Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը եւս 3 վարկային ծրագիր կիրականացնի Հայաստանում


Ինչպես չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը, բանկի տնօրենների խորհուրդը երեկ Հայաստանի համար հաստատել է 35 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ երեք վարկային ծրագրեր։

Մանրամասնելով՝ Ռոբինսոնը ասաց, որ այդ գումարից 10 միլիոնը կուղղվի պետական հատվածի՝ մասնավորապես, քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներին, 23 միլիոն դոլար կհատկացվի Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին եւ 1 միլիոն 750 հազար դոլար՝ 2002 թվականի ուժեղ ցրտահարության հետեւանքների վերացմանը։ Ծրագրերը կիրագործվեն 4-5 տարվա ընթացքում։

Վերջապես արձագանքելով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ հաշվետվությանը, որտեղ փաստորեն բացասական եզրակացություն է տրված Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող՝ Երեւան քաղաքի ջրամատակարարման 30 միլիոն դոլար արժողությամբ համայնքային զարգացման ծրագրին, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը չհամաձայնեց հաշվետվության հետեւություններին:

ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի ղեկավարած այդ հանձնաժողովի եզրակացության մեջ մասնավորապես շեշտվում էր, որ ձախողվել է Դավիթաշեն թաղամասի շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը, «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեն 5-6 դոլար արժեցող ջրաչափերը բնակչությանը վաճառել են 15 դոլարով եւ արդյունքում 6,5 միլիոն դոլարի կոմերցիոն շահույթ ստացել: Եզրակացության մեջ նշվում էր նաեւ, որ ձախողվել է ջրի հոսանքակորուստների բացահայտման ծրագիրը: Ուշադրություն էր սեւեռվել, որ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը մենեջմենթի վրա ծախսել է վարկային միջոցների 27 տոկոսը, մինչդեռ, միջազգային նորմերով այդ ծախսերը պետք է կազմեին առավելագույնը 5 տոկոս։

«Դատելով այն ամենից, ինչ մենք տեսանք միջանկյալ հաշվետվության մեջ, այդ ամենը տեխնիկապես սխալ է», - ասաց Ռոբինսոնը՝ ավելացնելով, թե, Հայաստանի կառավարությունն արդեն նախապատրաստել է մի համապարփակ պատասխան այդ հաշվետվությանը։ - «Ապագայում ես կհանդիպեմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ու կապացուցեմ, թե հանձնաժողովի անդամները որտեղ են սխալվում»:

Բանկի գնահատմամբ, ի դեպ, այդ ծրագիրը բոլոր ուղղություններով լավ է ընթանում ու չի բացառվում, որ այն շարունակություն ունենա:

«Ո'չ ես եւ ո'չ էլ Համաշխարհային բանկը մտահոգություն չունենք Հայաստանում իրագործվող ծրագրերի կապակցությամբ», - հայտարարեց Ռոբինսոնը։

Այս տարվա հուլիսին ավարտվում է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի աջակցման եռամյա ծրագիրը։ Դրա շրջանակներում հունիսի 10-ին բանկի տնօրենների խորհուրդը վերստին կքննարկի Հայաստանի հերթական 30 միլիոն դոլար արժողությամբ վարկային փաթեթը, որը ներառում է առողջապահական բարեփոխումների երկրորդ եւ սոցիալական ոլորտների բարեփոխումների ծրագրերը: Ռոբինսոնի փոխանցմամբ, միաժամանակ կհաստատվի երկրի աջակցման ռազմավարությունը առաջիկա չորս տարիներին։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ կպակասի՞, թե՞ կավելանա Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ցուցաբերվող վարկավորումը, Ռոջեր Ռոբինսոնը ասաց, որ առաջիկա չորս տարիներին եւս Հայաստանը կշարունակի օգտվել Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ընկերակցության արտոնյալ վարկային պատուհանից, որը նախատեսված է ամենաաղքատ ու բնակչության շնչի հաշվով ցածր եկամուտ ունեցող երկրների համար:

«Եթե Հայաստանը շարունակի զարգացման նույն տեմպերով ընթանալ, ինչ վերջին մի քանի տարիներին, ապա երկիրը դուրս կգա Զարգացման միջազգային ընկերակցության պայմանների շրջանակից ու կկարողանա օգտվել Համաշխարհային բանկի մյուս՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի քիչ ավելի խիստ պայմաններով վարկային պատուհանից», - շեշտեց Ռոբինսոնը՝ անուղղակիորեն ակնարկելով, որ Հայաստանը առաջիկա տարիներին եւս կպահպանի աղքատ երկրի կարգավիճակը։

Առաջիկա չորս տարիների համար Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից ակնկալում է մոտ 200 միլիոն դոլարի վարկավորում:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG