Մատչելիության հղումներ

Հայաստանն ընդգրկվել է ԱՄՆ-ի «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում


Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է աշխարհի այն 16 երկրների ցանկը, որոնք անհատույց դրամական օժանդակություն կստանան 2004 թ. ֆինանսական տարում ամերիկյան կառավարության հատկացրած 1 միլիարդ դոլարի շրջանակներում։ Ընտրված երկրներից է նաեւ Հայաստանը։

2002 թվականին ստեղծված ամերիկյան այդ կառավարական հաստատությունը նպատակ ունի օգնել ու խրախուսել առավել աղքատ այն երկրներին, որոնք բարեփոխվելու հակումներ են դրսեւորում։ Այս տարվա փետրվարին հրապարակված թեկնածու երկրների ցուցակում ընդգրկված էին 63 աղքատ երկրներ, որոնց բնակչության շնչի հաշվով եկամուտը 1425 դոլարից պակաս է։ Ընտրությունը կատարվել է թեկնածուների ներկայացրած ծրագրերի հիման վրա։ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը մոտ 900 դոլար է։

ԱՊՀ երկրներից Հայաստանի հետ միաժամանակ օգնություն ստացող 16 երկրների շարքում ընդգրկված է միայն Վրաստանը: Ցանկում տեղ են գտել նաեւ Բենինը, Բոլիվիան, Կաբո Վերդեի Հանրապետությունը, Գանան, Հոնդուրասը, Լեսոտոն, Մադագասկարը, Մալին, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նիկարագուան, Շրի Լանկան եւ Վանուատուն:

«Մեր առաքելությունն է խրախուսել եւ պարգեւատրել այն ճիշտ քաղաքականությունները, որոնք ապահովում են կենսունակ տնտեսական աճ, ինչը նաեւ շոշափելի հետեւանքներ է պարունակում ողջ աշխարհում ազատության եւ անվտանգության համար», - հրապարակված ցուցակի առնչությամբ ասել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Պոլ Էփըլգարթը։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություներով, Հայաստանի կառավարությունը հիշյալ ծրագրի շրջանակներում 40 միլիոն դոլարի օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել։ Պահանջված գումարները կուղղվեն գյուղական շրջաններում կրթության, առողջապահական հիմնարկների կառուցման, ինչպես նաեւ ջրամատակարարման բարելավման ծրագրերին։

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան այսօր նաեւ հաստատել է «շեմային երկրների ծրագիրը», որոնք առայժմ չեն համապատասխանում, բայց՝ բավականաչափ նվիրվածություն են ցուցաբերում հազարամյակի նպատակներով որոշվող չափանիշներին։

Նախատեսված է, որ 2005 թվականի ֆինանսական տարում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան օգնության ենթակա շահառու երկրներին կհատկացնի 2,5 միլիարդ դոլարի օժանդակություն։ Իսկ 2006 թվականից այդ ծրագրի շրջանակներում ցուցաբերվող օգնությունը կկրկնապատկվի՝ հասնելով 5 միլիարդ դոլարի:

1992 թվականից ի վեր ամերիկյան կառավարության օգնության ծավալը Հայաստանին կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG