Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մատուցմամբ, այսօրվա հանրահավաքը եւ դրան հետեւող իրադարձությունները կարող են զարգանալ 3 հիմնական սցենարով. - «Սցենար առաջին՝ իրատեսական: Իշխանության տարբեր օղակները hրապարակ են ուղարկում զանազան սադրիչների: Դրանք կարող են լինել սափրած գլուխներով թիկնապահներ, փողոցի խուժան, «օրգանի աշխատողներ» կամ՝ թեկուզ, «առաջադեմ երիտասարդներ»: Սադրիչները անկարգություններ են հրահրում հրապարակում՝ ընդհուպ մինչեւ ծեծկռտուք եւ դանակահարություն: Դա հնարավորություն է տալիս իշխանությանը ձերբակալել ընդդիմության մի քանի հարյուր ակտիվիստների, ինչպես նաեւ «Արդարություն» դաշինքի պատգամավորներին: Հայաստանյան հասարակությանը եւ արեւմտյան դիտորդներին բերվում է ավանդական արդարացումը. «Այո, մենք կողմ ենք ժողովրդավարությանը, բայց տեսնում եք, չէ՞, թե ինչեր է անում ագրեսիվ փոքրամասնությունը, մենք պարզապես ստիպված ենք կարգուկանոն հաստատել»: Հասարակությունն ու դիտորդները այդ հեքիաթներին, բնականաբար, չեն հավատում: Լարվածությունը շարունակում է աճել: Սցենար երկրորդ՝ հոռետեսական: Ընդդիմության լիդերները հանրահավաքից հետո փորձ են անում մասնակիցներին տանել Բաղրամյան փողոցով: Այդ դեպքում կարող է բախում տեղի ունենալ հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ, ինչի հետեւանքները, բնականաբար, ավելի ծանր կլինեն: Նման բախումներից հետո կարող է իսկապես հեղափոխական իրավիճակ ստեղծվել: Բայց ընդդիմությանը կառաջնորդեն արդեն ոչ թե «Արդարություն»-ն ու «Ազգային միաբանություն»-ը, այլ շատ ավելի ծայրահեղական գործիչներ: Սցենար երրորդ՝ լավատեսական: Հանրահավաքն անցնում է խաղաղ, առանց միջադեպերի: Մասնակիցները ցրվում են իրենց տները: Խորհրդարանական մնացած ուժերի հետ համաձայնություն է ձեռք բերվում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաեւ ընտրական օրենսգիրք մշակելու եւ մի շարք այլ հարցերում: Քաղաքական պրոցեսները փողոցից տեսափոխվում են խորհրդարան: Այս սցենարը, սակայն, չափից դուրս լավատեսական է», - եզրափակում է «Առավոտ»-ը:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ի մի է բերել, որ այսօրվա հանրահավաքը կանխելու ցուցում կարծես չկա: Համենայն դեպս՝ շատ ճակատային: Ամեն դեպքում, «Հայկական ժամանակ»-ում գնահատված է, որ անկախ ելքից՝ այսօրվա հանրահավաքը հաստատ կմտնի պատմության մեջ: «Այբ-Ֆե» թերթի կանխանշմամբ, իշխանությունների կողմից բռնությունների դեպքում նրանց ատողների թիվը կշատանա, բայց, հավանաբար, «վերջիններս հաշվարկել են, որ առանց այդ էլ հենարան չունեն եւ իրենց միակ փրկությունը ռեպրեսիաների դիմելն է»: «Իշխանությունը բոլոր հնարավոր քայլերն արել է, իսկ ժողովուրդը չի խուսափում հանրահավաքների մասնակցելուց», - բազմակետ է դնում «Այբ-Ֆե»-ի խմբագարականը:

«Այսօրվա հանրահավաքին հիմնավորապես պատրաստվել են ե'ւ իշխանությունը, ե'ւ ընդդիմությունը», - արձանագրում է «Իրավունք» թերթի մեկնաբանը՝ վերլուծականում առավել շեշտադրելով. - «Այս պահին կոալիցիան այդպես էլ հանդես չի գալիս որպես Ռոբերտ Քոչարյանի հենարան: Եթե այսօր նախագահից ձգտում է սահմանազատվել «Օրինաց երկիր»-ը, ապա շատ հավանական է, որ շուտով նման ոճով հանդես կգա եւ ՀՀԿ-ն... Ռոբերտ Քոչարյանի իրական հենարանը այս պահին իրավապահ մարմիններն են ու քարոզչամեքենան: Նույն օլիգարխներին էլ չնչին բացառությամբ դժվար է համարել հուսալի հենարան, քանզի նրանք միշտ կպաշտպանեն ուժեղագույնին»: Ըստ մեկնաբանի, ամենեւին էլ բացառված չէ երկրում երկիշխանության իրավիճակի ստեղծում, քանզի «կոալիցիայի կուսակցությունները բացառությամբ, թերեւս, Դաշնակցության Քոչարյանի հաղթանակի դեպքում որեւէ հեռանկար չեն ունենալու, քանզի ամենահավանականը այդ դեպքում կառավարության եւ Ազգային ժողովի լուծարումն է»: Այս ամենով հանդերձ, «Իրավունք»-ում այսօր էլ դեռ նշվում է, որ խաղաղ հանգուցալուծման համար համապատասխան նախադրյալներ կան ե'ւ ընդդիմադիր ե'ւ իշխանամետ ճամբարներում՝ «եթե, իհարկե, այդ նախադրյալներին անհաղթահարելի խոչընդոտ չլինեն Ռոբերտ Քոչարյանի որոշակի անձնական հատկանիշները»:

Հատուկ անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի պահվածքին, «Հայոց աշխարհ» թերթը ձեւակերպել է. - «Սույն գործիչը, ինչպես դա ժամանակին արել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում, շտապեց «յան տալ» գործող նախագահից: Ասում է պատրաստ է փոխզիջումների եւ հենց վաղն էլ վերջնագրերով խոսող ընդդիմության առջեւ պատրաստ է խոնարհվել եւ հարցը ընդգրկել օրակարգ... Գործ ունենք կատարյալ փարիսեցիության դրսեւորման հետ», - գնահատված է «Հայոց աշխարհ»-ում: Իսկ ընդհանուր առմամբ, «Հայոց աշխարհ»-ի վերլուծականում շեշտադրված է. - «Հայաստանն այժմ կանգնած է ավելի դժվարին ու բարդ խնդրի առջեւ, քան իշխանափոխություն անելու կամ չանելու պարզ երկընտրանքն է: Հայաստանը կանգնած է իր հետագա զարգացման մոդելի ընտրության առջեւ: «Փողոցային ժողովրդավարության» որդեգրումը մեզանում գոյություն ունեցող եւ անշուշտ ամենեւին էլ ոչ կատարյալ քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ ընտրական համակարգի փոխարինումն է սխալ հասկացվող «անմիջական ժողովրդավարության» ամենապարզունակ, անգամ գռեհիկ դրսեւորումներով: Եվ նման ավանդույթը, ինչպես հայտնի է, պարբերաբար կրկնվելու ներքին հզոր լիցք է պարունակում, քանզի աստիճանաբար վերածվում է զարգացման յուրահատուկ մոդելի»:

«Ոմանք, թերեւս չցանկանալով բացահայտորեն արտահայտվել երկխոսության գաղափարի դեմ, այնպես են անում, որ այն չկայանա, բայց անձամբ իրենք որեւէ կերպ չդիտարկվեն որպես դրա մեղավոր», - վրդովվում է այսօր «Երկիր» թերթը: - «Այդ նպատակին հասնելու համար ոմանք երկխոսության հնարավորությունը կասկածի տակ էին առնում պատճառաբանությամբ, թե հասկանալի չէ դրա ձեւաչափը: Բայց երբ այդ ձեւաչափը, ավելին՝ երկխոսության թեման, հարցերի հերթականությունը, լուծումների պայմաններն ու մեխանիզմները առաջարկվեցին Դաշնակցության կողմից, նույն մարդիկ սկսեցին արդեն խոսել առաջարկի ուշացած, դժվար իրագործելի լինելու եւ նմանօրինակ այլ «հիմնավորումների» դիրքերից»: «Սթափվելու պահն է», «Ապագան պայմանավորված է երկխոսությամբ», «Այլընտրանք չկա». այս վերնագրերը «Երկիր»-ի այսօրվա համարից են՝ «վտանգված է հայոց պետականությունը, վտանգված են տարիներով ձեռք բերված թեկուզ փոքր հաջողությունները եւ ակնկալվող բախումներից խուսափելու միակ ճանապարհը երկխոսությունն է» ընկալման հիմքի վրա:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG