Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը բացասական կարծիք է տվել հանրահավաքների ու երթերի մասին օրինագծի վերաբերյալ


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակը եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը հինգշաբթի օրը կազմակերպել էին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կլոր սեղան-քննարկում: Բավականին բուռն էր անցած քննարկման ընթացքում հնչեցին խիստ հակասական կարծիքներ եւ որակումներ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի բնորոշմամբ՝ քննարկման ժամանակ «փորձ արվեց հայկական տաքարյուն խառնվածքը տեղավորել եվրոպական շրջանակներում», ինչը հատկապես ակնառու դրսեւորվեց, երբ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան փոխանցեց Վենետիկի հանձնաժողովի փորձագետների բացասական կարծիքը օրինագծի վերաբերյալ՝ այն չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:

Վուտովայի հայտարարությանը զայրացած ու խիստ արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը՝ «անթույլատրելի» որակելով տեղի ունեցածը:

«Սա քաղաքական դիրքորոշում է՝ առավել եւս նման իրավիճակում», - շարունակեց Թորոսյանը: - «Սա, ես կարծում եմ անթույլատրելի է»:

Ներկաների ներողամտությունը հայցելով կոշտ ձեւակերպումների համար, Ազգային ժողովի փոխխոսնակը ասաց. - «Եթե մենք աշխատանքային հանդիպում ենք ունենում, ներկայացնում ենք առաջարկություններ, իսկ հետո նման հրապարակային հանդիպումների ժամանակ այլ մոտեցումներ ենք արտահայտում, սա եւս ինձ համար, անկեղծ ասեմ, մի քիչ տարօրինակ ու զարմանալի է»:

«Սա ցույց է տալիս, որ կան, հետապնդվում են քաղաքական նպատակներ», - եզրակացրեց նա՝ Ազգային ժողովի անունից հայտարարելով, որ իրենք բացառապես մեկ նպատակ են հետապնդում՝ ունենալ եվրոպական չափանիշներին համապատասխանող, լավ օրենք:

Օրինագիծը, խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, անշուշտ, որոշակի փոփոխությունների ենթարկվել է: Այդ փոփոխությունները քննարկման սկզբում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Միջազգային փորձագետների գնահատմամբ, սակայն, դրանք էական չեն:

Մինչդեռ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե օրինագիծն այս վիճակում կարող է ընդունվել ինչպես երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ, այնպես էլ ամբողջությամբ: Քննարկման մյուս մասնակիցները միանգամայն այլ կարծիքներ արտահայտեցին: «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանի ձեւակերպմամբ, օրինակ, այս տեսքով դա օրենք է «զանգվածային միջոցառումները խոչընդոտելու մասին»:

Նրա խոսքերով, օրինագծում ավելի շատ են հրապարակային միջոցառումների անցկացումը սահմանափակող դրույթները: Քոչարյանը, չբացառելով, որ կայացած ժողովրդավարական երկրում օրինագիծը կարող է այլ կերպ մեկնաբանվել, ասաց. - «Քանի որ մեզանում ավանդույթը հակաժողովրդական է, մենք շատ զգույշ պետք է վերաբերենք օրենքի ցանկացած ձեւակերպմանը»:

Ընդդիմադիր պատգամավորը մի շարք օրինակներ բերեց. լիազոր մարմնին մեկ տասնյակից ավելի կետերով իրավունք է վերապահվում արգելել հրապարակային միջոցառման անցկացումը, ոստիկանության ներկայացուցիչը իրավունք ունի միջոցառումը դադարեցնելու որոշում կայացնել, արգելվում է միջոցառումներ անցկացնել պետական կարեւորագույն նշանակության օբյեկտների տարածքներում եւ դրանցից 150 մետրից պակաս հեռավորության վրա: Այս վերջին օբյեկտների ցանկում են նախագահի նստավայրը, Ազգային ժողովի, կառավարության, դատախազության, դատարանների, նախարարությունների, այլ գերատեսչությունների շենքերը:

Արգելվում է նաեւ ցույցեր, երթեր, ժողովներ ու հանրահավաքներ անցկացնել մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում՝ եթե դրանով խախտվում է այլ միջոցառման կազմակերպման եւ անցկացման բնականոն ընթացքը:

Օրինագծի մասին դրական կարծիք ունեցողները այսօրվա քննարկման ընթացքում փոքրամասնություն էին կազմում եւ բոլորն անխտիր իշխանության ներկայացուցիչներ էին:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի բնորոշմամբ, օրինագիծ առաջարկում է «ավտորիտար, այլ ոչ թե եվրոպական չափանիշներին համապատասխանող»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG