Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը անհանգստացած է անցած գիշերվա դեպքերով


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակը երեքշաբթի օրը իր անհանգստությունն է հայտնել ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի, մասնավորապես՝ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու փաստի առնչությամբ: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, անընդունելի համարելով ուժի գործադրումը, չի կիսում, այդուհանդերձ, կարծիքը, թե նստացույցը խաղաղ է եղել: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Պրյախինը ասաց, որ ոստիկանությունից իրեն հավաստիացրել են, որ երեկ կեսգիշերին մոտ ցուցարարները պարսատիկներով քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Ուստի ԵԱՀԿ դեսպանը զսպվածության կոչ է անում ոչ միայն իշխանություններին, այլեւ ըննդդիմությանը. նրա նախազգուշացմամբ՝ ցուցարարների շարքերում կարող են լինել «սադրիչեր, որոնց մեղքով տուժում են իսկապես անմեղ մարդիկ»:

«Ամեն դեպում, մենք դեմ ենք ուժի գործադրմանը եւ այդ առնչությամբ մեր մտահոգություն ենք հայտնել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին», - ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը ԵԱՀԿ դեսպանին ընդունել է այսօր առավոտյան: Ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ վերջին օրերին Հայաստանում ներքաղաքական զարգացումներին:

«ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը մտահոգություն հայտնելով լարվածության կապակցությամբ, շեշտել է, որ անթույլատրելի է համարում որեւէ քաղաքական ուժի կողմից միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ԵԱՀԿ-ի, դերն ու նշանակությունը շահարկելու փաստը», - ասված է հաղորդագրությունում: - «Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կոչված է նպաստելու քաղաքացիական հասարակության կայացմանը եւ կողմնակից է սահմանադրական կարգի եւ օրինականության պահպանմանը Հայաստանում»:

Վլադիմիր Պրյախինի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե «ընդդիմությունը չի ընդդունում երկխոսություն սկսելու առաջարկը եւ անընդունելի կոչեր է անում»:

Դեսպանի խոսքերով, անցած գիշերվա իրադարձությունները եւս մեկ անգամ փաստում են, որ հանրահավաքների մասին օրենք պետք է ընդունել: «Խաղաղ ցույցերի, հանրահավաքների մասնակցելու իրավունքը պետք է հարգվի», - ասաց նա: - «Հայաստանը խոստացել է հարգել այդ իրավունքը Եվրախորհրդին անդամակցելու ժամանակ»:

Պրյախինի կարծիքով, Հայաստանը հայտնվել է իրավական վակուումում, սրվում է քաղաքական իրավիճակը , մարդիկ դուրս են գալիս փողոց, բայց չկա օրենք, որ կարգավորեր երթերին, ցույցերին, հանրահավաքներին մարդկանց ազատ մասնակցելու իրավունքը:

ԵԱՀԿ-ն, նրա փոխանցմամբ, ուսումնասիրում է լրագրողներին ծեծի ենթարկելու դեպքերը: Ինչ վերաբերում է ընդդիմության ակտիվիստների, այդ թվում նաեւ պատգամավորների ձերբակալություններին, դեսպանը ասաց, որ իրենք տեղյակ են այդ ամենին եւ ամեն ինչ անելու են, որպեսզի օբյեկտիվ հետաքննություն անցկացվի, եւ հնարավորինս շուտ այդ մարդիկ ազատ արձակվեն:

Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան «Ազատություն» ռադիակայանին ասաց, թե այս պահին, քանի դեռ չի լսել բոլոր կողմերին, չի կարող որեւէ հայտարարություն անել:

Երեքշաբթի օրը, մինչդեռ, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Եվրամիության անդամ երկրների դեսպանների պատվիրակությանը, ինչպես նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար երկուստեք կարեւորվեց քաղաքական երկխոսության շարունակումը: Դեսպանները իրենց մտահոգությունը հայտնեցին իրադարձությունների նման ընթացքից եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցել ԱԺ նախագահի ջանքերին՝ ստեղծված վիճակից ելք գտնելու համար», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG