Մատչելիության հղումներ

Հայաստանում բարձր տնտեսական աճը ուղեկցվում է եկամտի բաշխման անհավասարության բարձր աստիճանով


«Համաշխարհային զարգացման ցուցանիշները» զեկույցում Համաշխարհային բանկի փորձագետները արձանագրել են, որ վերջին 15 տարվա ընթացքում աղքատության շոշափելի նվազում է դիտվել՝ գերազանցապես ի հաշիվ Չինաստանում եւ Հնդկաստանում գրանցված տնտեսական աճի։

Ավելին՝ ուսումնասիրությամբ ընդգրկված 208 երկրների մեծ մասում աղքատության մակարդակը նկատելիորեն աճել է։ Ըստ զեկույցի, այսօր աշխարհում մեկ միլիարդ հարյուր միլիոն մարդ ապրում է աղքատության գծից ներքեւ՝ սպառելով օրական մեկ դոլարից պակաս:

Համաշխարհային բանկի փորձագետները իրենց զեկույցում շեշտում են նաեւ, որ բազմաթիվ երկրներ կան, որտեղ՝ եթե անգամ տնտեսական բարձր աճ է գրանցվում, սոցիալական իրավիճակի շոշափելի բարելավում չի նկատվում, քանի որ այդ աճի պտուղները խիստ անհամաչափ ու անարդար են բաշխվում։

Հայաստանը, անկասկած, նման երկրների շարքում է: Այստեղ աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկն է գրանցվել, սակայն ամենաբարձրերից է նաեւ եկամտի բաշխման անհավասարության կամ բեւեռացման աստիճանը։ Ըստ հրապարակված զեկույցի, Հայաստանը ներառվել է «ցածր միջին եկամտով» 54 երկրների շարքում. այդ խմբի մեջ են այն երկրները, որոնց բնակչության շնչի հաշվով տարեկան եկամուտը գտնվում է 736-2935 դոլարի միջակայքում։

2003 թվականի տվյալներով, Հայաստանում մեկ շնչին ընկնող եկամուտը կազմել է մոտ 930 դոլար։ Ըստ հրապակված զեկույցի, շնչի հաշվով եկամտի մակարդակով Հայաստանի հետ մեկտեղ նույն խմբում են Բուլղարիան, Կուբան, Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ղազախստանը։

Մեր մյուս անմիջական հարեւանները՝ Ադրբեջանը եւ Վրաստանը, շնչի հաշվով եկամտի դասակարգման ցուցակում տեղ են զբաղեցրել ստորին մասում՝ եկամտի ցածր մակարդակ ունեցող 64 երկրների խմբում։ Այդտեղ են նաեւ Մոլդովան, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։

Նախկին խորհրդային երկրներից միայն մերձբալթյան երեք երկրներն են, որ շնչի հաշվով եկամտի մակարդակով արդեն կայուն տեղ ունեն «միջին եկամուտ» ունեցող երկրների խմբում։ Մերձբալթյան երկրներում շնչի հաշվով եկամտի մակարդակը տատանվում է 3,5-4 հազար դոլարի սահմաններում։

Համաշխարհային բանկի տարեկան զեկույցը աղքատության եւ անհավասարության պատճառների մեջ առանձնացնում է անբավարար ներդրումները սոցիալական, կրթական եւ առողջապահական բնագավառներում։

Վերջապես, երրորդ աշխարհի եւ անցումային երկրների աղքատության պատճառների մեջ լուրջ դեր է վերագրվում նաեւ ռազմական ծախսերի անվերահսկելի աճին։ Ըստ հրապարակված զեկույցի՝ եթե եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում ռազմական ծախսերը կազմում են պետական ծախսերի 11 տոկոսը, ապա զարգացող եւ անցումային երկրներում դրանց բաժինը ընդհանուր պետական ծախսերի մեջ հասնում է 12,3 տոկոսի։

Հայաստանի այս տարվա պետական բյուջեով ռազմական կարիքների համար հատկացված է պետական ծախսերի 15,6 տոկոսը։

Համաշխարհային բանկի զեկույցը փաստում է, որ 2002 թվականին համաշխարհային մակարդակով ընդհանուր ռազմական ծախսերը կազմել են շուրջ 794 միլիարդ դոլար։ Մինչդեռ, զարգացած դոնոր երկրների կողմից զարգացող երկրներին ցուցաբերած օգնությունը մոտ 10 անգամ պակաս է եղել՝ կազմելով 70 միլիարդ դոլար:

Զեկույցի՝ ժողովրդագրական իրավիճակի փոփոխություններին վերաբերող հատվածում արձանագրվում է, որ Հայաստանը այն մեկուկես տասնյակ երկրների խմբում է, որտեղ բնակչությունը առաջիկա 10 տարվա ընթացքում չի աճի կամ կնվազի: Ըստ զեկույցի կանխատեսումների, 2015 թվականին Հայաստանի բնակչության թիվը լավագույն դեպքում կկազմի 3 միլիոն մարդ։ Մոտ կես միլիոնով կնվազի նաեւ Վրաստանի բնակչությունը:

Ադրբեջանի բնակչությունը, ընդհակառակը՝ դանդաղ աճելով 2015 թվականին կհասնի 9 միլիոնի։ Նույն զեկույցի համաձայն, Իրանի եւ Թուրքիայի բնակչությունը այդ ընթացքում կավելանա 10-ական միլիոնով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG