Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացնում իշխանություններին


Երեքշաբթի օրը Ազատության հրապարակում հայաստանյան միացյալ ընդդիմության ղեկավարները վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ հասնել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին: Իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վերջնագիր ներկայացրեց իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար տալով 7-օրյա ժամկետ:

«Եթե չեք պատասխանի, ամսի 4-ին սպասեք հուժկու հարվածի», - հայտարարեց նա:

«Մեր պահանջները մնում են նույնը՝ Քոչարյան, հեռացի'ր», - հանրահավաքի իր ելույթում ասաց «Արդարություն» դաշինքի ղեկավարներից Վիկտոր Դալլաքյանը՝ միաժամանակ համախմբման կոչ անելով երկրի քաղաքական ուժերին, մտավորականներին, գյուղացիներին, բանվորներին, երիտասարդներին. - «Հայրենիքը վտանգի մեջ է, եւ մենք միասին պետք է երկիրը դուրս բերենք այս ծանր իրավիճակից: Ես կոչ եմ անում համախմբվել եւ միանալ՝ Քոչարյանի ռեժիմը ժողովրդավարական ճանապարհով տապալելու համար»:

Այդուհանդերձ, այսօր ընդդիմությունը լարվածության չգնաց՝ առաջին հերթին հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկումը որպես հրատապ հարց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելը:

Այդ հարցին հանրահավաքի հենց սկզբում անդրադարձավ «Արդարություն» դաշինքի ղեկավարներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը՝ հայտարարելով, թե դրա ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:

«Որովհետեւ այն, ինչ արեցին իրենք՝ բռնություններ սեփական ժողովրդի դեմ, ոստիկանական հարձակումներ խաղաղ ցուցարարների վրա, ներխուժումներ կուսակցությունների գրասենյակներ, ապօրինի խուզարկություններ ու մարդկանց ձերբակալություններ՝ քաղաքական դիրքորոշումների համար, հանգեցրին այս վիճակին», - ասաց Բազեյանը: - «Իհարկե, եթե սանկցիաներ կիրառվեն Հայաստանի Հանրապետության դեմ, տուժելու ենք բոլորս՝ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները: Բայց կրկնում եմ՝ սա իրենց գործելակերպի, իրենց կողմից իրականացվող քաղաքականության արդյունքն է»:

Ավելի վաղ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Ինձ համար՝ որպես հայ մարդու, շատ տխուր է, որ իմ երկրի խնդիրը ոչ ժողովրդավար լինելու առումով մտնում է Եվրախորհրդի օրակարգ: Բայցեւ՝ սա ունի մի առավելություն. Եվրախորհուրդը դրանով ցույց տվեց եւ հավանաբար մեր երկրում էլ պիտի հասկանան, որ Եվրախորհուրդը դա միայն միասեռականների կամ ալտերնատիվ ծառայության մասին կամ մահապատժի մասին օրենքը չէ: Եվրախորհուրդը դա ժողովրդի միջոցով, ժողովրդի քվեով օրինական իշխանություններ ձեւավորելն է»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանի խոսքերով, մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ներքին հարց չէ, քանի որ երկիրն անդամակցում է Եվրոպայի խորհրդին:

Հանրահավաքի կազմակերպիչները այսօր երթի կոչ չարեցին: Իշխանությունները, սակայն, նախապատրաստվել էին հնարավոր երթին. նախագահի նստավայրի դիմաց Բաղրամյան պողոտա էին բերվել ջրնետ մեքենաներ, իսկ հարակից Դեմիրճյան փողոց՝ ներքին զորքերի զինվորներ, հատուկջոկատայիններ ու փշալարեր:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG