Մատչելիության հղումներ

Խորհրդարանի խոսնակը կլոր սեղանի շուրջ է հրավիրում բոլոր քաղաքական ուժերին


Ազգային Ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում երկրի բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց հայաստանյան միացյալ ընդդիմության ապրիլի 27-ի հանրահավաքի նախօրեին՝ ապրիլի 26-ին կազմակերպել ներքաղաքական իրավիճակի քննարկում:

«Ապրիլի 26-ին ժամը 18-ին հրապարակային ձեւով հրավիրում եմ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կլոր սեղանի շուրջ քննարկենք ստեղծված իրավիճակը», - ասաց Արթուր Բաղդասարյանը:

Ազգային ժողովի խոսնակի բնորոշմամբ, այս պայմաններում, երբ ընդդիմությունն իր պահանջներից չի նահանջում, նրա հետ արդեն երկխոսության մեջ են մտնում, ցավոք, իրավապահ մարմինները:

«Գլխի թեփի դեմ պայքարելու լավագույն միջոցը գիլյոտինը չէ», - ասաց նա՝ հարցին էլ թե պատկերավոր այդ հորդորն ընդդիմությա՞նը, թե՞ իրավապահներին է ուղղված, պատասխանելով. - «Դա ուղղված է մեր իրականությանը»:

Անդրադառնալով դեռեւս անցած ամիս «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների դեմ հարուցված հայտնի քրեական գործին, Արթուր Բաղդասարյանը ասաց. - «Քաղաքական կուսակցության դեմ քրեական գործ չեն հարուցում: Ես չգիտեմ, թե ինչ արարքի դեմ է հարուցվել»:

Բաղդասարյանը նորից ընդգծեց, որ ավարտվող շաբաթվա սկզբին կոալիցիայի կողմից արված չորս առաջարկների դիմաց ընդդիմությունը կարող է իր առաջարկները ներկայացնել: Հարցին, թե վերջիններիս մեջ երկրի նախագահի հրաժարականի կամ վստահության հանրաքվեի հարց լինելու դեպքում կոալիցիան պատրա՞ստ է քննարկման, խորհրդարանի խոսնակը հակադարձեց. - «Այդ հարցերը արդեն հայտնի հարցեր են, որոնք հնչել են: Չի կարելի ասել՝ էս գրիչը տուր ինձ, թե չէ քո հետ չեմ խոսում... Պատրաստ ենք քննարկել վստահության հանրաքվեի օրինականության հարցը. թող Եվրախորհրդից փորձագետներ գան»:

Ի պատասխան դիտարկմանը, թե ընդդիմությունը փաստարկում է, որ երկխոսության կոչերին զուգահեռ շարունակվում են բռնություններն ու ձերբակալությունները եւ ոչ թե կոալիցիոն կուսակցությունները, այլ երկրի նախագահն է որոշողը, Բաղդասարյանը ասաց. - «Քաղաքական գործիչներ ենք. մեզ ոչ մեկը ոչ մեկի հետ չի կապել քարկապով: Ունենք մեր սկզբունքները, մեր հայացքները, մեր դիրքորոշումները: Ողջախոհ բոլոր առաջարկությունները կքննարկվեն ե'ւ կոալիցիայի ներսում, ե'ւ հանրապետության նախագահի հետ»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ասածը, թե իրեն պաշտոնանկելու դեպքում ընդդիմությանը կմիանա, Ազգային Ժողովի նախագահը «պրագմատիկ» անվանեց, իսկ Ազգային Ժողովը լուծարելու հնարավորության մասին ասաց. - «Դա առաջ է բերելու նախագահի պաշտոնանկության գործընթացի սկիզբ: Պարզ է, թե ինչու են հիմա սկսել շահարկել-խոսել Ազգային ժողովի լուծարման մասին»:

Բաղդասարայանը նաեւ հայտարարեց, որ նախագահի պաշտոնանկության գործընթաց խորհրդարանում սկսելու նախադրյալներ չկան:

Ազգային Ժողովի լիազորություններն առաջիկայում ընդլայնելու անհրաժեշտության մասին խոսելով, օրենսդիր մարմնի ղեկավարը հայտարարեց, որ այսուհետ Բաղրամյան փողոցից խորհրդարանի շենքի մուտքը, որտեղ ապրիլի լույս 13-ի գիշերը, բռնությունների ենթարկված պատգամավորների եւ լրագրողների վկայությամբ, իրենք ծեծի էին ենթարկվել, երեկոյան ժամերին կապարակնքվելու է:

Բաղդասարյանը չընդունեց բնորոշումը, որ այդ գիշեր Ազգային Ժողովը զորանոցի էր վերածվել՝ հիշեցնելով, որ շենքի պաշտպանությունն իրականցնում են ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ, որոնք, վերջին հաշվով, ենթարկվում են հանրապետության նախագահին:

Տասնօրյա լռությունից հետո անդրադառնալով ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերին, Բաղդասարյանը՝ նշելով, որ անմեղ մարդիկ ու լրագրողներ են տուժել, ասաց, թե հետեւանքներից առաջ պետք է խոսել դրանց պատճառների մասին:

Ազգային Ժողովի նախագահն ասաց, որ վատ է վերաբերում թե' կուսակցությունների գրասենյակներ ջարդելուն, թե' «Արդարություն» դաշինքի եւ դրա համակիրների դեմ հարուցված քրեական գործին, դատապարտեց Աշոտ Մանուչարյանի դեմ երեկ տեղի ունեցած բռնությունը: Նա հայտարարեց, որ լրագրողների դեմ տեղի ունեցածի առիթով գրավոր դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու համար:

Երկրի ներկայիս իրավիճակն Ազգային Ժողովի նախագահին բերել է եզրահանգման, որ ետ ենք շպրտվում ժողովրդավարական զարգացումներից, երկրի ներսում թուլանում է իշխանությունը, սասանվում է Հայաստանի միջազգային հեղինակությունը: Նման պայմաններում, ըստ նրա, Եվրախորհրդում կարող է դրվել Հայաստանի անդամակցության հարցը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG