Մատչելիության հղումներ

Ապրիլի 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրում իրավապաշտպան կազմակերպությունները


Ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպված ընդդիմության հանրահավաքին, որից հետո տեղի ունեցած երթը եւ նստացույցը Բաղրամյան պողոտայում իշխանությունները ցրեցին ուժի գործադրմամբ, ապրիլի 15-ին կհետեւի Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հանրահավաքը՝ ընդդեմ Հայաստանում մարդու իրավունքի զանգվածային խախտումների:

Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում այդ մասին հայտարարեցին երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու հավաքված շուրջ երկու տասնյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչները:

Բուն քննարկումների ընթացքում հավաքված իրավապաշտպանները շատ արագ կարողացան գալ ընդհանուր հայտարարի՝ երկրում կան քաղբանտարկյալներ, իսկ վերջին օրերին կատարվողը ակնհայտ հետընթաց է դեպի խորհրդային ժամանակաշրջան: Նրանց գնահատմամբ, Հայաստանում իրավապահները սկսում են ակտիվորեն ոտնահարել մարդու իրավունքները՝ հատկապես այն ժամանակ, երբ օրակարգում է հայտնվում իշխանության հարցը:

«Այդ տեսակետից, ինչպես անցած տարի նախագահական ընտրություններից հետո վարչական կալանքների կիրառման ժամանակ, երբ լրիվ անօգնական, անզոր վիճակում էինք գտնվում, որովհետեւ որեւէ ձեւով չէիր կարող օգնություն, աջակցություն ցույց տալ որեւէ մեկին, այսօր էլ մոտավորապես նույն վիճակն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: - «Սա տիպիկ կիսաբռնապետական, դեպի ավելի բռնապետականի ձգտող երկրի իրավիճակ է»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի կարծիքով, Հայաստանը հիմա նույն վիճակում է, ինչ Խորհրդային միությունը 70-ական թվականներին, երբ «որեւէ հասարակական գործունեություն ինքնին անիմաստ էր դառնում կամ ինքնին դատապարտված էր տապալման»:

«Հիմա մենք փորձում ենք պայքարել դրա դեմ, որ այդ անկումը տեղի չունենա», - ասաց նա:

Քննարկմանը ծափահարությունների արժանացավ ոստիկանության ներկայացուցիչը՝ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, երբ անսպասելիորեն խոստովանեց, որ ընդդիմության հանրահավաքների օրերին Երեւան բերող մայրուղիները ոստիկանությունը իրոք փակում էր՝ տեղյակ լինելով մարզերի բնակիչների տրամադրություններին:

Ի տարբերություն ոստիկանության մայորի, ծափողջույնների չարժանացավ «Արմենպրես»-ի սրահում ասուլիս հրավիրած օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Այն իրավիճակը, որում հայտնվել են ե'ւ ցուցարարները, ե'ւ իշխանությունը չի կարելի եւ անթույլատրելի է գնահատել միայն մեկ կողմից», - ասաց նա՝ հայտարարելով, որ վերջին օրերին մարդու իրավունքերի զանգվածային խախտումներ երկրում չեն եղել:

Ալավերդյանը ասաց, որ հանդիպել է Գլխավոր դատախազին ու երկրի նախագահին, եւ Աղվան Հովսեփյանին անգամ պատմել է լրագրողների դեմ կիրառված բռնարարքներում փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի հնարավոր դերակատարության մասին:

Ոստիկանության գործողությունները ապրիլի լույս 13-ի գիշերը Հայաստնում մարդու իրավունքների պաշտպանը համարում է ոչ համարժեք. դրանից այն կողմ Լարիսա Ալավերդյանը չգնաց՝ խորհուրդ տալով չշտապել: Նա կտրականապես չհամաձայնեց դիտարկումներին, թե իր տեսակետը նույնպես համարժեք չէ ու չափազանց մեղմ է, Ալավերդյանը հակադարձեց՝ ասելով, թե իր «տեսակետի մեջ կա մեծ լրջություն ու խստություն»:

«Պարզապես այն բառապաշարը, որը վերջերս օգտագործվում է, թվում է թե մեզ բոլորիս դարձրել է շատ ոչ զգայում դեպի կոռեկտ արտահայտությունները», - բառացիորեն ասաց նա:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG