան, ասենք, մաքսային եւ հարկային համակարգերում»։ Այնպես որ, որոշ պատգամավորներ վստահ էին, որ հիմա խորհրդարանում այդ ամբողջ աղմուկը բարձրացվել է ընդամենը «խորհրդարանի եւ հասարակության ուշադրությունը երկրի ներքաղաքական խնդիրներից առժամանակ շեղելու միտումով»։

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին ըստ էության մեղադրել է իշխանամետ գործունեության մեջ: «Հայկական ժամանակ»-ը համադրում է. - «Այս ֆոնին հետաքրքիր է, որ «Նոր ժամանակներ»-ի մի շարք անդամներ մեր թղթակիցների հետ ունեցած զրույցներում պնդել են, թե Արամ Կարապետյանն իրենց ասել է, որ իր եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ պայմանավորվածություն կա առ այն, որ վերջինս 2008-ին Ռուսաստանի «դաբրոյով» իշխանությունը փոխանցելու է հենց Կարապետյանին: Իհարկե, սա կուսակցության շարքերն ամուր պահելու համար վատ լեգենդ չէ», - գնահատված է «Հայկական ժամանակ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG