Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր՝ ապրիլի 27-ին, քաղաքական իրադարձությունների զարգացումը սկսվում է բավականին ուշագրավ ֆոնի վրա», - առանձնացնում է «Իրավունք» թերթը: - «Նախ՝ ընդդիմության հայտարարած հանրահավաքը կայանալու է Ռոբերտ Քոչարյանի՝ հանրապետությունից բացակայելու պայմաններում: Ու, ինչը ոչ պակաս կարեւոր է՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հրատապության կարգով դարձել է Եվրախորհրդի խորհրդարանական լիագումար նիստի քննարկման հարց: Ըստ էության, ստացվում է, որ եթե ընդդիմության հանրահավաքի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո տեղի ունենան հերթական հալածանքները, ապա դրանք անմիջապես կդառնան քննարկման առարկա Ստրասբուրգում... Այսպիսով ընդդիմադիր տրամադրություններ ունեցողները կոգեւորվեն, իսկ իշխանության մոտ կպակասի այն լծակների կիրառման հնարավորությունը, որը որոշ իշխանամետ գործիչներ անվանում են «իշխանության ինքնապաշտպանության միջոցներ»: Ինչ վերաբերում է իշխանություն - ընդդիմություն երկխոսությանը, «Իրավունք»-ում մասնավորապես գնահատված է. - «Բանակցությունների բուն տրամաբանությունը ցույց է տալիս նաեւ, որ հանրահավաքային ալիքի շնորհիվ այժմ ընդդիմությունն ունի քաղաքական առումով գրեթե նույն քաշային կատեգորիան, ինչ կոալիցիան... Բայց ընդդիմության եւ կոալիցիայի բանակցություններն ունեն այն առանձնահատկությունը, որը ընդդիմության առաջադրած խնդիրների զգալի մասի լուծումը կախված է ոչ թե կոալիցիայից, այլ Ռոբերտ Քոչարյանի շրջապատից»:

«Հայկական ժամանակ» թերթում նույնպես այսօր կարեւորվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քայլը: «Սա եւս մեկ անգամ վկայում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ եվրոպական երկրների բացառիկ հետաքրքրությունը եւ ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցելու նրանց հաստատակամությունը», - շեշտված է այստեղ: Իսկ երկխոսության առնչությամբ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը հոռետեսորեն նշում է. - «Կոալիցիան վերջապես հաջողեցրեց ընդդիմությանը ներքաշել անպտուղ բանավեճի մեջ, որը հաստատ հիշեցնելու է «ձո՞ւն էր ի սկզբանե, թե՞ հավը» դիլեման»: Մեկնաբանը որոշակի մեղմացում է տեսնում ընդդիմադիր բանակցողների պահվածքում, միաժամանակ չի հասկանում, թե ինչ իմաստ ունի երկխոսության այդ նմանակումը, եթե իշխանությունը հայտարարում է. - «Նախագահի հրաժարականի, վստահության հանրաքվեի եւ իշխանափոխության հարցերի շուրջ ընդդիմության հետ բանակցելու բան չունենք»: Իսկ «Հայոց աշխարհ» թերը այսօր լավատեսորեն ձեւակերպել է. - «Սառույցը շարժվեց. երկխոսության մեկնարկը խոստումնալից է»:

«Առավոտ» թերթը հատվածներ է փոխանցում ապրիլի 24-ին Թեհրանում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթից, ուր դիմում կա թե' իշխանություններին, թե' ընդդիմությանը. - «Պարոն նախագահ, այո, մեր երկրում կա առաջընթաց, կա զարգացում, կա կյանքի բարելավում, սակայն նույն մեր երկրում դեռ շարունակվում են աղքատությունը, կոռուպցիան, անարդարությունները: Դուք Ձեր նախընտրական եւ հետընտրական ելույթներում հայտարարում էիք, թե պայքարելու եք այդ երեւույթների դեմ, սակայն մենք չենք տեսնում շոշափելի քայլեր, հստակ, կազմակերպված պայքար»: Ընդդիմությանն էլ Դաշնակցության ներկայացուցիչը ասում է. - «Եթե ժողովրդի մի հատվածը ձեզ հետ է, պատճառն այն է, որ դժգոհ է երկրի սոցիալական վիճակից, որովհետեւ ուզում է արդարություն տեսնել այս երկրում։ Նրանք ձեր շուրջը չեն համախմբվել ձեզ իշխանության հասցնելու համար»։ Ըստ Հրանտ Մարգարյանի, ընդդիմության պայքարը «լավագույն» դեպքում, ճանապարհ է հարթելու ուրիշների, այլ ուժերի համար. թափանցման, ազդեցության մեծացման, երկիրը հավելյալ կախվածության մեջ պահելու հնարավորություն եւ տարբերակներ է մատուցելու օտարներին:

Պատգամավոր Համլետ Հարությունյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Կարծում եմ՝ երկխոսություն չի ստացվելու, որովհետեւ ընդդիմությունն ինքնուրույն չէ: Նրա գործողությունները պլանավորվում եւ ղեկավարվում են երրորդ ուժի կողմից: Արտաքի՞ն ուժ է դա, թե՞ ներքին կամ այդ երկուսի համադրումը, չեմ կարող ասել»: Իսկ թե ինչ է ուզում այդ երրորդ ուժը, Համլետ Հարությունյանը մատուցում է այսպես. - «Հասկանալի է, որ Հայաստանը ոչինչ չունի տալու, բացի Ղարաբաղից... Իշխանափոխության գինը կլինի Ղարաբաղը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG