Մատչելիության հղումներ

Էներգետիկայի նախարարը դատապարտում է ընդդիմության գործողությունները


Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ներկայացնելով ոլորտի աշխատանքը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում եւ առհասարակ երկրում էներգետիկայի զարգացման հեռանկարները, հայտարարեց, որ եթե ընդդիմության ելույթները շարունակվեն, դա բացասաբար կազդի թե' տնտեսական եւ թե' սոցիալական իրավիճակի վրա:

«Բացասական եմ գնահատում ընդդիմության գործողությունները: Անընդունելի եմ համարում ցանկացած քայլ, որը կբերի երկրի կենսունակության խաթարմանը, որը կբերի միջազգային ատյաններում երկրի վարկանիշի իջեցմանը», - ասաց նախարարը՝ իշխանափոխության պահանջի մասին էլ հավելելով. - «Իշխանափոխություն պահանջելու համար սահմանադրորեն ժամանակ կա, որը անցած տարի էր, եւ այս առումով ուղղակի դատապարտում եմ ընդդիմության գործողությունները: Իշխանափոխություն են ուզում՝ 2008 թվականին թող իշխանափոխություն անեն»:

Արմեն Մովսիսյանը կանխատեսեց, որ ընդդիմության հանրահավաքների, երթերի շարունակման պարագայում «հոսանքի սպառումը հաստատ կընկնի»: Ավելին՝ ըստ նախարարի, կտուժեն այն բազմամիլիոն ներդրումային ծրագրերը, որոնց իրականացմամբ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի «էներգետիկ գերտերությունը»:

Այդ ծրագրերից առաջինը, անշուշտ, Իրան - Հայաստան գազամուղի շինարարությունն է, որի վերաբերյալ բանակցություններն արդեն ավարտվել են. ամենամոտ ապագայում Հայաստանի կժամանի Իրանի նավթի եւ գազի նախարար Զանգանեն, եւ կողմերը կստորագրեն 90-100 միլիոն դոլար արժեցող պայմանագիրը։

«Գազամուղը պետք է կառուցվի 1 տարի 8 ամսվա ընթացքում», - ասաց նախարարը՝ չճշգրտելով, սակայն, թե հայկական կողմն ինչ փողերով է պատրաստվում կառուցել խողովակաշարը: Նա միայն նշեց, որ լինելու է խառը ֆինանսավորում՝ վարկային եւ ներդրումային միջոցներ:

Հաջորդ խոշորածավալ ծրագիրը Իրանի հետ սահմանային Արաքս գետի վրա 80 մեգավատտ հզորությամբ հիդրոկայանի կառուցումն է։ Այդ ՀԷԿ-ի նախագծումն ու երկրաբանական հետախուզական աշխատանքները արդեն ընթացքի մեջ են: Ծրագիրը ենթադրաբար 120 միլիոն դոլար կարժենա: Նախարարը չասաց, թե ով է ֆինանսավորելու կառույցի շինարարությունը։

Էներգետիկայի նախարարը լուրջ հույսեր է կապում նաեւ Երեւանի ՋԷկ-ի նոր բլոկի կառուցման հետ։ 140 միլիոն դոլար արժեցող այդ ծրագիրը ֆինանսավորելու է Ճապոնիայի կառավարությունը:

Բնագավառի առաջիկա ծրագրերի թվարկումը շարունակելով, նախարարը տեղեկացրեց, որ որոշվել է վերսկսել Հայաստանի ընդերքում նավթի եւ գազի որոնողական աշխատանքները, եւ այդ նպատակով բանակցությություններ են վարվում կանադական «Ինդասմին Էներջի» ընկերության հետ:

«Արմավիրի մարզում, օրինակ, ենթադրվում է, որ կան բնական գազի լուրջ պաշարներ, որոնք ճիշտ է արդյունաբերական ծավալներ չունեն, սակայն, կարող են բավարարել Հայաստանի կարիքների մի մասը», -ընդգծեց Մովսիսյանը՝ հավելելով, թե Հայաստանի համար հեռանկարային են նաեւ հողմաէներգետիկան եւ ընդերքի ջերմաէներգետիկան։

Նախարարը հավաստիացրեց, որ առնվազն 350 միլիոն դոլարի այդ ծրագրերի իրագործումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

Արմեն Մովսիսյանը նաեւ ժխտեց հավանականությունը, թե Իրան - Հայաստան գազամուղի կառուցումը կավելացնի ԱԷԿ-ը փակելու ուղղությամբ հաճախակի դարձած արտաքին ճնշումը՝ միաժամանակ չբացառելով դրա փոխարեն նոր, ավելի ժամանակակից եւ հուսալի ատոմակայանի կառուցումը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG