Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են հայ աստղերը երգում գիշերային ակումբներում


Մայքլ Քոթանջյանը, օրինակ, ակումբում երգելու շնորհիվ կարողացել է թողարկել ձայնասկավառակներ: «Դա շատ լավ է, որ կան գոնե այդ ակումբները, որ կարողանում են ապահովել երգիչների գոնե այն մինիմալ ծախսերը», - «Մաքսլիբերտի»-ին ասաց Մայքլը: - «Երկու տարի աշխատում էի «Պիոներ» գիշերային ակումբում եւ կարողացա հավաքել գումար, որպեսզի ձայնագրեմ իմ ձայներիզը»:

Եթե արտասահմանում երգիչները ակումբից են գալիս բեմ, ապա Հայաստանում ճիշտ հակառակն է՝ երգիչը հայտնի դառնալուց ու իր անունը հաստատելուց հետո է գնում ակումբ՝ վաստակելու: Լուսինե Պողոսյանը, օրինակ, որ երգում է երեւանյան գիշերային ակումբներից մեկում, ամենեւին պախարակելի չի համարում դա:

«Չեմ ամաչում, որովհետեւ դա էլ ինչ-որ փորձ է աշխատանքային», - ասաց նա՝ հարցին էլ թե չե՞ն լինում դեպքեր, երբ ակումբի այցելուները իրենց պարկեշտ չեն պահում, պատասխանելով. - «Լինում են, իհարկե, հարբած մարդիկ, ովքեր ոչ թե նեղացնում են, այլ ուզում են ուղղակի ուրախացնել... Չեմ նեղանում, ես իմ հանդիսատեսին սիրում եմ: Եթե եկել են լիցքաթափվելու, ուրախանալու, դու չպետք է նեղանաս քո հանդիսատեսից: Ինչ- որ տեղ էլ երեւի իր սերն է ուզում ցուցադրել»:

Ովքեր են երեւանյան գիշերային ակումբների հիմնական հաճախորդները՝ արվեստասե՞ր հանդիսատեսը, թե՞ պարզապես «ուտել-խմել» սիրող տղամարդիկ: Երգչուհի Հասմիկ Կարապետյանի կարծիքով՝ վերջիններս:

«Բարձր մակարդակով ակումբներ չկան», - ասաց Հասմիկը: - «Հիմնականում գալիս են նայելու երգչուհու, ասենք, ոտքերին, մարմնին, քան լսելու նրա երգերը: Դա շատ ցավալի է ինձ համար»:

Մինչդեռ Արսեն Գրիգորյանին եւ Արմինկային գիշերային ակումբները պարզապես ահաբեկում են: Արսենը իրեն ակումբի բեմում ընդհանրապես չի պատկերացնում, իսկ Արմինկայի համար ակումբում երգելը կապված է սոսկ դառը հիշողությունների հետ:

«Ես չեմ կարող որեւէ ակումբում երգել. ես պետք է լինեմ բեմում:», - ասաց Արսեն Գրիգորյանը: Իսկ Արմինկան ասաց, թե մեկ տարի աշխատել է ռեստորանում՝ «նորմալ վաստակով», իսկ գիշերային ակումբում երեք շաբաթ աշխատելուց հետո հասկացել է, որ «ոչ մի դրամի համար այլեւս չի աշխատելու որեւէ ակումբում»:

Սյուզան Մարգարյանը, սակայն, չի համարում, թե ակումբում երգելը երգչի «դեգրադացիայի» նշան է: Նրա կարծիքով, ամեն օր երգելը նպաստում է երգչի՝«մարզավիճակում» լինելուն: «

Ես գիտեմ մեկ-երկու ակումբ, որտեղ պարզապես համերգային իրավիճակ է տիրում», - ասաց նա: - «Այսօր հանդիսատեսը ավելի կիրթ է, քան նախկինում, եւ ամեն ինչ հսկողության տակ է»:

Երեւանյան ակումբները չսիրող Արթուր Իսպիրյանը, այդուհանդերձ, չի մեղադրում այդտեղ երգող իր գործընկերներին: «Ես մեղադրում եմ երեւույթը: Ակումբ կոչվածը ինձ համար ընդունելի է, բայց ոչ այն ակումբները, որ կան Երեւանում», - ասաց Արթուրը: - «Ինչ վիճակում պետությունն է, այդ նույն վիճակում էլ մեր էստրադան է, մեր արվեստն է: Ամեն պետություն արժանի է իր արվեստին, ամեն արվեստ արժանի է իր պետությանը»:


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG