Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթի մատուցումներով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մասին ապրիլի 28-ի զեկույցը «արմատական ընդդիմության սկսած քաղաքական պայքարի եւ դրա հետեւանքով առաջ քաշված իշխանափոխության պահանջի կատարյալ ֆիասկոն» էր: «Լեգիտիմության հարցը վերջնականապես փակված է», - գրում է մեկնաբանը: - «Սրանից հետո այն դառնում է մի յուրահատուկ բումերանգ, քանի որ այսուհետ եւս նախագահի լեգիտիմության հարցը շոշափելու պարագայում ընդդիմությունը ուղղակիորեն հայտնվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կարծիքը ոտնահարողի դերում»: Այս ամենից մեկնաբանը բխեցնում է, թե հիմա Հայաստանի իշխանությունների համար ամենադժվարը սեփական երկրի հանդեպ «գործ սարքող» ընդդիմության հետ երկխոսություն վարելու առաջարկի բավարարումն է, եւ թե՝ «վեհաժողովի զեկույցից հետո օրակարգի հարց է դառնում ոչ թե իշխանափոխությունը, այլ ընդդիմությունափոխությունը»:

Մյուս կողմից, «Հայկական ժամանակ»-ն այսօր շեշտում է. - «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկման արդյունքում ընդունել է ոչ թե այն տարբերակը, որ ներկայացրել էինք երեկ, եւ որի մասին այնքան ոգեւորությամբ Ստրասբուրգից հարցազրույցներ է տվել Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, իսկ կոալիցիոն կուսակցությունները խորհրդարանական բրիֆինգների ժամանակ խոսել են որպես իշխանության հաղթանակ, այլ բոլորովին այլ փաստաթուղթ... Դրանում ընդհանրապես հանված են ընդդիմության համար աննպաստ բոլոր դրույթները: Հանվել են նաեւ դրույթները, որոնք նպաստավոր էին իշխանությունների համար: Իշխանության համար պաշտոնապես հրապարակված բանաձեւում նպաստավոր է միայն այն, որ վերհաժողովը ընդունում է, որ նրանք Հայաստանի իշխանությունն են, եւ նրանց մինչեւ սեպտեմբեր ժամանակ է տրվել մարդու իրավունքների ոլորտում առկա թերությունները վերացնելու, հանրահավաքների ու ազատ տեղաշարժվելու ազատությունը երաշխավորելու, նաեւ «Ա1+» հեռուստաընկերության վերադարձը եթեր ապահովելու համար»:

«Առայժմ գրանցվել է մարտական ոչ ոքի», - արձանագրում է «Առավոտ» թերթը: - «Իշխանությունները կարող են չվախենալ իրենց աթոռների համար, քանի որ վստահության հանրաքվեն Եվրախորհրդի կողմից չխրախուսվեց: Մյուս կողմից էլ, ընդդիմությունն առաջին հինգ ամիսների ընթացքում իշխանությանը լարվածության մեջ պահելու հոյակապ հնարավորություն է ստացել»:

«Այբ-Ֆե» թերթի մեկնաբանի հայացքով, իրադարձությունների ցանկացած զարգացման ընթացքում սխալված չենք լինի, որ ասենք՝ «տուժողը» շարքային քաղաքացին է, քանզի Եվրախորհրդի այս «կոմպլեմենտարությունը» Հայաստանը դատապարտում է կարծես շարունակական անորոշությունների:

«Հայաստանի մասին զեկույցի բովանդակությունը խիստ հավասարակշռված է այն առումով, որ Եվրոպային հնարավորություն է տալու շղթայել Հայաստանի ե'ւ իշխանություններին, ե'ւ ընդդիմությանը», - բնորոշում է «Ազգ» թերթի մեկնաբանը։ - «Եվ ժամանակը ցույց կտա երկուսի, հետեւաբար՝ Հայաստանի պարտության անխուսափելիությունը»: «Մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում ստացավ նոր հարված», - խտացված է «Ազգ»-ում։ - «Այսօր Հայաստանի իշխանություններն ավելի խոցելի են, աշխարհը մեզ ճնշելու եւ երկրի համար կարեւորագույն հարցերում զիջումներ կորզելու նոր հնարավորություն ստացավ»։

«Եթե ոմանց քաղաքական պահանջների օրակարգը չի համընկնում ժողովրդի բացարձակ մեծամասնության պահանջների օրակարգի հետ, ապա հանրահավաքում ժողովրդի ստվար զանգվածների բացակայությունը սեփական պետության վրա դրսից «տղա բերելու» միջոցով չէ, որ պետք է փոխհատուցվի: Պետությունը թուլացնելով ժողովրդի հիմնախնդիրները չեն լուծվում», - խմբագրականում այսօր ընդգծում է «Երկիր» թերթը՝ միաժամանակ նաեւ ամրագրելով. - «Հեռու ենք այն մտայնությունից, թե առկա հիմնախնդիրների լուծման ամենաարդյունավետ ձեւը դրանց մասին ընդհանրապես լռելն է: Ճիշտ հակառակը՝ ինչքան շատ ու բազմաձայն քննարկվեն խնդիրները, այնքան մեծ է հավանականությունը, որ կգտնվի ամենաարդյունավետ լուծումը»:

«Իրավունք» թերթի միջանկյալ ամփոփմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ տեղ թեթեւացած շունչ քաշելու իրավունք ունի, քանզի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում չկա որեւէ կետ, որը պարտավորեցնի վստահության հանրաքվեի անցկացումը: «Իսկ ընդդիմությունն էլ շարունակելու է հանրահավաքային մարտավարությունը՝ օգտվելով այն հանգամանքից, որ բանաձեւը նպաստավոր դաշտ է ստեղծել հանրահավաքների առավել ազատ անցկացման համար: Բայց իրավիճակի վրա էապես ազդելու է ոչ միայն ընդդիմության կեցվածքը, այլեւ իշխանամետ խորհրդարանական ուժերի վարքագիծը: Իսկ այդ ուժերը, հատկապես ի դեմս Հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր»-ի, արդեն իսկ ցույց տվեցին, որ կարող են Ռոբերտ Քոչարյանից պահանջել երաշխիքներ խորհրդարանը եւ կառավարությունը չլուծարելու ուղղությամբ: Սա նախադրյալներ է ստեղծում, որ հենց իշխանական դաշտի ներսում հասունացվի այդ դաշտի շրջանակներում իրականացվելիք իշխանության փոխանցման գործընթաց», - բխեցվում է «Իրավունք»-ում: Խոշոր հաշվով, էական փոփոխություններ ակնկալվում են հիմնականում սեպտեմբերին, երբ «պարզ կլինի, թե ինչպիսին են Հայաստանի եւ եվրոպական կառույցների փոխհարաբերությունները ու ի, վերջո, ինչ շեշտադրումներ ունի երկրի արտաքին քաղաքականության վեկտորը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG