Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 17-ը ապրիլի)

«Դեռ նախորդ օրվանից տեղացող անձրեւի ու ցրտի պայմաններում հանրահավաքի ներկայացած մարդկանց թիվը զարմացրեց անգամ ամենալավատեսներին», - առանձնացնում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Գալով Մատենադարան՝ գրեթե բոլորը միաբերան ասում էին, որ չէին սպասում, որ ապրիլի լույս 13-ին հաջորդած հանրահավաքը այդքան մարդաշատ կլինի»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, հանրահավաքին մասնակցում էր 15-20 հազար մարդ. - «Եկել էին նաեւ մարդիկ, ովքեր խոստովանում էին, որ մինչեւ ապրիլի 13-ը մերժել են պայքարի հանրահավաքային ձեւը... Երեկվա հանրահավաքը, ըստ էության, ապրիլի 13-ի արյունալի դեպքերի մասին խոսելու եւ ժողովրդի «դուխը» բարձրացնելու հանրահավաք էր», - բնորոշում է «Հայկական ժամանակ»-ը:

«Առավոտ» թերթը այսօրվա խմբագրականում գնահատում է. - «Ապրիլի 13-ի իրադարձություններից հետո իրավիճակը Հայաստանում փոխվեց: Այն քաղաքացիները, որոնք կա՛մ առհասարակ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, կա՛մ տանել չեն կարողանում թե՛ Գեղամյանին, թե՛ Դեմիրճյանին, թե՛ Սարգսյանին եւ նրանց անմիջական համախոհներին, իրենց վիրավորված զգացին ցինիզմի այն աստիճանից, որով իշխանությունները ցրեցին խաղաղ ցուցարարներին, ծեծեցին լրագրողներին, բռնություններ եւ ձերբակալություններ իրականացրին ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ եւ այլն: Դրանից հետո ամենաապաքաղաքական մարդկանց նյարդերին անգամ ազդում է «Պրավդայի» ոճով քարոզչությունը, թե ինչպես են երկաթյա ժողկոմ Բերիայի արծիվները ոչնչացնում ժողովրդի թշնամիներին»: «Իշխանությունն ընկել է անպատժելիության էյֆորիայի մեջ, եւ դրա պատճատը հասարակության անտարբերությունն է», - նշում է «Առավոտ»-ը: - «Սակայն վերջին օրերին դրական տեղաշարժեր, այնուամենայնիվ, կան: Սիլվա Կապուտիկյանը վերադարձրեց «Մեսրոպ Մաշտոցի» շքանշանը նրան, ումից այն ստացել էր: Մտավորականության ավագների խորհուրդը իշխանությունների գործողությունները որակեց որպես ժողովրդին հասցրած ծանր վիրավորանք: Մեր երիտասարդ համաքաղաքացիները անկախ իրենց քաղաքական հայացքներից Մատենադարանի մոտ հանրահավաք էին կազմակերպել, ապա երթով շարժվել դեպի ԱԺ: Կարծես թե, մենք կամաց-կամաց դառնում ենք իր իրավունքներն ու պարտականությունները հարգող ժողովրդավարական, քաղաքացիական հասարակություն: Իշխանությունը վրդովեցրեց նույնիսկ ամենաանվրդով մարդկանց», - եզրափակում է «Առավոտ»-ը:

«Իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխզիջում չի կարող լինել՝ եթե վերջինիս ոչինչ, իշխանությունից բացի, պետք չէ», - շեշտում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը՝ այս ելակետից նախանշելով. - «Ընդդիմությունը նորից ու նորից կհրաժարվի բանակցություններից՝ հուսալով էլի մի քանի հավաքներով ու գործողություններով իշխանությանը մղել քայլերի, որոնք կօգնեն «փրկել իր դեմքը»: Եվ միայն հետո, երբ այդ փորձերը չստացվեն, կխոսի փոխզիջումների մասին: Բայց արդյո՞ք բարոյական ու օրինական կլինի արդեն նման հնարավորություն տալ հեղափոխական ընդդիմությանը», - կասկածում է մեկնաբանը, ըստ որի՝ երկխոսության ներկայիս կոչերը միայն ժամանակի զուր վատնում են, եւ «ներկայիս ընդդիմության հետ պետք է հարաբերվել միայն իրավական դաշտում»:

«Ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն է պետք». - իշխանական թեւի այս ակնարկ-ծրագրավորումների շրջանակում է տեղավորվում «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ՝ «Նոր ընդդիմություն» խորագրի ներքո: «Մենք գտնում ենք, որ իշխանություններն այսօր չեն կարողանում ապահովել երկրի ներքաղաքական կայունությունը», - ասում է վերջինս: - «Ազգային ժողովը առաջիկա 3 տարիներին եւս չի կարողանալու ապահովել երկրի կայուն զարգացումը եւ չունի մինչեւ 2007 թվականը գոյատեւելու ներուժ... Եթե խորհրդարանը ինքնալուծարվելու խիզախության ընդունակ չլինի, մենք հորդորում ենք երկրի նախագահին՝ անձամբ նախաձեռնել Ազգային ժողովը լուծարելու գործընթացը եւ ստանձնել նոր խորհրդարանական ընտրությունների անաղարտության երաշխավորի դերը»: «Արտահերթ ընտրությունների ժամանակ ադմինիստրատիվ լծակների, պոպուլիստական լոզունգների համար տեղ չի լինի», - հավաստիացնում է նոր ընդդիմության հավակնորդը: - «Իսկ եթե գաղափարական ուժերի հետ Ազգային ժողովում հայտնվի նաեւ ներկայիս արմատական ընդդիմությունը, ապա քաղաքական առողջ մրցակցության շնորհիվ նրանք շատ արագ կհայտնվեն իրենց արժանի վիճակում»:

«Հայոց աշխարհ» թերթի տեսաբանի գնահատականով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետաքրքրությունը հայաստանյան վերջին զարգացումների հանդեպ դրսեւորվում է ուշադիր, հավասարակշռված, միաժամանակ անկողմնակալ դիտորդին բնորոշ՝ հաշտարար կեցվածքի դիտանկյունից. - «Եվ դրա հիմքում նախեւառաջ այն է, որ գերտերությունների ու նրանց համապատասխան ծառայությունների հստակ տեղեկացվածությունը Հայաստանում գոյություն ունեցող ուժերի իրական հարաբերակցության վերաբերյալ հիմք չի տալիս նրանց լրջորեն մտածելու մոտ ապագայում մեր երկրում իշխանափոխության հավանականության մասին»: Տեսաբանի խտացմամբ՝ հայաստանյան վերջին իրադարձությունների նկատմամբ «գերտերությունների վերաբերմունքի մեջ մեր արմատական ընդդիմությունը փնտրում, բայց չի գտնում այն «Արիադնայի թելը», որից ամուր բռնելով, նա կարող է հասնել իշխանափոխության». - «Ուստի նա փորձելու է այսուհետ էլ արհեստականորեն սրել երկրի ներքաղաքական կացությունը լուրջ ուժերի ուշադրությունն իր վրա գրավելու համար»:

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանի ինքնասպանության մասին լուրը, ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ «վաղուց կանխատեսված իրադարձություն էր. բոլորը գիտեին, որ այսպես է լինելու, սակայն միայն քչերը գիտեին, թե երբ է լինելու»: Այստեղ, ինչպես եւ «Առավոտ»-ում, որոշակի տարակուսանք է ընդգծված, թե ինչպես կարելի էր առանց համապատասխան հսկողության թողնել ինքնասպանության հակում ունեցողին: «Առավոտ»-ի մեկնաբանը՝ «Սպասելի ինքնասպանություն» վերնագրի տակ նաեւ ակնարկում է. - «2002-ի մարտի 20-ի փակ նիստում Վռամ Գալստյանը կարեւոր տեղեկություն էր հայտնել, որ Էդիկ Գրիգորյանը զենքը տալով իրեն՝ հանձնարարել էր տանել դահլիճ, ասելով, թե իրենց ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորներից սպասող կա: Դրանից հետո նրա կյանքը կախված էր մազից, որը կտրվեց»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG