Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Լիտվայի նախագահի պաշտոնանկության զուգահեռով «Հայկական ժամանակ» թերթը ընդգծում է. - «Այս ընթացքում պոտենցիալ գործազուրկ Ռոլանդաս Պակսասը չփորձեց անգամ իր պաշտոնանկության գործընթացը որակել որպես երկրի կայունությունը խաթարելու փորձ, որովհետեւ այսկերպ արտահայտվելու դեպքում ընդամենը կարժանանար հեգնանքի: Դեռ երկու ամիս առաջ ոչ ոք չէր կասկածում, որ Պակսասը հեռանալու է պաշտոնից, բայց այս ընթացքում Լիտվան շարունակում էր ապրել իր կյանքով, զարգանալ, անգամ հասցրեց ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Սա նրանից էր, որ լիտվական ներքաղաքական կայունությունը հենված չէ մեկ կամ մի քանի անձի վրա, այլ հենված է ժողովրդավարական քաղաքական համակարգի վրա: Համակարգ, որի էությունն ամփոփվում է մեկ արտահայտությամբ. «Առանց բռնության իշխանափոխություն անելու հնարավորություն»: «Ուղղակի չի կարելի ընտրություններում օրենքի եւ Սահմանադրության բացահայտ ոտնահարումներով, ահաբեկչության ու սպառնալիքների միջոցով հաղթել եւ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո բոլորին կոչ անել՝ մնալ Սահմանադրության շրջանակներում», - հայաստանյան իշխանություններին է դառնում «Հայկական ժամանակ»-ը:- «Մերժելով վստահության հանրաքվե անցկացնելու՝ ընդդիմության պահանջը, Ռոբերտ Քոչարյանը գոնե պետք է ստեղծված ճգնաժամի հաղթահարման սեփական տարբերակ առաջարկի, որի էությունը չլինի՝ «ընդդիմությունը վատն է, ես՝ լավը»»: Օրինակ, ըստ «Հայկական ժամանակ»-ի, նա կարող է հենց այսօր հրապարակային խոստանալ, որ նորընտիր ԱԺ-ի գործունեության մեկ տարին լրանալուն պես (հունիսի սկզբին) կլուծարի խորհրդարանը եւ կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ. - «Եւ ամենակարեւորը. ինքը երաշխավորում է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը»:

«Ծայրահեղ երեսպաշտ է թվում Երեւան քաղաքի ոստիկանության պետ Ներսես Նազարյանի հայտարարությունը, թե «չարտոնված հանրահավաքի ընթացքում, մեզ հասած տեղեկատվությամբ, եղել են հակադիր կարծիքներ ունեցող քաղաքացիների ընդհարման եւ վիճաբանության առանձին դեպքեր, ինչն անխուսափելի է նման պայմաններում», - գրում է այսօր «Առավոտ» թերթի խմբագիրը՝ մատնանշելով. - «Եզական արտաքինով այն երիտասարդը, որը նպատակաուղղված հարձակվել էր «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի վրա՝ նկարահանումը թույլ չտալու համար, որեւէ բանավեճի մեջ չի մտել մեր լրագրողի հետ, պարզապես ծեծել է կնոջը եւ գետնով տվել մեր ֆոտոխցիկը: Այդ հանցագործի նկարը տպագրված է մեր թերթում: Գտեք նրան եւ դատեք՝ «հակադիր կարծիքի» մասին հեքիաթներ պատմելու փոխարեն... Նախագահն էլ այս ամենին իր մասնակից չլինելը կարող է շատ հեշտ ապացուցել՝ հետամուտ լինելով, որ լուսանկարներում եւ տեսաժապավեններում պատկերված «բուղաները» պատժվեն օրենքի ամենայն խստությամբ»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի տարանջատմամբ՝ ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ տուժել էին «հհշական» լրագրողները, եւ տվյալ դեպքում «բռնություն» բառն օգտագործելն էլ տեղին չէ: «Այնպիսի վշտահար ու դատապարտող հնչերանգով են նկարագրում իրենց հետ կատարվածը, սահմռկած պատմում, թե ում ինչպես հրեցին, ում տեսախցիկն ու ֆոտոխցիկը «ջարդուփշուր» արեցին, ում թույլ տվեցին կամ արգելեցին սարքերի փշուրները հավաքել, ում ինչ հայհոյեցին, որ մնում է միայն փշաքաղվել», - հեգնում է մեկնաբանը՝ ավելացնելով. - «Այդպիսի սպառնալիքներ ու հարձակումներ, այսպես կոչված իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչները լսում են ամեն օր։ Բավական է հայտնվենք արմատականների միտինգներում կամ ասուլիսներում, ցանկացած միջոցառումների ժամանակ, երբ փոքր-ինչ «անխոհեմություն» դրսեւորենք, մեզ պարզապես բզիկ-բզիկ կանեն փրկիչների համակիրները»։

«Հնարավո՞ր է արդյոք դեռ հասնել համաձայնության» հարցադրման շրջանակում «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր գրում է. - «Համոզված ենք, որ «համաձայնության» ու «երկխոսության» կարգախոսներով հանդես եկող ուժերն ու գործիչները իրենք էլ սրտի խորքում համոզված են, որ արմատականների հետ համաձայնության եզր ուղղակի գոյություն չունի... Կարծում ենք՝ բոլոր խոսքերն արդեն ասված են: Մնում է ամեն մեկն անի իր գործը», - եզրափակված է «Հայոց աշխարհ»-ում:

«Անհանդուրժողականության սպանիչ մթնոլորտը քաղաքական դաշտից տեղափոխվել է հասարակական դաշտ, ուր մարդիկ միմյանց ամենանողկալի վիրավորանքներն են նետում անգամ հասարակական տրանսպորտում՝ անտեսելով երեխաների ներկայությունը», - իր հերթին արձանագրում է «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Փաստորեն, Հայաստանում կատարյալ անհանդուրժողականության մթնոլորտ է, որտեղ իշխանության ու ընդդիմության երկխոսության մասին կարելի է միայն երազել»:

«Ամենավտանգավորը, որ Հայաստանում տեղի է ունենում, եւ ցավոք սրտի, դա միշտ կրկնվում է՝ քաղաքական ուժի դեմ հանում են խուժանի», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ - «Սա ամենավտանգավորն է։ Որովհետեւ իշխանությունը, որը խուժանի վրա հենվելով պահում է կամ վերցնում է իշխանություն, դառնում է պատանդ։ Եվ արդեն իր պատանդը դառնում ենք մենք՝ ամբողջ ժողովուրդը»։ Ըստ Մանուկյանի, իշխանություններն այս պահին «գող՝ սիրտը դող» վիճակում են. - «Բացի արհեստական լարվածություն ստեղծելուց, համարժեք չեն գնահատում նաեւ իրավիճակը»։ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում էլ Վազգեն Մանուկյանը շեշտում է. - «Եթե կա խնդիր, որի ետեւում կանգնած են հարյուր հազարավոր մարդիկ, այդ խնդիրն ինչ-որ կերպ լուծվելու է... Իսկ ծեծելով, ջարդելով, ձերբակալելով այդ պրոբլեմը լուծել հնարավոր չէ»: Ինչ վերաբերում է մոտ ապագային, ԱԺՄ նախագահը «Առավոտ»-ում ասում է. - «Ապրիլի 9-ին տեղի է ունենալու մեծ, հզոր, պահանջներ ներկայացնող հանրահավաք։ Ես չգիտեմ ուրիշ զարգացումների մասին: Համոզված եմ, որ այս իշխանությունը չի կարողանալու իշխանությունը իր ձեռքում պահել եւ գնալու է... Ինչ վերաբերում է ժամկետներին, ես ինձ վրա համարձակություն չէի վերցնի նշել գնալու ձեւերը եւ ժամկետները»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG