Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ապրիլի 9-ից սկսում է «քաղաքացիական զանգվածային բողոքի ակցիաներ»


Երկուշաբթի օրը «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» ղեկավարներ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը տարածել են համատեղ հայտարարություն՝ վերահաստատելով «համաժողովրդական պահանջների կատարմանն ուղղված գործընթացները գլխավորելու» վճռականությունը:

«Ապօրինի վարչախմբի հեռացման, Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման եւ օրինական իշխանության ձեւավորման» նպատակով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում ընդդիմադիրները սկսում են «Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական զանգվածային բողոքի ակցիաներ»: Վկայակոչված է Սահմանադրության 26-֊րդ հոդվածը, որը վերաբերում է խաղաղ երթեր, հանրահավաքներ անցկացնելու իրավունքին:

Ի պատասխան Դաշնակցության Գերագույն մարմնի այսօր տարածած հայտարարությանը՝ համաձայնության հասնելու հնարավոր մեխանիզմի առաջարկներով, Ստեփան Դեմիրճյանն ասաց. - «Ինչ երկխոսության մասին է խոսքը, երբ զանգվածային ձերբակալություններ են իրականացվում՝ խունտային բնորոշ գործողություններ: Երկխոսության շանս էր վստահության հանրաքվեն, Սահմանադրական դատարանի որոշման կատարումը»:

«Արդարություն» դաշինքի առաջնորդը ասաց, որ դեռեւս «կորած չէ այդ շանսը». - «Մեծ ցանկության դեպքում կարելի է այդ հարցը մտցնել օրակարգ եւ ընդունել»:

«Մենք հասկանում ենք Դաշնակցության մտահոգությունը: Իսկապես իրավիճակը լարված է երկրում, Բայց ընդդիմության պայքարը երբեւէ չի եղել մի քանի պորտֆելի համար: Մեր հարցադրումը շատ հստակ է՝ երկրում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը», - ասաց Դեմիրճյանը:

Արտաշես Գեղամյանի պնդմամբ՝ երկխոսության փորձերը «բլեֆ են ու դրսի համար են»: Իրական երկխոսության մեկնարկային կետ կարող էր լինել, եթե «մասնավորապես այսօր Մատենադարանից հետ կանչեին ոստիկանությանը, իրենք գային մեզ հետ միասին, ինչպես կար մեր հրավերում, մասնակցեին Երեւան քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը: Բարի կամք դրսեւորեին եւ ոչ թե փորձեին Նոր Հաճընի կամուրջը փակել, Աշտարակի կամուրջը փակել, փակել Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհները»:

Նշվեց, թե, ի տարբերություն իշխանությունների, ընդդիմությունն ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքն ունի:
Իսկ եթե բանը հասնի նրան, որ գլխավոր դատախազը Ազգային Ժողովում միջնորդությամբ հանդես գա՝ պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու համաձայնություն ստանալու համար, Արտաշես Գեղամյանը նախ վստահություն հայտնեց, որ «մեղադրանքը շինծու է լինելու», եւ շարունակեց. - «Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում անպայմանորեն պիտի գոնե մի քանի օր նստես, որ գաս իշխանության»:

Իշխանությունները, մինչդեռ, զանգվածաբար ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկում ընդդիմության ակտիվիստների: Երեկ երեկոյան ձերբակալվել էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Ինչպես «Ազաատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը, Սուրենյանցին առայժմ որեւէ մեղադրանք չի առաջադրվել, նա այս պահին գտնվում է Երեւանի ժամանակավոր պահման մեկուսարանում: Սուրեն Սուրենյանցը կասկածվում է փետրվարի 28-ին Շենգավիթի համայնքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իշխանությունների ներկայացուցիչներին հրապարակայնորեն վիրավորելու, ինչպես նաեւ բռնությամբ սահմանադրական կարգը փոխելու մասին հրապարակային ելույթներ ունենալու համար:

Վերջին երեք օրերի ընթացքում «Արդարություն» դաշինքի մի քանի տասնյակ ակտիվիստների՝ հատկապես ՀԺԿ-ից եւ «Հանրապետություն» կուսակցությունից, Երեւանում եւ մարզերում ոստիկանություն են տարել. շատ քչերին են մի քանի ժամ զրուցելուց հետո բաց թողել, մեծ մասը դեռ ոստիկանությունում են:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի խոսքերով, ոստիակնոթւյան բաժանմունքներ են տարվել շուրջ 40 հոգի՝ հիմնականում տարածքային կառույցների ղեկավարներ: Այսօր առավոտյան կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանին բերման է ենթարկել Արաբկիր համայնքի ոստիկանությունը: Բոլոր կալանվածներին ոստիկանություն են տանում առանց փաստաթղթային հիմնավորման, առանց որեւէ գրություն ներկայացնելու:

Միայն «Արդարություն» դաշինքից 67 ակտիվիստ է տարվել ոստիկանություն, նրանց մի մասին բաց են թողել պրոֆիլակտիկ նպատակներով զրույցից հետո, մի մասը դեռ ոստիկանությունում է:

«Ազգային միաբանություն» կուսակցությունից ժամանակավոր ու առանց հիմնավորելու մեկուսացվել են ավելի քան 120 ակտիվիստ: Իսկ Մատենադարանի մոտ հանդիպումից հետո էլ առանց համարանիշի միկրոավտոբուսներով բռնի ուժով ոստիկանություն են տարել հանդիպման մասնակից 51 ակտիվիստի:

Մեկնաբանելով ձերբակալությունները, Ստեփան Դեմիրճյանը այսօր լրագրողներին ասաց, որ դա վկայում է, որ երկրում չափազանց լուրջ իրավիճակ է ստեղծվել: Սակայն դա չի նշանակում, թե այդպիսով իշխանությունները կարող են կոտրել ընդդիմության կամքը, ընդհակառակը՝ «արագացվելու է վարչախմբի հեռացումը»:



Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG