Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը սկսեց լսել Վաղարշակ Հարությունյանի փաստաբանի բողոքը


Երեքշաբթի օրը Վերաքննիչ դատարանը, լսելով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի բողոքը առաջին ատյանի որոշման դեմ՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, անցավ խորհրդակցական սենյակ: Նիստը կշարունակվի վաղը, ինչը խիստ հազվադեպ է նման բողոքների քննության պրակտիկայում:

Առաջին ատյանի դատարանի ապրիլի 16-ի որոշմամբ Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 2-ամսյա կալանքը: Նա մեղադրվում է պետական իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու մեջ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց փաստաբան Գրիգորյանը, մեղադրանքում նշված ժամանակահատվածում (2004 թվականի փետրվար - մարտ) Վաղարշակ Հարությունյանը բացակայել է հանրապետությունից:

«[Քրեական գործում] ցույց չի տրված, թե նա ե՞րբ ու ո՞ւմ հետ է հանցավոր համաձայնության մեջ մտել, ե՞րբ եւ որտե՞ղ է կազմակերպել հանրահավաքներ, որտե՞ղ եւ ի՞նչ բովանդակության ելույթներ է ունեցել, իշխանությունը բռնությամբ յուրացնելու ի՞նչ կոչեր է արել, ո՞ր պաշտոնատար անձանց եւ ինչպե՞ս, ի՞նչ արտահայտություններով է վիրավորել, նրա ո՞ր գործողություններն են համարվում իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ», - դեռ ապրիլի 28-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Ռոբերտ Գրիգորյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG