Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը շարունակելու է պայքարը


Ապրիլի 2-ին ի պաշտպանություն ազատ խոսքի եւ երկու տարի առաջ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) վիճահարույց որոշմամբ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության հանրահավաքից հետո նախաձեռնողները դիմել էին ՀՌԱՀ-ին եւ Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարությանը՝ պահանջելով հրապարակել ազատ կապուղիների ցանկը: ՀՌԱՀ-ի նախագահը պնդում է, թե դիմում չի ստացել, իսկ կապի եւ տրանսպորտի նախարարի պատասխանը չի բավարարում դիմումատուներին, ովքեր վճռական են շարունակելու հանրահավաքային պայքարը:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմանն ի պատասխան, թե դիմումի պահանջը ազատ կապուղիների ցանկը հրապարակելն է, նոր մրցույթ անցկացնելը, որին կմասնակցեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին մասի առիթով ասաց. - «Սկզբունքորեն դեմ չեմ, եթե կունենանք կարիք, կներգրավենք»:

Իսկ Երեւանի համար նոր մրցույթ, նրա փոխանցմամբ, ՀՌԱՀ-ը կանցկացնի այն ժամանակ, երբ ազատ կապուղիներ կլինեն Երեւանում: Գրիգոր Ամալյանը պնդեց, որ ներկայումս ազատ կապուղիներ չկան:

«Ուղղակի ինչ֊-որ մեկի ֆանտազիան է», - ասաց նա:

Թե' «Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, թե' «Ա1+»-ի մասնագետները հակառակն են պնդում:

«Կապուղիները կան, դրանք ազատ են եւ պետք է հրապարակվեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսեսյանը՝ ներկայացնելով այդ ցանկը, որը տեսնելով, Գրիգոր Ամալյանը հակադարձեց, թե դրանք կիրառական եւ օգտագործելի չեն»՝ վկայակոչելով «էլեկտրամագնիսական համատեղելիության» խնդիրները: Ամալյանը ճշտեց, որ խոսքը մինչեւ 64-րդ դեցիմետրային կապուղիների մասին է:

Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը ստացել ու պատասխանել է նախաձեռնողիներին դիմումին: Պատասխանը, սակայն, չի բավարարում վերջիններիս:

«Սա պատասխան չէ, որովհետեւ մեր հարցադրումը եղել է կապի նախարարին տալ հաճախությունների ցանկը», - ասաց Մեսրոպ Մովսեսյանը: - «Կապի նախարարը ներկայացրել է մի նամակ՝ խճճելով բոլոր հաճախությունները, որ սատանան էլ գլուխ չհանի, բայց մենք գլուխ հանեցինք եւ հասկացանք, որ կապի նախարարը ոչ ուղղակի ձեւով մեղադրում է պարոն Ամալյանին անգործության մեջ»:
Օրինակ, նախարարը նշել է, որ դեցիմետրային 64֊-69֊-րդ կապուղիները «մշակված չեն» (ոչ թե ազատ են, այլ մշակված չեն), ինչը, Մովսեսյանի խոսքերով, նշանակում է, որ նախարարության համապատասխան մարմինն ու Գրիգոր Ամալյանն իրար հետ չեն աշխատում:

Գրիգոր Ամալյանը այս կապակցությամբ ասաց. - «Լիազոր մարմինը կանի աշխատանք, կտա եզրակացություն»:

Լիազոր մարմինը կապի նախարարության հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնն է:

Իսկ այն կապակցությամբ, որ Անդրանիկ Մանուկյանը պատասխանում վկայակոչել է նաեւ մայիսին Ժնեւում կայանալիք Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովը, որի արդյունքում «Ա1+»-ի համար կարող է թվայնացված կապուղի ստանալու հեռանկար բացվել, Մովսեսյանը ասաց. -
«Թվայնացումը Հայաստանում կկայանա 15-20 տարվա ընթացքում: Սա աբսուրդ է»:

Դեռ ապրիլի 2-ին հանրահավաքի նախաձեռնողները հայտարարել էին, որ իրենց դիմումին պատասխան չլինելու դեպքում շարունակելու են հանրահավաքային պայքարը:

«Ես համարում եմ, որ պատասխան չեմ ստացել: Պարոն Ամալյանն է պարտավոր հրապարակել բոլոր հաճախությունները եւ պարոն Մանուկյանն է պարտավոր: Սակայն երկուսն էլ չեն կատարել իրենց պարտավորությունները», - ասաց Մեսրոպ Մովսեսյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG