Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ին ընդդիմությունը քաղաքական որեւէ գործողություն չի նախատեսում


«Արդարություն» դաշինքի ղեկավար անդամներից Վիկտոր Դալլաքյանը ուրբաթ օրը՝ դաշինքի խորհրդի հերթական նիստից հետո, հերքեց որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, թե ապրիլի 24-ին ընդդիմությունը հանրահավաք կամ բողոքի այլ գործողություններ է նախատեսում:

«Այսօրվա նիստում մենք քննարկեցինք ապրիլի 24-ին կազմակերպվող երթի հետ կապված մանրամասներ», - ասաց Դալլաքյանը: - «Ժամը 11-ին մենք հրավիրում ենք ժողովրդին Ազատության հրապարակ, որտեղից երթ կլինի դեպի Ծիծեռնակաբերդ: Երթի ընթացքում եւ դրանից հետո որեւէ քաղաքական ակցիա մենք չենք նախատեսում»:

Նրա փոխանցմամբ, այսօրվա նիստում քննարկվել են նաեւ այլ խնդիրներ՝ ապրիլի 27-ին անցկացվելիք հանրահավաքի, վերջին ձերբակալությունների հետ կապված: Անդրադարձ է եղել նաեւ Աշոտ Մանուչարյանի նկատմամբ երեկ կատարված բռնությանը:

«Բռնությունները շարունակվում են համակարգված ձեւով», - հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը՝ եզրակացնելով. - «Նմանատիպ քայլերը վկայում են ռեժիմի հոգեվարքի մասին»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանի կարծիքով, բռնությունները ժողովրդին «ընդհանուր վտանգի զգացողություն են հաղորդում, ինչը միավորող ազդեցություն է թողնում»:

Ընդդիմությունը շարունակում է չհրաժարվելով երկխոսությունից՝ չհրաժարվել նախապայմաններից: Վիկտոր Դալլաքյանը այսօր էլ չբացառեց երկխոսությունը: «Բայց», - ասաց նա, - «դրա հիմքում պետք է լինի վստահության հանրաքվեի անցկացումը: Սա է երկխոսության հիմքը՝ Սահմանադրական դատարանի որոշման իրականացումը»:

Գրիգոր Հարությունյանը այդ կապակցությամբ հավելեց, թե կարելի է նստել երկխոսության, եւ թող կոալիցիան երկխոսության սեղանի շուրջը ասի, որ չի ընդունում ընդդիմության նախապայմանները:

«Այլապես բոլոր խոսքերը երկխոսության մասին սին են», - ասաց Հարությունյանը: - «Այն, ինչ ասում են, անում են հակառակը. ոչ ոք [կոալիցիայի ներկայացուցիչներից] չի գալիս երկխոսության»:

Հարությունյանը նաեւ դրա բացատրությունը տվեց. - «Մեկ կենտրոնից է դա թելադրվում եւ արգելք է դրված այդ երկխոսության վրա: Նախագահականից արգելք է դրված»:

Նույն կարծիքը հայտնեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:

«Մեր երկիրը իբր թե ունի կիսանախագահական կառավարման համակարգ, բայց սա գերնախագահական համակարգ է», - ավելացրեց նա:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG