Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով ապրիլի 13-ի գիշերվա դեպքերին, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը ընդգծում է. - «Ի՞նչ պետք է աներ իրեն եւ իր երկիրը հարգող ցանկացած իշխանություն: Պատասխանն ակնհայտ է՝ պետք է աներ այն, ինչն արեց Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իր լիազորությունների շրջագծում»: Այլապես, մեկնաբանի ուրվագծմամբ՝ «արմատականները փորձում էին ճնշում գործադրել պետական իշխանության այդ օղակների վրա եւ հասնել նրան, որ վերջիններս վերանայեն իրենց հստակ դիրքորոշումները՝ Հայաստանում վստահության հանրաքվե անցկացնելու հարցում»: «Մանավանդ մեծ էին արմատականների սպասելիքները ճնշման միջոցով Ազգային ժողովի դիրքորոշումների վերանայմանը հասնելու առումով», - գրում է մեկնաբանը: - «Այդ նպատակով նրանք պատրաստվում էին գիշերն այցելել մարզեր՝ իրենց կողմնակիցների նոսրացող շարքերը համալրելու համար»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանի սահմանմամբ, մինչդեռ՝ «տուժեցին ընդդիմադիրների արկածախնդրական ու շքեղ ճառերով հմայված ու նրանց հետեւից գնացած քաղաքացիներ, իրենց պարտականությունները կատարող ոստիկաններ, լրագրողներ», եւ մեղավորը միանշանակ ընդդիմության ապաշնորհ առաջնորդներն են: Անդրադառնալով երկրի ղեկավարությունից դժգոհության ծավալներին, թերթի մեկնաբանը գրում է. - «Եթե բարեկեցիկ եվրոպաներում անգամ հասարակության որոշակի հատված ժամանակ առ ժամանակ դժգոհություն է արտահայտում իր կենսապայմաններին առնչվող հարցերում, ապա զարգացման ուղին նոր ոտք դրած Հայաստանում դեռ երկար ժամանակ կարելի է մի քանի հազար դժգոհ մարդ հավաքագրել, եւ որպես նրանց տարատեսակ խնդիրների լուծման բանալի մատնացույց անել իշխանափոխության ուղին»:

«Առավոտ» թերթն այսօր ի մի է բերում. - «Երբ մեզ փորձում են համոզել, թե ոստիկանությունը պարզապես ստիպված էր ուժ կիրառել ընդդիմության չարտոնված հանրահավաքի մասնակիցների հանդեպ, քանի որ նրանք չեն արձագանքել իշխանությունների բազմաթիվ զգուշացումներին, թե անօրինական գործողությունները չդադարեցնելու դեպքում նրանց արժանի հակահարված կտրվի, մեծ ցանկության դեպքում կարելի է եւ հավատալ: Երբ նույն այդ ոստիկանությունը պնդում է, թե իր նախազգուշացումներին ի պատասխան՝ հանրահավաքի մասնակիցների շղթան սուսուփուս հեռանալու փոխարեն շարժվել է ոստիկանների ուղղությամբ եւ նրանց վրա նետել պայթուցիկ նյութերով լցված շշեր, քարեր, սրան էլ մեծ դժվարությամբ կարելի է հավատալ: Երեւակայության մեծ լարումով կարելի է ընդունել Շավարշ Քոչարյանի գրպանում գտած զենքի վարկածը: Հանրահավաքին չմասնակցած մարդիկ այսօր մեծ ընտրություն չունեն՝ հավատալ կա՛մ ոստիկանության վերոնշյալ հայտարարությանը, կա՛մ ճիշտ հակառակը պնդող հանրահավաքի մասնակիցներին»: «Սակայն, ցավոք, իշխանություններն իրենց հավատալու հնարավորությունից զրկեցին», - ընդգծում է «Առավոտ»-ը: - «Բանն այն է, որ որպես իր հիմնական թիրախ՝ ոստիկանությունն ընտրել էր իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներին: Իսկ սա միայն մեկ բանի մասին է վկայում՝ իշխանություններն այսօր ստում են, խաբում են ժողովրդին, փորձում են թաքցնել ճշմարտությունը, հակառակ դեպքում թույլ կտային, որ լրագրողներն աշխատեին, որպեսզի մարդկանց ժամանակին ճշմարիտ լրատվություն հասցնեին եւ ներկայացնեին դեպքերի իրական ընթացքը: Եթե մահակներով ծեծելը, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ օգտագործելը, ջրցան մեքենաներով ջրելն այդքան արդարացված էր եւ անհրաժեշտ էր ու անխուսափելի, ապա ինչու էր ոստիկանությունն այդպես մոլեգնորեն ընդդիմանում, որ լրագրողները տեսագրեն եւ լուսանկարեն իրենց հերոսական գործողությունները», - հարց է դնում թերթը: «Դեպքի ականատեսներիս համար գլխիվայր շրջված էր այն ամենը, ինչ երեկ ներկայացվեց ոստիկանության հաղորդագրության մեջ», - նշում է «Առավոտ»-ի թղթակիցը՝ ապրիլի 13-ի գիշերը զինյալ ուժերի դրսեւորածը որակելով «օտարից էլ վատ»:

«Հայկական ժամանակ» թերթի բոլոր էջերում այսօր փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի լուսանկարն է՝ որպես բռնության առաջամարտիկ-խորհրդանիշ: Այստեղ նաեւ խտացված է. - «Ջարդին ոստիկանների կողմից մասնակցել են մոտ երկուսուկես հազար հոգի: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ գրոհողների մեջ են եղել նաեւ ոստիկանական օլիգարխների թիկնապահներ, նաեւ՝ «ղարաբաղյան բարբառով» խոսող անձինք»: «Հայկական ժամանակ»-ի պատկերավորմամբ՝ երեկ Երեւանը պաշարված բերդ էր հիշեցնում. - «Թվում է՝ սովորական եռուզեռ էր փողոցներում, սակայն մթնոլորտը շիկացած էր՝ սրճարաններում, տրանսպորտում, ամենուրեք մարդիկ քննարկման մեկ նյութ ունեին՝ գիշերվա դեպքերը, դրան հաջորդած բռնությունները եւ գլխավոր հարցը՝ ի՞նչ շարունակություն է ունենալու այս ամենը»: Այս հարցի պատասխանի որոնումներում Ռոբերտ Քոչարյանի հետ իշխանական խորհրդարանականների երեկվա հանդիպումից «Հայկական ժամանակ»-ը մասնավորապես փոխանցում է. - «Հանդիպումը առանձնացել է նրանով, որ ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները պահպանել են ստոիկյան լռություն, «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը փորձ է արել խոսել ժողովրդավարական արժեքների մասին, ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը խոսել է, բայց բոլորովին այլ թեմայով, իսկ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն անհանգստացնող է համարել պատգամավորների նկատմամբ կատարվող գործողությունները եւ կրկին կոչ է արել կողմերի միջեւ սկսել երկխոսություն: Իսկ ի՞նչ է ասել նախագահ Քոչարյանը. նա, ասում են, վերահաստատել է մինչեւ վերջ գնալու իր վճռականությունը: Իհարկե, կոալիցիայի ներկայացուցիչներին նա չի տվել այն խորհուրդը, որը հնչեցրել է կառավարության նիստերից մեկում, ասելով՝ ում սալնիկները թույլ է՝ թող փամփերս հագնի, բայց՝ առանց դրա էլ ամեն ինչ պարզ է», - եզրափակել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Առավոտ» թերթի տեղեկություններով, երեկ այդ հանդիպման ժամանակ ոչ ոք չի էլ փորձել Ռոբերտ Քոչարյանից պարզաբանումներ ստանալ ապրիլի 12-ի լույս 13ի գիշերը խաղաղ ցուցարարների դեմ հանված եւ գործի դրված ռազմական ուժի եւ բռնությունների մասով. - «Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ոգեւորված գովերգել է Ռոբերտ Քոչարյանին եւ նրան խնդրել շնորհակալություն հայտնել զորքերից՝ իրենց գիշերային պահվածքի համար»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG