Մատչելիության հղումներ

Ընդդիմության վաղվա հանրահավաքը արտոնված չէ


Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հինգշաբթի երեկոյան հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանին, չի արտոնել «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքը Ազատության հրապարակում:

«Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ առավոտյան իրենք պաշտոնապես քաղաքապետին տեղյակ էին պահել քաղաքապետարանին՝ հենվելով հանրահավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի վրա:

Մինչդեռ, հինգշաբթի կեսօրից հետո «Հանրապետություն» կուսակցությունը նույնպես վերսկսեց ապրիլի 13-ից ընդհատված գործունեությունը: Կուսակցության գրասենյակի դուռը, ի տարբերություն «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի, կնքված չէր, այլ պարզապես կողպված էր, եւ կուսակցության ղեկավարները իրենց գրասենյակ մտան՝ կոտրելով դռան փականը:

Գրասենյակ մտնելով, հավաքվածները հայտնաբերեցին, որ այն լիովին տակնուվրա է արված. ոստիկանները տարել էին համակարգիչները, դիսկետները, հատակին ընկած էին Արտակ Զեյնալյանի անձնական իրերը:

Թեեւ գումար այստեղ չէր եղել, ի տարբերություն «Ազգային միաբանության» գրասենյակի, որտեղից անհետացել էր մեծ գումար, այդուհանդերձ իրավապահները տարել էին մեծ քանակությամբ սննդամթերք, որը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարների խոսքերով, նախատեսված էր հանրահավաքների մասնակիցների համար:

«Բարեգործներ կային, գործարարներ կային, որոնք մարդկանց աջակցելու համար բերում էին ինչպես Բաղրամյան պողոտա, այնպես էլ մեր գրասենյակ», - ասաց Ալբերտ Բազեյանը: - «Մենք էլ մեր ունեցածը հավաքել, իրար վրա դրել, ինչ-որ բաներ առել՝ մարդկանց կերակրելու համար»:

Անհետացել է բավական մեծ քանակով հաց, երշիկ, ծխախոտ, թթվասեր, որոնք նախատեսված էին հեռավոր շրջաններից հանրահավաքի եկածների համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, կուսակցության մտադրություններն ու նպատակները մնացել են ուժի մեջ: Վճռականությունն է ավելացել, ավելի կտրուկ են դարձել իշխանություններին տրվող գնահատականները:

Կուսակցության գրասենյակի վերաբացմանը ներկա էր Ազգային ժողովի պատգամավոր Սմբատ Այվազյանը, ում դեմ ցուցմունք են տվել ապրիլի 9-ի հանրահավաքում ապօրինի զենք կրելու համար ձերբակալված ռուսաստանաբնակ Գեւորգ Մեսրոպյանը եւ Արթուր Մանգասարովը, թե՝ Այվազյանն էր իրենց գումար տվել եւ պատվիրել հանրահավաքի ժամանակ օդ կրակելով խուճապ առաջացնել: Ձերբակալվածների հարցաքննության տեսագրությունը անգամ հեռարձակվել էր Հանրային հեռուստատեսությամբ: Սմբատ Այվազյանին, սակայն, առայժմ չեն հարցաքննել:

Գլխավոր դատախազության լրատվական բաժնի ղեկավար Գուրգեն Ամբարյանը այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե տված ցուցմունքները հիմնավորելու կամ հերքելու համար լրացուցիչ ապացույցներ են պետք:

«Սմբատ Այվազյանի վրա հորինած գործը իմ երեւակայությունը ուղղակի զարմացրեց», - այսօր ասաց Արամ Սարգսյանը՝ ավելացնելով. - «Բանտարկել, կալանավորել. նման բաներով չեն վախեցնի: Այս երկու օրն էլ, որ ես չէի գալիս, չէի գալիս մի պարզ նպատակով՝ որովհետեւ ես խնդիր ունեի, որ նորից լինի հանրահավաք, ինչին էլ հրավիրում եմ բոլորին վաղը»:


Շաքե Ավոյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG