Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վերջին օրերի անցուդարձից «Իրավունք» թերթում առանձնացված է հատկապես Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Շվիմերին ուղղված՝ Վրաստանի նախագահի խիստ քննադատությունը: «Դա ոչ թե եվրոպացու դիրքորոշում է, այլ բարձր աշխատավարձով բյուրոկրատի: Եվրոպան, ի դեմս այդպիսի շվիմերների, չպետք է մեզ սովորեցնի: Մենք ինքներս նրանց շատ բան կարող ենք սովորեցնել», - ասում է Սահակաշվիլին, եւ, «Իրավունք»-ի մեկնաբանի զարգացմամբ, նրա այդ քայլը բխում է տարածաշրջանում ստեղծվող նոր իրավիճակից, այն է՝ «Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները գալիս են փոխզիջումային պայմանավորվածությունների եւ աստիճանաբար Կովկասից դուրս են մղում եվրոպական կառույցները»: «Հայաստանում թեեւ ոչ ոք դեռ բացահայտորեն դուրս չի մղում եվրոպացիներին, այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան խաղը վաղ թե ուշ հասնելու է նաեւ Երեւան ու անդրադառնալու է մեր ներքաղաքական գործընթացների վրա», - զուգադրում է մեկնաբանը: - «Աբաշիձեի ճակատագիրը հուշում է, որ բավականին բարձր հավանականություն կա, որ ռուս-ամերիկյան սցենարը Հայաստանում չի նախատեսի Ռոբերտ Քոչարյանի իշխանության պահպանումը»:

«Իրավունք»-ում ուշադրություն է սեւեռված եւ իշխանություն - ընդդիմություն շփումների մեջ վարչապետ Մարգարյանի ներգրավմանը: Մեկնաբանը ուրվագծել է. - «Այժմ Հայաստանը մուտք է գործում երկխոսությունների մրցավազքի նոր շրջան, եւ այդ երկխոսություններից յուրաքանչյուր ոք ձգտում է ստանալ առավելագույն քաղաքական դիվիդենտներ: Եվ եթե Արթուր Բաղդասարյանի թիկունքում կա Ստրասբուրգի բարեհաճ վերաբերմունքը, ապա Անդրանիկ Մարգարյանն օժտված է իրական լծակներով ու իր թիկունքում ունի քաղաքական դաշտի անխտիր բոլոր հատվածների հետ կառուցողական շփումների մեծ փորձ»:

Ինչ վերաբերում է բուն ընդդիմությանը, «Իրավունք»-ի բնորոշմամբ՝ ե'ւ «Արդարություն» դաշինքին, ե'ւ «Ազգային միաբանությանը» երկխոսությունը պետք է, որպեսզի «Եվրախորհրդի մոնիտորինգային խմբի ժամանումից առաջ ցույց տան, որ, ի տարբերություն իշխանությունների, բարեխղճորեն կատարում են խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի պահանջները»:

«Հայկական ժամանակ» թերթը իր հերթին խտացրել է. - «Շուտով կլրանա ընդդիմություն - կոալիցիա բանակցային ֆորմատի գոյության մեկ ամիսը, սակայն բանակցող կողմերն այս ընթացքում որեւէ հարց չեն քննարկել՝ համատեղ քննարկման ենթակա հարցերի բացակայության պատճառով: Այս պայմաններում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանական կոալիցիան շարունակում են անընդհատ հայտարարել, որ իրենք պատրաստ են բանակցել դիմացի կողմի հետ: Վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ նման պահվածքի պատճառը ոչ թե Հայաստանում առկա վիճակը հաղթահարելու ուղիներ գտնելու մղումն է, այլ՝ երկուստեք վախը Եվրախորհրդից»:

«Երկկողմանի բլեֆ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվին» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ում նախանշվում է. - «Կողմերից յուրաքանչյուրը հույս ունի, որ առաջինը տեղի կտան դիմացինի նյարդերն, ու առաջինը դիմացի կողմը հրապարակավ կհայտարարի երկխոսությունից հրաժարվելու մասին: Իսկ դա մյուս կողմին հնարավորություն կտա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին ներկայանալ սպիտակ ձեռնոցներով եւ Եվրախորհրդի առաջարկած քաղաքակիրթ երկխոսությունից հրաժարվելու ողջ պատասխանատվությունը գցել հակառակորդի վրա»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթն էլ այսօր ձեւակերպել է. - «Ընդդիմության պահվածքից ու որոշումներից կարելի է ենթադրել, որ նրանց համար էականը ոչ թե երկխոսությունը շարունակելն է, այլ խորհրդարանական վեհաժողովի աչքին «գերազանցիկ» երեւալը»: Իսկ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Եթե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի շահարկումները շարունակվեն եւ ավելի ուշ ակնհայտ դառնա, որ ընդդիմության նպատակները որեւէ կառուցողական հիմք չեն պարունակում, շատ ցավալի բան տեղի կունենա, քանի որ մեր երկրի ընդդիմությունը լիովին կվարկաբեկվի ոչ միայն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, այլեւ բոլոր եվրոպական կառույցներում... Համոզված եմ, որ հունիսյան նստաշրջանին կգնանք բոլոր պարտավորությունները կատարած, երկրի ներսում նոր բարդություններ չեն ստեղծվի, ուստի մեզ որեւէ բան չի սպառնում», - խնդիրը փակված է տեսնում Տիգրան Թորոսյանը՝ ընդդիմությանը նաեւ ներշնչելով. - «Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը ընդդիմության համար արժանապատիվ հնարավորություն է ստեղծել խորհրդարան վերադառնալու համար: Արդյունքում կլուծվի ներքաղաքական խնդիրը, եւ մենք առաջ կարող ենք ընթանալ»: Մյուս կողմից, պատգամավոր, ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն) նախագահ Հրանտ Խաչատրյանը «Հայոց աշխարհ»-ում ասում է. - «Իմ տպավորությամբ, Եվրախորհրդի պահանջներից դուրս, իշխանությունները ընդդիմության նկատմամբ զիջումների հակված չեն... Եթե կոալիցիան ունենար բավարար ազդեցություն կառավարման համակարգում, թերեւս կարելի էր գնալ նրանց հետ այդ ազդեցությունն ու պատասխանատվությունը կիսելու ճանապարհով:
Բայց, իմ խորին համոզմամբ, ինչպես կոալիցիան, այնպես էլ գործող նախագահն ու նաեւ ընդդիմությունը Հայաստանում գործող կլանային համակարգի պատանդներն են: Այսօր այդ համակարգի շահերից ելնելով են կատարվում բոլոր դերաբաշխումները Հայաստանում: Դրա համար էլ ընդդիմությունն իր առջեւ դրել է համակարգային փոփոխությունների խնդիր: Սակայն այս փուլում անիմաստ է վերադառնալ խորհրդարան եւ մտնել այն կանոնակարգերի շրջանակը, որը գծել է կլանային համակարգը»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության հետ երկխոսության շրջանակում տեսնում է եւ բոլոր կալանվածների ազատման հնարավորություն: «Բանակցություններում նրանցից այս պատասխանն եմ ստանում, թե մեր տղաներն են, կնստեն, մենք պիտի շարունակենք», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է Սահակյանը: - «Մինչդեռ բազմիցս ասել ենք, որ երկխոսության, իրադրության փոփոխման պայմաններում խոսքը կարող է վերաբերել ոչ միայն Վաղարշակ Հարությունյանին, Սուրեն Սուրենյանցին կամ Արամազդ Զաքարյանին, այլ կալանավորված բոլոր անձանց»: «Այսինքն՝ ինքն է՞լ է կողմնակից, որ օրենքները գործեն ըստ քաղաքական նպատակահարմարության» հարցին Գալուստ Սահակյանը արձագանքել է. - «Եթե խնդիրը վերաբերում է քրեական հանցագործության՝ այլ բան է, բայց ընդդիմությունն անընդհատ պնդում է, թե նրանք քաղբանտարկյալներ են ու ենթարկվում են քաղաքական հետապնդման: Իսկ եթե խնդիրն այդպիսին է՝ այն պիտի լուծվի քաղաքական դաշտում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG