Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մտավորականների հետ օրերս հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. - «Եթե մենք կարողանանք այս վիճակը սանձել՝ երկիրն այս վիճակից դուրս կգա ավելի մեծ պլյուսով»: «Թե ինչպես է իշխանությունը «սանձում այս վիճակը»՝ ցույց են տալիս երեկ ընտրողների հետ Արտաշես Գեղամյանի հանդիպման ժամանակ հավաքի մասնակիցների եւ լրագրողների դեմ գործված բռնությունները», - շեշտադրում է այսօր «Առավոտ» թերթը: Այստեղ արձանագրվում է նաեւ, որ այդ բռնությունների գործիք ծառայածները որոշ հայտնի գործարարների թիկնազորից էին: «Հայկական ժամանակ» թերթը ի մի է բերել մի քանի վարկած. - «Ա1+» հեռուստաընկերության ինտերնետային սայթի տվյալներով՝ դրանք եղել են պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնապահները: Այս վարկածը հիմնականն էր նաեւ երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի մասնակիցների շրջանում: Անկարգությունների հիմնական գործող անձանց մեջ եղել են նաեւ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատների աշխատակիցներ: «Տարեգիր» ինտերնետային թերթի տվյալներով՝ նշված անկարգություններին մասնակցել են նաեւ մեկ այլ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի թիկնապահները: Նույն թերթի տվյալներով՝ անկարգությունները ղեկավարել է ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բաբակեխյանը»: «Հայկական ժամանակ»-ում եւս փաստված է, որ ամբողջ այդ ծեծուջարդի ժամանակ մոտակայքում գտնվող թե՛ համազգեստավոր, թե՛ քաղաքացիական հագուստով ոստիկաններից որեւէ մեկը չի միջամտել: Երբ ոստիկանության մի մայորից փորձել են ճշտել, թե իրենք ինչու չեն պաշտպանում ծեծի ենթարկվող մարդկանց, նա շատ հանգիստ պատասխանել է. «Հրահանգ չկա»:

«Ուժերի փորձարկում՝ հանգուցալուծումից առաջ» վերնագրի տակ «Իրավունք» թերթի մեկնաբանը գրում է. - «Արդեն պարզ է, թե ովքեր են բռնություն գործադրելու նաեւ ապրիլի 9-ին կայանալիք ընդդիմության միասնական հանրահավաքին ու դրանից հետո՝ արտաքնապես իբր իշխանությունների հետ կապ չունեցող, բայց իրականում ուժային կառույցների բարձրաստիճան սպաների կողմից անմիջապես հրահանգավորվող թիկնազորայիններ... Հավանաբար դրանց, ինչպես անցյալ տարի, կավելանան նաեւ թմրադեղերի եւ խմիչքի ազդեցություն տակ գտնվող, մետաղաձողերով ու սառը զենքով զինված քրեական տարրեր, որոնց մի մասը, հավանաբար, հենց այդ գործողություններին մասնակցելու համար «արձակուրդ» կստանա կալանավայրերից»: «Ամեն դեպքում, «մարտերի» ելքը դեռեւս անկանխատեսելի է», - նշում է մեկնաբանը: - «Եթե ընդդիմությունը պարտություն կրի, ապա ամենահավանական զարգացումն է կառավարության, իսկ մայիսին նաեւ խորհրդարանի լուծարումն ու սակարկությունների ու խարդավանքների մի երկար շարան, որի նպատակն է խորհրդարանական տոկոսները եւ նախարարական ու այլ պորտֆելները բաժանելը»:

«Հայոց աշխարհ» թերթն այսօր ընդդիմադիրներին առաջին էջին պատկերել է «Մի դատիր, որ չդատվես» մակագրություն-ակնարկով, իսկ երեկվա ասուլիսն ու հանրահավաքը տեղադրել է «Փրկիչների ուղեղներում շիլաշփոթ է», ««Նաիրի» կինոթատրոնը ցուցադրում է Գեղամյանի թրիլլերը» վերնագրերի տակ:

«Եթե մի բան «կայուն» է մեր երկրում, ապա դա իշխանության քարոզչական շտամպերի զինանոցն է», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը: - «Արդեն առնվազն 12 տարի է, ընդդիմության ցանկացած ակտիվացմանը հակադրվում է երկու փաստարկ. ա) այդ ակտիվացումը ձեռնտու է Ադրբեջանին, ջուր է լցնում մեր հակառակորդի ջրաղացին եւ մեծացնում է պատերազմի վերսկսման վտանգը, բ) այդ ակտիվացումը խախտում է կայունությունը, խոչընդոտում է ներդրումներին, տնտեսական զարգացմանը եւ այլն: Առաջին փաստարկը դժվար է դիմանում քննադատության. անկախ Հայաստանի պատմության մեջ եղել են պահեր, երբ նույնիսկ պատերազմի ժամանակ ընդդիմությունը շատ ավելի ագրեսիվ ձեւով էր պայքարում իշխանության դեմ, բայց ռազմի դաշտում հաջողություններ գրանցվում էին: Այսօր պատերազմի վերսկսման վտանգ, անշուշտ, կա, բայց դա Հայաստանում անցկացվող հանրահավաքների հետ որեւէ կապ չունի: Երկրորդ փաստարկի հետ կարելի է եւ համաձայնել: Պարզապես այստեղ խառնվել են պատճառն ու հետեւանքները: Իրավիճակն իսկապես անկայուն է եւ լարված, բայց դրա պատճառը մեկն է. 2003 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ցավոք, չի կարողացել վերընտրվել նախագահի պաշտոնում»« - շեշտադրում է «Առավոտ»-ը: Ինչ վերաբերում է հանգուցալուծմանը, «Առավոտ»-ի կանխատեսմամբ, առավել հավանականը «ստատուս քվո»-ի պահպանումն է՝ ձերբակալությունների եւ «մենթական» ու «թիկնապահական» բռնությունների միջոցով:

«Փնթի, ցուցադրական ակցիա» է «Ազգ» թերթը որակել անցած շաբաթավերջին Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից երեւանյանի մի խումբ լրատվամիջոցների այցի կազմակերպումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտի: «Հեռուստառեպորտաժների ոճը հուշում էր, որ ակցիան հետապնդում էր զուտ ներքաղաքական նպատակ», - գրում է «Ազգ»-ի մեկնաբանը։ - «Տեղի՞ն էր արդյոք կանխավ բանակին ներքաշել ներքաղաքական պայքարի մեջ։ Իսկ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Բալասանյանի մեկնաբանությունը, թե Հայաստանում իշխանափոխության դեպքում բանակը չի ենթարկվի իշխանություններին, ուղղակի չի տեղավորվում տրամաբանության սահմաններում եւ չափազանց վտանգավոր է»։ Մեկնաբանի դիտարկմամբ, պաշտպանության նախարարության ակցիան «կարող է ունենալ հակառակ ազդեցությունը, տեսե՛ք, նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքերն այնքան են խախուտ, որ փրկության վերջին հույսը բանակն է»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG