Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 24-ը ապրիլի)

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլեւս անկասելի գործընթաց է դարձել», - հավաստում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը՝ ամրագրելով. - «2003 թվականին լուրջ եւ որակական առաջընթաց արձանագրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Մոտակա ամիսներին Եվրոպայում է'լ ավելի ուժեղ է հնչելու այն երկրների եւ ուժերի ձայնը, որոնք Եվրոպայի դռները բախող Թուրքիայի առջեւ կդնեն հայ ժողովրդի հանդեպ իրականացրած հանցագործությունը ճանաչելու եւ ապաշխարհելու հստակ պահանջը»: Ի վերջո, «Հայոց աշխարհ»-ում սահմանվում է. - «Կա'մ հայերին փոխհատուցելու միջոցով Թուրքիան պետք է փակի իր հաշիվները սեփական անցյալի հետ, կա'մ էլ մնա վերջինիս գերին ու զրկվի զարգացման, ուրեմնեւ հզորացման նոր հնարավորություններից»:

«Ազգ» թերթն էլ այսօր ընդգծել է. - «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ծավալվում է: Թուրքական սպառնալիքներով անհնար է դրա կասեցումը»: «Առավոտ» թերթի շեշտադրմամբ՝ պահանջներ դնելու համար պետք է ուժեղ լինել: Ու քանի դեռ Հայաստանը ուժեղ պետություն չէ, Հայոց ցեղասպանությունը կճանաչեն թերեւս միայն «այն երկրները, որոնց շահերին եւ հետաքրքրություններին չի հակասում Եղեռնի ընդունումը»: «Այլ խնդիր է՝ կդառնա՞ մեր երկիրն ուժեղ այն բանից, եթե մեր հասարակությունը նախընտրի հաշտվել ապօրինություններին եւ ազգային համերաշխությունն ու կայունությունը վտանգելու վախից՝ հրաժարվի ամեն կարգի քաղաքական եւ սոցիալական այլախոհությունից», - հարց է դնում «Առավոտ»-ը՝ անվերապահ համոզմամբ, որ «կարող ենք ուժեղ լինել՝ միայն ազատ, ժողովրդավարական պետություն դառնալով ու եվրոպական ընտանիքի լիարժեք անդամը լինելով»: «Հայկական ժամանակ» թերթի առանձնացմամբ, առաջին հարցը, որ ծագում է 2004 թվականի ապրիլի 24-ի կապակցությամ, հետեւյալն է. - «Արդյո՞ք այսօրվա բազմահազարանոց երթը դեպի Ծիծեռնակաբերդ արտոնված է, եւ արդյո՞ք դրան հետեւելու են ձերբակալություններ եւ վարչական տույժեր»: «Քանզի հիմա», - շարունակում է թերթը, - «երբ ժողովուրդը կարծես ինքն իր երկրին ու ապագային տեր կանգնելու հերթական փորձն է անում, հայտնվում են մարդիկ, որոնց կարծիքով՝ ժողովուրդը ոչինչ որոշել չի կարող, եւ իրենք իրենց սափրած գլուխներով պետք է ամեն ինչ որոշեն ժողովրդի փոխարեն: Մեր զուգահեռը ամենեւին էլ Օսմանյան Թուրքիայի եւ Հայաստանի գործող իշխանությունների միջեւ չէ, ամենեւին ոչ եւ իսկապես՝ ոչ», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մեր զուգահեռը հայ եւ հայ քաղաքական մտքի միջեւ է եւ համեմատություն չէ, այլ ըմբռնելու անկարողություն, թե ինչպես է ցեղասպանություն տեսած ժողովրդի քաղաքական ուժը իրեն թույլ տալիս ընտրություն կեղծել, այսինքն՝ իր իսկ ժողովրդին զրկել սեփական երկրի տերը լինելու, սեփական ճակատագիրը որոշելու սուվերեն իրավունքից»: «Ամեն դեպքում այսօր բոլորս մտովի կամ ֆիզիկապես Ծիծեռնակաբերդ ենք բարձրանալու չարտոնված երթով, որովհետեւ որեւէ մեկը ի զորու չէ մեր երկրում տեր լինելու մեր իրավունքը արտոնել», - կարեւորում է «Հայկական ժամանակ»-ը: - «Կեցցե այդ երթը, եթե մենք գնում ենք թոթափելու զոհի մեր բարդույթն ու կարգավիճակը, ապացուցելու, որ այլեւս թույլ չենք տա թուրքին, ռուսին, ամերիկացուն, չինովնիկին, հանցագործին, օլիգարխին՝ բռնանալ ապրելու մեր բնական բարձրագույն եւ երկրում տեր լինելու մեր քաղաքական բարձրագույն իրավունքներին»:

«Ինչո՞ւ է ընդդիմությունը մոռացել Եվրոպական դատարանը եւ նախապատվությունը տվել ժողովրդին առճակատման տանելու ճանապարհով իշխանափոխություն անելու փորձերին», - հարց է առաջ մղում այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթը: Այստեղ նաեւ գնահատական է տրված. - «Ընդդիմությունը սեփական երկիրն ու ժողովրդին վարկաբեկելուց զատ եւ առաջ վարկաբեկում է ինքն իրեն: Ինչքան հաճախակի են դառնում նրանց չարտոնված հավաքները, այնքան տեսանելի է դառնում ձախողված իրենցիայի փաստը»: Մյուս կողմից, «Հայկական ժամանակ»-ի առաջին էջին դրված է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթում Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հարցազրույցից հետեւյալ հատվածը. - «Փաստ է, որ ժողովրդի մեծ մասը ներկայիս իշխանություններից դժգոհ է: Անազնիվ է եւ հիմարություն՝ հերքել այս փաստը... Դաշնակցությունը, լինելով կառավարող կոալիցիայի անդամ, շատ հարցերում համակարծիք է ժողովրդի պահանջներին»: «Մեր պետության առաջ կանգնած խնդիրները պետք է լուծվեն», - ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը եւ ավելացրել, թե գործադիր իշխանությունը կամ շատ դանդաղ է լուծում այս խնդիրները կամ ընդհանրապես չի լուծում: «Եթե ընդդիմությունը մի կողմ դնի իր մաքսիմալիստական պահանջները՝ առաջ քաշելով իրատեսական խնդիրներ, ապա մենք միասին կարող ենք մտածել, թե որն է այս իրավիճակում ամենակարճ ճանապարհը` իշխանափոխությունը, թե մեկ այլ բան», - նշել է Վահան Հովհաննիսյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG