Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են


Երեքշաբթի օրը Հայաստանի գրեթե բոլոր լրագրողական կազմակերպությունները դատապարտել են անցած գիշեր իրավապահների կողմից նաեւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները՝ արդեն երկրորդ անգամ մեկ շաբաթվա ընթացքում:

«Իրավապահ մարմինները ոչ միայն առ այսօր չեն բացահայտել եւ չեն պատժել ապրիլի 5-ին լրագրողների դեմ բռնություններ կիրառած անձանց, այլեւ այս անգամ հենց իրենք՝ ոստիկաններն են ուժ գործադրել իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ, ծեծել են ոմանց, խլել եւ ջարդել սարքավորումները», - ասված է Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համատեղ հայտարարության մեջ:

Առանձին հայտարարություն է տարածել Մամուլի ազգային ակումբը, որով դատապարտում է «նման ազգակործան վարքագիծը եւ մի վերջին անգամ կոչ անում Ռոբերտ Քոչարյանին եւ նրան աջակցող կոալիցիոն կուսակցություններին ողջամտություն ցուցաբերել, հարգել եւ հաշվի նստել այլախոհ քաղաքացիների իրավունքների եւ կարծիքների հետ»:

Անցած գիշեր տուժած լրագրողների պատմածից տպավորություն է ստեղծվում, որ լրագրողների դեմ իրականացվող ուժային ակցիային մասնակցել են ոչ միայն շարքային ոստիկաններ: «Հայկական ժամանակ»-ի թղթակից Հայկ Գեւորգյանի դեպքում, օրինակ, դա եղել է Հայաստանի փոխոստիկանապետ, գեներալ Հովհաննես Վարյանը՝ 14 ոստիկանների ուղեկցությամբ:

«Ինքը անձամբ առաջինը բռնեց իմ ֆոտոխցիկը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Հայկ Գեւորգյանը: - «Ես ինչ-որ արտահայտություն արեցի, թե՝ ինչ է սա նշանակում, նա՝ թե հիմա կտեսնես ինչ է նշանակում... ու սկսեցին այդ 14 հոգին խփել»:

Հայկին ոստիկանները տարել են Ազգային ժողովի անցագրային բյուրո, որտեղ շարունակել են ծեծել ոտքերով ու մահակներով: «Ես անընդհատ գոռացել եմ՝ ես լրագրող եմ, ես լրագրող եմ: Բացարձակ ոչ մի արձագանք»:

«Հայկական ժամանակ»-ի մեկ այլ թղթակցի՝ Ավետիս Բաբաջանյանին ծեծել են նույն տեխնոլոգիայով՝ սաղավարտ հագած ու մահակներով զինված ոստիկանները լրագրողին քարշ են տվել Ազգային ժողովի տարածք, այնտեղից էլ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան առաջին ալիքի (Օ-Էռ-Տե) օպերատոր Լեւոն Գրիգորյանին, ապա ոստիկանները սկզբում կոտրել են նրա տեսախցիկը, ինչից հետո նա ընկել է հատուկ նշանակության ջոկատի գլխավոր հարվածի տակ:

«Երբ փողոցը երկու կողմից փակեցին, ամբոխը սկսեց վազել մայթերով դեպի Օպերա: Ես նկարահանում էի այդ ամենը, երբ ամբոխից առանձնացան քաղաքացիական հագուստով չորս մարդ եւ փորձեցին առգրավել տեսախցիկը: Երբ դա իրենց չհաջողվեց, վրա հասան օմոնականները, գցեցին ասֆալտին եւ սկեցին ծեծել:Նրանց ձեռքին մահակներից բացի նաեւ էլեկտրաշոկի սարքեր կային: Հասցրին ինձ անգիտակից վիճակի ու լաթի կտորի պես գցեցին ծառի տակ», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Գրիգորյանը:

Օրվա երկրորդ կեսին պարզ դարձավ, որ անցած գիշեր նաեւ ձերբակալել էին «Չորրոդ իշխանություն» թերթի աշխատակից Մհեր Ղալեչյանին: Նրան ամբողջ գիշեր եւ այսօր մինչեւ երեկո պահել են Էրեբունի համայնքի ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո ազատ են արձակել:

Իսկ ինչ վերաբերում է անցած գիշեր տուժածների ընդհանուր թվին, ապա, պաշոնական տվյալներով, մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվել է 16 մարդ, որոնցից 6-ը այսօր կեսօրին դեռ հիվանդանոցում էին: Շատերը, թերեւս, խուսափում են դիմել բուժհիմնարկներ՝ վախենալով, որ այնտեղ իրենց կարող են սպասել ոստիկանության աշխատակիցները:


Գեւորգ Ստամբոլցյան

(Լուսանկարում՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակից Հայկ Գեւորգյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG